Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հետ համագործակցությունը գտնվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Քսաներորդ դարասկզբի ոճրագործությունը ճանաչելու եւ դատապարտելու գործընթացում ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մեկ տարում հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ է համալրվել նաեւ Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով: Եզակի սկզբնաղբյուր հանդիսացող այդ գրականությունը բերվել է տարբեր երկրներից եւ ներկայացնում է ոչ միայն համայն հայության, այլեւ քաղաքակիրթ աշխարհի բողոքի ձայնն ընդդեմ մարդկության դեմ իրականացված ոճրագործության: Թերեւս այդ նմուշների շարքում պետք է առանձնացնել ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի «Նամակներ Կիլիկիայից» աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերյալ: Թանգարանային եւ ցուցադրության միավորների՝ գրքերի, նամակների, նկարների եւ այլ նմուշների ձեռք բերման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգարանային, այլեւ ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը: «Կիլիկյան» մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնության արդյունքն է: Արդեն լույս է տեսել Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ եւ հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրությունը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում (1913թ.):