«Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում տպագրված «Տնտեսագիտականի դասախոսը ծեծել է ուսանողին» հոդվածում տեղեկացրել էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին՝ մաթեմատիկայի քննության ժամանակ արժեթղթերի շուկայի ամբիոնի դասախոս Սերգեյ Հովասափյանը ծեծել էր միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Պատճառն այն էր եղել, որ քննության ժամանակ ուսանողը փորձել էր օգտվել ծածկագրից: Նշել էինք նաեւ, որ բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը այս միջադեպից անմիջապես հետո ռեկտորատի նիստ էր հրավիրել, որտեղ որոշվել էր Սերգեյ Հովասափյանին զրկել դասախոսական գործունեությունից, թողնելով նրան միայն որպես բուհի կարիերայի կենտրոնի տնօրեն: Վերջերս համառ էին լուրերը, թե պարոն Հովասափյանը գործի է դրել բոլոր հնարավոր լծակներն ու ծանոթությունները վերականգնվելու համար: Տնտեսագիտական համալսարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Ալավերդյանը «Առավոտին» հայտնեց, որ Հովասափյանն այլեւս ազատված է նաեւ կարիերայի կենտրոնի տնօրենի պաշտոնից, իսկ դասախոսական աշխատանքում վերականգնվելու մասին խոսք լինել չի կարող: Նույնը հեռախոսով հաստատեց նաեւ բուհի ակադեմիական քաղաքականության եւ ուսումնական գործընթացների կազմակերպման եւ վերահսկողական վարչության պետ Արմեն Կարախանյանը: «Որոնումների մեջ ենք, կարիերայի կենտրոնի տնօրենի նոր թեկնածու ենք փնտրում»,- նշեց պարոն Կարախանյանը: «Առավոտի» հարցին՝ իսկ դիմումի համաձա՞յն է ազատվել Հովասափյանը, թե՞ ռեկտորատի որոշմամբ, վարչության պետը պատասխանեց. «Գործընթացը դեռ գնում է, երբ վերջնականապես ազատվի, Ձեզ կասենք»: