Կամ՝ կյանքը հակադրությունների մի ամբողջ աշխարհ
Վերջերս լրացավ անվանի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի ծննդյան 83-ամյակը: Ծաղրանկարը նրա համար արվեստի բանականությունն է, այն արթուն ձայնը, որը միշտ աղաղակում է ճշմարտությունը, խարազանում է կեղծիքը, սուտը եւ բարյացակամ ժպիտի կամ գեղեցիկ արտաքինի տակ թաքնված կեղծ բարեպաշտությունն անմիջապես հօդս է ցնդում նրա ձեռքի մի քանի արագ շարժումների արդյունքում ծնված գծերի միահյուսումից։
Նկարելու անհագ ձգտումը նրա մեջ դրսեւորվել է դեռեւս դպրոցական տարիներին՝ վերջին նստարանին նստած, մատիտը ձեռքը գաղտագողի նկարում էր մերթ համադասարանցիներին, մերթ ուսուցչին՝ մոռանալով շուրջն ամեն ինչ, բայց ամեն անգամ զայրացած ուսուցիչը նրան ետ էր բերում այդ ինքնամոռացումից։ «Մի անգամ էլ, երբ սովորականի նման դարձյալ վերջին նստարանին նստած նկարում էի, ուսուցիչը կանչեց դաս պատասխանելու։ Գլխիկոր կանգնեցի, բայց ոչինչ չգիտեի։ Ընկերներս սկսեցին հուշել՝ նեոն, արգոն, նեյտրոն, հետո մեկն էլ ասաց՝ յասոն, ես էլ համարձակ կրկնեցի յասոն ու զարմանքով նկատեցի, թե ինչպես զայրույթից այլայլվեց ուսուցչի դեմքը։ Հաջորդ վայրկյանին ես արդեն դռներից դուրս գտա ինձ։ Պարզվեց, որ Յասոնը ուսուցչիս անունն էր՝ Յասոն Իվանովիչ»,- պատմում է վարպետը:
Յարալյանի մեծագույն երազանքն էր ընդունվել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը, սակայն, ինչպես ասում են, դա չէր կանխորոշված նրա համար, դա չէր նրա ապագա ճանապարհը։ Յարալյանին կարծես չէր հրապուրում գեղանկարչությունը, նա անընդհատ ծաղրանկարներ էր նկարում, քանզի գեղանկարչության սահմանները չափազանց սահմանափակ էին նրա համար։ Շարունակում էր ծաղրանկարներ նկարել։ Կյանքը հակադրությունների մի ամբողջ աշխարհ էր, ուր յուրաքանչյուր վայրկյան նրա աչքի առաջ բախվում էին բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, գիտությունն ու տգիտությունը, լույսը ու ստվերը, եւ առանցքում՝ ճշմարտության ու ստի հավերժական պայքար։
Յարալյանը հասկանում էր, որ հակադրությամբ այդ շղթան իր ողջ գեղեցկությամբ ու տգեղությամբ, իր ողջ մերկությամբ կարող է ցույց տալ միայն գծի օգնությամբ: Ու հաջորդ տրամաբանական քայլը եղավ գրաֆիկայի բաժին տեղափոխվելը։ 1953 թվականին նա հաջողությամբ ավարտում է ինստիտուտը։ Նրա ավարտական դիպլոմային աշխատանքը եղել է «Կորչեն պատերազմի հրձիգները», «Եղիր զգոն», «Մի առնետի պատմություն» քաղաքական պլակատները, որոնք մեծ հավանության են արժանացել։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, քաղաքական, կենցաղային եւ մտերմական շարժերով ծաղրանկարներով հանդես է եկել մամուլի էջերում, ձեւավորել է 450 գիրք:
Հեղինակը հաճախ իր հերոսներին դնում է ծիծաղելի ու միաժամանակ տխուր իրավիճակներում։ Նրա առջեւ երբեմն դրվում են դժվարին խնդիրներ։ Գեորգի Յարալյանը փորձում է սովորեցնել՝ ասել միայն ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունից բարձր միայն ճշմարտությունն է։ Մտահղացման առումով հետաքրքրական է «Հանելուկների աշխարհում» գիրքը, որում նկարիչը կիրառում է կոմպոզիցիոն ու պատկերային նոր լուծումներ, հնարքներ։
Օրինակ, «Ծածկաժպիտներ» գիրքը դիտելիս զարմանում ես՝ որտեղ է թաքնված ժպիտը։ Զարմանում ես ակամա, եւ զարմանքը դառնում է հիացական, երբ երգիծանկարիչը ներողամիտ ժպիտով պատկերը շրջում է գլխիվայր՝ այ քեզ զարմանք, ողբացող կերպարը մի ակնթարթում կերպարանափոխվում է, սկսում է ժպտալ՝ կարծես դիտողին էլ ներքաշելով լայնաթոք ժպիտի ու ծիծաղի այդ կախարդական աշխարհը, որը հյուսում է հմուտ երգիծանկարիչը սեւ գծերի ու գունեղ, հնչեղ, հրապուրիչ գույների արագ միահյուսումից։ Սեւ գծերն ու բազմազան գույները միաձուլվում են, եւ ծնվում է Յարալյանի հեքիաթը։ Գիրքը ստիպում է մտածել, փնտրել՝ «Ի՞նչ տառեր են», «Ի՞նչ կենդանիներ ու գազաններ են նկարված այստեղ», «Նա ինչի՞ մասին է խոսում», «Իր գիծն է ավելի երկար». «Ի՞նչ կինոնկար են դիտում»։ Յարալյանը ստեղծում է 20-րդ դարի ծաղրանկարչության հանրագիտարան: Նա համարվում է ՀՀ լավագույն ծաղրանկարիչներից մեկը: