ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը վստահ է, որ Սունդուկյան թատրոնի բեմը հանաք-մասխարություն անելու համար չէ:
«Իմ կյանքում երբեք պարապուրդ չեմ ունեցել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանն ու հավելեց, որ պատահել է երկու տարի նոր դեր չի ունեցել:
«Երբեք չեմ ընկել քանակի ետեւից, ինչ է թե շատ դերեր խաղամ: Թեպետ տպավորություն կա, որ բոլոր ներկայացումներում ես կամ: Սունդուկյան թատրոնի խաղացանկային ներկայացումներում ընդամենը վեց ներկայացման մեջ եմ զբաղված: Իմ կենսագրության մեջ ավելի շատ են այն դերերը, որոնցից հրաժարվել եմ, քան նրանք, որոնց համաձայնվել եւ խաղացել եմ»,- ասում է Տ. Ներսիսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ է դերասանը հրաժարվում նոր դերերից, Տ. Ներսիսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Պատճառները տարբեր են եղել: Պատահել է պիեսը չի գոհացրել, դերը, բեմադրիչը…»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված նոր ներկայացումների, հատկապես երիտասարդ բեմադրիչների մասին:
«Պետք է ասեմ, որ Սունդուկյան թատրոնում տարբեր սերնդի բեմադրիչներ եկան եւ ներկայացումներ արեցին: Երիտասարդը միայն մեկն էր՝ Վահան Բադալյանը: Նրանց արած գործը ինչ-որ չափով եւ գոհացրեց, եւ ոչ: Եվ դա նորմալ է: Թատրոնում ընդունված բան է բեմադրիչներ հրավիրելը: Վատն է այն թատրոնը, որտեղ կա գեղարվեստական ղեկավարի դիկտատ: Նայեք, նույն Ռուսաստանում, ինչպես է Օլեգ Տաբակովը կառավարում թատրոնը, ի՞նչ է կատարվում այսօր Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ), ովքե՞ր են այնտեղ բեմադրություններ անում: ՄԳԹ-ում տարբեր բեմադրիչներ են աշխատում, եւ Տաբակովի միակ նպատակը, գերխնդիրն է՝ ունենալ որակով, մակարդակով բեմադրություն: Ասեմ, որ այն երիտասարդը կամ ավագը, որ ուզում է գալ ու Սունդուկյանում բեմադրություն անել, պետք է հասկանա, որ Սունդուկյան թատրոնի բեմը հանաք-մասխարություն անելու համար չէ: Թող գիտակցեն, որ Սունդուկյան թատրոնը էքսպերիմենտալ դաշտ չէ: Էքսպերիմենտներ անելու համար թող կառուցեն ուրիշ հարթակներ: Եվ այնտեղ թող «ծնեն» իրենց նոր հանճարները»,- շեշտեց զրուցակիցս:
Հարցին՝ ինչպիսի մթնոլորտ է տիրում այսօր Գ. Սունդուկյանի թատրոնում, Տ. Ներսիսյանը պատասխանեց. «Վատ բառով պետք է ասեմ՝ անհասկանալի սովորական: Թատրոնը պետք է լինի անհանգիստ: Ինչո՞ւ չէ, նաեւ ինտրիգներով լի, բայց չափի մեջ: Աշխարհի երեսին չկա մի թատրոն, որտեղ ինտրիգներ չլինեն, թեպետ ես աշխատել եմ միշտ հեռու պահել ինձ ինտրիգ կոչվածից… Ի վերջո, մրցակցությունն էլ ինտրիգ է: Մի օրգանիզմում, որտեղ 60 հոգի ստեղծագործող են, չի կարող սովորական մթնոլորտ տիրել: Թատրոնը պետք է համախոհների ու թիմակիցների մի վայր լինի, բայց այնտեղ կարող է լինել նաեւ կռիվ, դավի, ամեն ինչ, որովհետեւ կայունությունը միայն գերեզմաններում է լինում»:
Հարցրեցինք՝ արդյո՞ք սովորական վիճակ ասվածը պայմանավորված է նաեւ «տանտիրոջ» պակասով՝ խոսքը գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնին է վերաբերում:
«Ինչպե՞ս կարող է չազդել տանտիրոջ պակասը տան մյուս ներկայացուցիչների վրա: Նույնն էլ թատրոնում է: Միայն միամիտ մարդը կարող է ասել, թե առանց տանտիրոջ էլ է թատրոնում ամեն ինչ լավ»,- նշում է Տ. Ներսիսյանն ու նկատում, որ առաջ թատրոնում քննարկումներ էին կազմակերպվում, թատերագետներ էին գալիս եւ լավ, եւ վատի մասին ասում դերասաններին, բեմադրիչներին, իսկ ներկայումս նման բան չկա: Ըստ դերասանի, այսօր թատերագիտություն չկա. «Կամ դեֆերամբներ են գրում՝ «հանճարեղ է…», կամ էլ քարուքանդ անում ու ասում՝ «ապաշնորհ է…»: Ամեն ինչ խառնվել է թատրոնում՝ «վինեգրետ» աղցանն է հիշեցնում»:
Ինչպե՞ս է իրեն սերիալում զգում Տ. Ներսիսյանը. «Սերիալը նոր է մտել է մեր շուկա: Չունենք սցենարիստներ, ռեժիսորներ… Ամբողջ աշխարհում սերիալը երբեք գեղարվեստական բարձրարժեք արվեստի հավակնություն չի ունեցել, սակայն Եվրոպայում մեծ ռեժիսորներն իրենց կարիերան սկսել են հենց սերիալ նկարելուց: Գուցե անհամեստ հնչի, բայց սերիալում այնպիսի կտորներ ենք եւ ես, եւ Նելլին (նկատի ունի տիկնոջը՝ Նելլի Խերանյանին- Վ. Մ.) ունեցել, որ հանգիստ կարելի է դիտարկել որպես դերասանի վարպետության դասեր»:
Արվեստագետը հավելեց. «Բոլոր դերերս էլ, անկախ նրանից կինոյում, սերիալում, թե թատրոնում է կերտված, ինձ համար թանկ են: Բոլորը իմ երեխաների նման են: Կան ներկայացումներ, որոնք արդեն շատ երկար են խաղացվում, եւ այս դերերը ավելի եմ փայփայում, գուրգուրում, որովհետեւ գիտակցում եմ, որ ժողովուրդն էլ է սիրում դրանք, ներկայացումները: Չի կարող մի ներկայացումը 20 տարի մնալ խաղացանկում եւ չլինել հանդիսականի կողմից սիրված»:
Տ. Ներսիսյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե առաջիկայում, որտեղ կարելի է տեսնել իրեն: «Ստուգված բան է, հենց խոսում ես ծրագրերից, որպես կանոն, չեն իրականանում»,- ասաց նա: