«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից է եւ մեկ տասնամյակից ավելի դիտարկել է մեր երկրում բոլոր մակարդակների ընտրությունները՝ դիմել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի կապակցությամբ: «Մեզ համար մտահոգիչ է հատկապես վերոհիշյալ օրինագծի հոդված 31-ի 1-ին կետի 1-ին ենթակետը, որը սահմանում է դիտորդների՝ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցկացնելու եւ որակավորման վկայականներ ստանալու օրենսդրական պարտադրանքը,- գրում է ՀԿ-ն՝ թվարկելով, որ օրինագծում ընդհանրապես հիշատակված չէ, թե ո՛վ կամ ի՛նչ իրավասու կառույց պետք է անցկացնի այդ մասնագիտական դասընթացները, եւ ո՛վ է իրավասու պաշտոնապես ուսուցանված լինելու վերաբերյալ վկայականներ տալ:- Պարզ չէ, թե ինչ միջոցներով, ինչ ժամկետներում պետք է անցկացվեն այդ ուսուցումները»:
Նշված է նաեւ, որ իրենց շուրջ 4000 դիտորդների համար կազմակերպությունն անցկացնում է ուսուցումներ: Սակայն հավելված է. «Ոչ մի երկրում (այդ թվում նաեւ ԱՊՀ երկրներում) դիտորդների ուսուցումն օրենքով չի պարտադրվում: Ընտրագործընթացների դիտարկման միջազգային փորձում նման պրակտիկա գոյություն չունի եւ չի կարող ունենալ»: Հարց է առաջադրված, թե ինչո՞ւ օրինագծում, «որն այդքան կարեւորում է դիտորդների ուսուցանումը, ոչ մի խոսք չկա վստահված անձանց ուսուցանման ու վկայագրման մասին՝ այն դեպքում, երբ վստահված անձինք ավելի լայն իրավասություններով են օժտված»: Եվ ըստ իրենց զեկույցների՝ բազմաթիվ են վստահված անձանց կողմից թույլ տված սխալները, խախտումները եւ իրենց իրավասությունների չարաշահումները, «որոնց զգալի մասը գալիս է ընտրական օրենսդրության չիմացությունից»: «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն առաջարկում է վերանայել այդ դրույթը. «Ուսուցումը, մեր համոզմամբ, կարող է խրախուսվել, սակայն ո՛չ օրենքով պարտադրվել»: