Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պահման ռեժիմը խստացվել է

Դեկտեմբեր 02,2010 00:00

Պաշտոնապես լրագրողին «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելը պատճառաբանվում է նրա՝ «պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտմամբ»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման եւ նրան ազատ արձակելու պահանջը շարունակում է մնալ հայաստանյան, այսպես ասենք՝ առաջադեմ, լրագրողական ու մտավորականության ոչ փոքրաթիվ շրջանակի օրակարգում:

Հիշեցնենք, որ այս պահանջով աննախադեպ ու ապաքաղաքական ակցիան մեկնարկեց մամուլի եւ էլեկտրոնային կայքերի ավելի քան մեկ տասնյակ ղեկավարների հայտարարությամբ, ինչին հաջորդեց նույն պահանջով հայաստանյան, ապա նաեւ՝ սփյուռքաբնակ մտավորականների՝ ընդհանուր առմամբ շուրջ 200 ստորագրություն պարունակող հայտարարությունների հրապարակումը: Ավելի ուշ այդ պահանջին, թեեւ ավելի մեղմ կամ լղոզված ձեւակերպումներով, միացան նաեւ ստեղծագործական մի քանի միությունների նախագահները, որոնք իշխանություններին «միջնորդում» էին Փաշինյանի նկատմամբ անկողմնակալ մոտեցում ցուցաբերել:

Երեկ Փաշինյանին ազատ արձակելու, իսկ մինչ այդ՝ նրա անվտանգությունն ապահովելու հորդորով հանդես են եկել նաեւ ՀՀ ԳԱԱ տասնյակ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ՝ թվով 34 հոգի: «Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես՝ մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սեւեռված է ազատազրկման մեջ պահվող, լրագրող («ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա: Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը եւ ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի՝ խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները: Եվ անկախ նրանից՝ կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները, թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը եւ լուծում տալ խնդրին: Հորդորում ենք նաեւ համապատասխան մարմիններին մինչ այդ խստագույնս ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը՝ թույլ չտալով որեւէ ոտնձգություն նրա անձի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Բայց տպավորությունն այնպիսին է, որ լրագրողի անվտանգությունն ապահովելու եւ նրա ազատ խոսքի իրավունքը հարգելու պահանջը իշխանությունները յուրովի են հասկանում՝ խստացնելով նրա պահման պայմաններն ու ռեժիմը:

Ահավասիկ, նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները բավարար չհամարելով մինչ այդ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող Փաշինյանի նկատմամբ, իբր, նրա ունեցած տույժերի պատճառով 15 օրով պատժախուց տեղափոխելու որոշումը՝ հիմա էլ նրան տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ նա կպահվի փակ ռեժիմի տակ: Մինչեւ երեկ դրա հիմնավորումների ու պատճառների մասին որեւէ հոդաբաշխ բացատրություն չկար. ոչ պաշտոնապես «Կոշ»-ում ասում էին, թե դա արվել է՝ ելնելով նրա անվտանգության ապահովման նկատառումներից: Երեկ, սակայն, պաշտոնապես՝ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության համաձայն, հաստատվել է մտավախությունը, թե՝ Փաշինյանին դրանով, ըստ էության, եւս մեկ անգամ պատժի են ենթարկում:

«Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ: Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի՝ «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով»,- ասված է ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի հաղորդագրության մեջ, որում դեռ կոչ է արվում ձեռնպահ մնալ Փաշինյանի նկատմամբ կիրառված «իրավաչափ եւ պարզ գործառույթը քաղաքականացնելուց»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, մարտ, 2010թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031