Զրուցակիցս 21-ամյա ֆրանսահայ Գոռ Հարությունյանն է, ով օրերս Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում անցկացված ընդհանուր մենամարտերի շրջանակներում միավորների 30:27 առավելությամբ 70 կգ քաշային կարգում հաղթեց ռուսաստանցի Միխայիլ Մալյուտինին՝ նվաճելով ProFC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:
Ծնվել է Վանաձորում՝ խոհարարի եւ ինժեների ընտանիքում, այժմ ծնողների եւ եղբոր հետ ապրում է Ֆրանսիայի Բանզեն քաղաքում: Ավարտել է Ֆրանսիայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ըմբշամարտի մարզչական բաժինը: Հիմա մարզական եւ մարզչական բուռն գործունեություն է ծավալում:
– Ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս սկսեցիր մարզական գործունեությունդ:
– Չորս տարեկանից Վանաձորում զբաղվել եմ սպորտով՝ բռնցքամարտ, կարատե, լող, ըմբշամարտ, մարմնամարզություն: 11 տարեկանում Լոռու մարզում անցկացված ըմբշամարտի մրցումներում հաղթեցի ու մեկնեցի Ֆրանսիա՝ նոր մրցումների: Այնտեղ մարզվելու առաջարկ ստացա: Այդպես մնացինք Ֆրանսիայում:
– Ֆրանսիայում ապրելն ավելի հե՞շտ է:
– Հայաստանում անցկացրածս մանկությունից հիշում եմ, թե ինչ անհոգ ու զվարթ եմ եղել, բակում ֆուտբոլ եմ խաղացել, չարաճճիություններ արել: Իսկ պատանեկությունս, որ անցել է Ֆրանսիայում, շատ դժվար է եղել՝ նոր միջավայր, անծանոթ երկիր, անծանոթ մարդիկ: Տասներեք տարեկանից էլ գնում էի ուսումնամարզական հավաքների: Դա մեր տնից 200 կմ հեռու էր: Տարվա մեջ երեք անգամ էի տնեցիներին տեսնում: Կարող եմ ասել, որ մասամբ ինքնուրույն եմ մեծացել: Հետո էլ անընդհատ քաղաքից քաղաք էի տեղափոխվում, միայն անցած տարի է, ինչ վերադարձել ու հաստատվել եմ ծնողներիս մոտ՝ Բանզենում:
– Ֆրանսիան որքանո՞վ նպաստեց մարզական կարիերայիդ:
– Հայաստանում սպորտին ավելի մեծ տեղ են հատկացնում, քան Ֆրանսիայում: Այստեղ ճանաչում ու գնահատում են մարզիկներին, իսկ այնտեղ այդպիսի ուշադրություն չկա: Բայց որ երկրում էլ լինես, միեւնույն է, աշխատանքը միշտ գնահատվում է: Ես շատ եմ աշխատել ու կարող եմ վստահաբար ասել, որ իմ ուժերով շատ բան եմ հաղթահարել: Եթե այսօր թե ֆրանսիացի, թե հայ մարզասերներն ինձ ճանաչում ու սիրում են, ուրեմն աշխատանքս գնահատվել է:
– Ֆրանսիայում մարզական ի՞նչ հաջողությունների ես հասել:
– Ֆրանսիայի բազմակի չեմպիոն եմ ըմբշամարտից, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տեղն եմ զբաղեցրել, միջազգային մրցումների հաղթող եմ, ընդհանուր մենամարտերից վեց մարտ եմ ունեցել, վեցում էլ հաղթել եմ: Օրեր առաջ էլ իմ հայրենիքում նվաճեցի ProFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Ինչի հասել եմ, հասել եմ Հայաստանի դրոշի ներքո
– Վերջին մարտդ շատ լարված անցավ: Մրցակիցդ շարունակ կոտրող եւ խեղդող հնարքներ էր փորձում: Բայց դու չէիր հանձնվում:
– Մրցակիցս՝ Միխայիլ Մալյուտինը, ուժեղ եւ փորձառու մարզիկ է, անցկացրել է 30 մենամարտ եւ, որքան գիտեմ, 27-ում հաղթել է: Նա էլ ինձ պես հաղթելու նպատակ ուներ: Արժանի հակառակորդներ էինք: Նա ուժեղ էր, բայց ոչ ամենաուժեղը: Բացի այդ, ես եկել էի հաղթելու համար, առավել եւս իմ հողի վրա: Ինձ տրամադրել էի, որ անկախ ամեն ինչից, չեմ հանձնվելու՝ կխեղդվեի, կկոտրեի ձեռքս, ոտքս, բայց ինձ այդքան ոգեւորող ժողովրդին չէի հիասթափեցնի:
– Առաջիկայում ի՞նչ մարտերի ես պատրաստվում:
– Դեկտեմբերին նոր մարտ է նշանակված, բայց մրցակցիս մասին առայժմ ոչինչ չգիտեմ:
– Սպորտից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես:
– Էլի սպորտ: Ամբողջ օրը մարզվում եմ, ազատ ժամանակս էլ, եթե լինում է, անցկացնում եմ ընկերներիս եւ ընտանիքիս հետ:
– Անձնական կյանքում ծրագրեր չկա՞ն:
– Ամուսնացած չեմ, ընկերուհի չունեմ: Ամռանը կգամ Հայաստան՝ աղջիկ ընտրելու: Որոշել եմ՝ կինս հայ պետք է լինի:
– Ֆրանսուհիներին չե՞ս հավանում:
– Դուրս գալիս են, բայց հայուհիներն ուրիշ են:
– Ունե՞ս կնոջ իդեալ:
– Իդե ալ չունեմ, բայց հաստատ գիտեմ՝ կինս պետք է կին լինի:
– Այսինքն՝ պիտի սպորտի բնագավառից հեռո՞ւ լինի:
– Թող զբաղվի սպորտով, ես դեմ չեմ լինի, բայց, անկախ ամեն ինչից, նա ինձ համար պետք է լավ կին ու կողակից լինի, երեխաներիս համար՝ բարի եւ հոգատար մայր: Կնոջ դերն ընտանիքում շատ կարեւոր է, այնպես որ՝ ընտանիք կազմելու հարցին շատ լուրջ եմ վերաբերվում:
– Ֆրանսիա վերադառնալուց առաջ ի՞նչ կասես:
– Շատ եմ սիրում Հայաստանը, կարոտում եմ հայերին: Շատ շնորհակալ եմ նոյեմբերի 21-ին ստացածս ջերմության եւ ուժի համար: Բոլոր հաղթանակներս նվիրում եմ Հայաստանին ու հայերին: