Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ»

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"«Առավոտի» բացառիկ հարցազրույցը պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ

– Պարոն Գասպարյան, եկեք սկսենք բանակում վերջին ամենաաղմկահարույց միջադեպից, երբ ԼՂՀ-ի պաշտպանական դիրքերում սպանվել է 4 զինծառայող եւ նույնքան մարդ վիրավորվել է:
– Գործը ամբողջությամբ բացահայտված է: Զինծառայող Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդ որում՝ փորձում է «հերոսանալ» եւ չի զղջում իր կատարած ոճրագործության համար: Վիրավոր զինվորներից երկուսը, իրարից անկախ, իրենց ցուցմունքներում հաստատել են նախաքննության վարկածը: Երրորդ վիրավորը նույնպես, Աստծո օգնությամբ, մոտ օրերս կսկսի խոսել: Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հազրոյանը, պատասխանատվությունից խուսափելու համար, կատարվածը ներկայացնում էր իբրեւ հակառակորդի դիվերսիոն գործողություն, բայց իմանալով, որ երեք զինծառայող ողջ են մնացել, փոխեց իր ցուցմունքը՝ մոտենալով ճշմարտությանը: Իմ կարծիքով, որոշ դետալներում նա ամբողջ ճշմարտությունը չի ասում, բայց դա քննիչների, փաստաբանների, իսկ այնուհետեւ նաեւ՝ դատարանի խնդիրն է: Անձամբ ինձ համար այս գործում մութ տեղեր չկան: Իհարկե, պետք է կատարվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, վիրավորները պետք է ապաքինվեն, որից հետո գործը կուղարկվի դատարան:
– Իսկ դրվա՞ծ է արդյոք զորամասի հրամանատարների պատասխանատվության հարցը:
– ԼՂՀ պաշտպանության բանակում կատարվում է ծառայողական քննություն, որը կպարզի բոլորի պատասխանատվության չափը: Բայց ուզում եմ շեշտել, որ այս ողբերգությունը չի ունեցել նախապատմություն, չի եղել ծեծ, ստորացում, չեն եղել հին հաշիվներ, վրեժ: Դեպքերը զարգանում էին շատ արագ, դինամիկ, իսկ պատճառը դատարկ էր ու չնչին: Սակայն չմոռանանք նաեւ, որ այդ ամենը տեղի է ունեցել շփման գծում՝ դրան հատուկ հոգեբանական լարվածությամբ:
– Անցած ամիս զինծառայող է սպանվել նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում: Խոսքը Ռոբերտ Ավետիսյանի մասին է:
– Ի տարբերություն Ձեր նշած նախորդ դեպքի, այստեղ դեռեւս աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու: Ես քննիչ չեմ եւ կարող եմ արտահայտել միայն իմ՝ փոխնախարարի կարծիքը՝ չփորձելով, սակայն, խախտել որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: Արդյոք պահակակետերում կանգնած զինվորները իսկապե՞ս չէին հասկանում, թե ով է գալիս, ու այդ պատճառով էին կրակ արձակել եւ, հետեւաբար, արդյոք դա ծառայողական կանոնների խախտո՞ւմ էր, թե՞ սպանություն՝ այդ հարցերի հստակ պատասխանը պետք է տա հետագա քննությունը:
– Իրավապաշտպան Արթուր Սաքունցի տվյալներով, այս տարի բանակում մահվան ելքով ավարտված 44 միջադեպերից միայն 7-ն են արդյունք դարձել հակառակորդի գործողությունների: Կարո՞ղ եք մեկնաբանել այդ թիվը:
– Այս պահին ես չեմ կարող տալ տարվա ամփոփումը, հունվարի սկզբին մենք կներկայացնենք ամբողջական տվյալների վերլուծությունը եւ դրա համեմատությունը նախորդ տարվա հետ՝ բաժանելով ժամկետային եւ պայմանագրային ծառայողներին, զինվորներին եւ սպաներին, ծառայության հետ կապված եւ չկապված դեպքերը եւ այլն: Իսկ իրավապաշտպաններին ես խորհուրդ կտայի որեւէ բան հայտարարելուց առաջ խորանալ իրավական եւ բուն բանակի խնդիրների մեջ: Ես չեմ կարծում, որ արտասահմանյան դրամաշնորհներով ապրելը ինքնին ենթադրում է պրոֆեսիոնալիզմի, պարկեշտության կամ հայրենասիրության ավելի բարձր մակարդակ: Չեմ կարծում նաեւ, որ «գրանտի» չափը կախված է նրանից, թե որքան սեւ գույներով կներկայացվի իրականությունը: Համենայնդեպս, հուսով եմ, որ այդպես չէ:
– Լրագրողները եւ իրավապաշտպանները բողոքում են նաեւ, որ բանակում կատարված դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվությունը հաղորդվում է ուշացումով, ինչը կասկածների տեղիք է տալիս:
– Ձեր այդ կասկածները բացարձակապես անհիմն են: Պաշտոնապես հայտարարում եմ. բանակում ոչ մի միջադեպ չի կոծկվելու, եւ ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնալու: Եկեք փորձենք իրար հասկանալ՝ դա է ամենակարեւորը: Ես ձեզ հասկանում եմ. ձեզ՝ լրատվամիջոցներիդ պետք է շուտ իմանալ փաստի մասին եւ որքան հնարավոր է՝ արագ հաղորդել՝ առաջ անցնելով մրցակիցներից: Ոմանց էլ պետք է քաղաքական, գրանտային, նյութական, անձնական պատճառներով բանակում կատարված դեպքերը շահարկել՝ իրականությունը խեղաթյուրելով: Հիմա ես բացատրեմ, թե մենք ինչպես ենք աշխատում, որ դուք հասկանաք՝ ուշացումով հայտնելը իմ քմահաճույքը չէ: Բանակում տեղի է ունենում միջադեպ: Պարզելու համար, թե ինչ է կատարվել, այստեղից՝ Երեւանից, պարտադիր պետք է համապատասխան մասնագետներ մեկնեն դեպքի վայր: Դուք չեք ուզում, չէ՞, որ մենք չճշտված, ոչ ստույգ տեղեկատվություն հայտնենք: Դեպքի վայր հասնելու համար պետք է առնվազն մեկ ժամ՝ կախված հեռավորությունից, դա կարող է լինել մի քանի ժամ: Եթե միջադեպը տեղի է ունեցել գիշերը կամ շփման գծի մոտակայքում՝ դա էլ հավելյալ ժամանակ է խլում: Միայն որոշ քննչական գործողություններից հետո ենք մենք իմանում իրադարձությունների նախնական պատկերը: Բայց դա դեռ ամբողջը չէ. եթե միջադեպը լուրջ է, մենք, տեղեկատվություն հայտնելուց առաջ, պետք է ապահովենք դրա մասնակիցների հարազատների անվտանգությունը: Ինձ թվում է, եթե մարդը իրեն նվիրել է իրավապաշտպանությանը, այդ տարրական ճշմարտությունը նա պետք է իմանա. մենք չենք կարող թույլ տալ, որ մի ողբերգություն պատճառ դառնա այլ ողբերգությունների: Ահա եւ ստացվում է, որ միջադեպի եւ տեղեկատվությունը տարածելու միջեւ ժամանակահատվածը տեւում է մի քանի ժամից մինչեւ մեկ օր: Այլ կերպ չի կարող լինել եւ չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք ինչ-որ բան թաքցնել կամ ինչ-որ մեկին պատասխանատվությունից ազատել: Կրկնում եմ եւ խնդրում եմ դա գրել խոշոր տառերով. ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ՝ անկախ նրանից, թե ով է այդ հանցագործությունը կատարել:
– Մեր գործընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի դեպքի մասին: Հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել:
– Չեմ ուզում այդ դեպքի վերաբերյալ երկար ծավալվել՝ նոր կրքեր չբորբոքելու համար: Կարող եմ ասել միայն, որ Արտակը կիրթ, դաստիարակված սպա էր: Կարող եմ վստահեցնել նաեւ, որ գործը քննողներին հրահանգ է տրված որեւէ վարկածի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չդրսեւորել: Եվ վերջապես, ինչպես այդ դեպքում, այնպես էլ ցանկացած պարագայում բոլորը պետք է հաստատ իմանան. եթե արյուն է թափվել, ոչ մեկ չի կարողանա այդ արյունը մարսել:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել