Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ…

Դեկտեմբեր 02,2010 00:00

Երեկ Աստանայում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթաժողովում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախկինի պես շարունակում է մեծ վտանգ պարունակել աշխարհի եւ տարածաշրջանի անվտանգությանը»,- Աստանայում գտնվող news.am-ի թղթակցի փոխանցմամբ, հայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: 1 միլիոն մարդ փախստական է դարձել: Նրանք ռազմական հանցագործություններ են իրականացրել Խոջալուում: Անմեղ զոհերի թվում 100 երեխա կա»,- ասել է Ալիեւը: Նա նաեւ ընդգծել է, թե «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», եւ որ Հայաստանը շարունակում է ուժ կիրառել, բայց «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը՝ հուսալով, որ այն արդյունք կտա»: Ալիեւի ասելով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային սկզբունքների եւ փաստաթղթերի հիման վրա. «Բայց Հայաստանը՝ հակամարտությունը կարճ ժամկետներում լուծելու փոխարեն, նախընտրում է իրավիճակի թեժացումը՝ անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը, փոփոխելով մեր քաղաքների եւ տեղանքների անունները, քանդելով մեր հուշարձանները»: Ալիեւը որպես դրա ապացույց մատնանշել է հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի առաքելության հաշվետվությունը, որտեղ այդ փաստերը, նրա ասելով, արձանագրված են: Ալիեւի համոզմամբ, Հայաստանը չի ձգտում խաղաղության եւ հակամարտության լուծման: «Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է՝ երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն: ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է, որ անարդյունավետ բանակցություններ է վարում: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ արդյունքի հասնել միջազգային սկզբունքների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել