Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները՝ թրաֆիքինգի մասին

Դեկտեմբեր 01,2010 00:00

Դեկտեմբերի 2-ը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է

Եղիշե Չարենցի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Ավետիսյանը մեկն է այն աշակերտներից, որ արդեն գիտի, թե ինչ է թրաֆիքինգը եւ ինչպես պետք է պաշտպանվել այդ երեւույթից: Նա գիտելիքները ստացել է դպրոցում՝ այս ուսումնական տարվանից անցկացված դասընթացի միջոցով: «Հայաստանում եւս կա թրաֆիքինգ: Գոյություն ունեն թրաֆիքինգի մի քանի տեսակներ՝ սեռական շահագործում, երեխաների, կանանց, տղամարդկանց, նաեւ բանակում ծառայող զինվորների շահագործում: Եթե հայտնվել ես դժվար իրավիճակում, կան կազմակերպություններ, որոնց կարելի է դիմել: Թրաֆիքինգով զբաղվողները հիմնականում ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր սոցիալապես վատ վիճակում են, ու եթե աշխատանքի ես ընդունվելու, պետք է ուշադիր լինես պայմանագրի կետերին»,- ասում է նա: Դեկտեմբերի 2-ը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ օրվան ընդառաջ երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբերջանում» ծրագրի շրջանակում իրականացված իրազեկության բարձրացման քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը: Քարոզարշավը, որն իրականացրել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան, «Կրթություն հանուն կայուն զարգացման» հիմնադրամը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ, նպատակ ունի պատանիների շրջանում բարձրացնել թրաֆիքինգի մասին իրազեկության մակարդակը: Քարոզարշավին ներգրավված են եղել Երեւանի եւ Արտաշատի հանրակրթական դպրոցների, մայրաքաղաքի 3 բանավեճի ակումբների, արվեստի կենտրոնների շուրջ 600 աշակերտներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ծրագիրը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլեւ Հարավային Կովկասի երկրներում: Նա կարծում է, որ Հայաստանում այսօր թրաֆիքինգը լուրջ խնդիր է. «Աշխատանք պետք է կատարվի հենց երիտասարդների հետ, քանի որ հենց երիտասարդությունն է խոցելի խումբ»: Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի համակարգող Նունե Ասատրյանի խոսքով՝ Հայաստանում այսօր թրաֆիքինգ չկա, բայց Հայաստանից մեկնողները հաճախ են ենթարկվում թրաֆիքինգի. «Հայաստանում անչափահասների թրաֆիքինգի մասին պաշտոնական տվյալ չկա, բայց կրթական համակարգում դասաժամեր մտցնելը երեխաներին հնարավորություն կտա ձեռք բերել հմտություններ, թե ինչպես պաշտպանվել թրաֆիքինգի զոհ դառնալուց»: Նա կարծում է, որ ավելի խոցելի են Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը:

«Կրթություն հանուն կայուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Անաիդա Ալլախվերդյանն էլ «Առավոտին» ասաց, որ ծրագրի շրջանակում տպագրվել են դասագրքեր, ձեռնարկներ՝ ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների համար: Նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում 1500 ուսուցիչ է վերապատրաստվել. «Խնդիրն արդիական է, քանի որ մարդկանց առեւտրի ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում, քանի որ մեր ազգաբնակչությունը մեծ մասամբ անտեղյակ է խնդրից»: Ըստ նրա, նույնն է վկայում նաեւ դպրոցականների անցկացրած հարցումը ծնողների, աշակերտների ու ուսուցիչների շրջանում: Միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին թրաֆիքինգին վերաբերող ֆիլմ, իսկ քարոզարշավի ընթացքում առավել ակտիվ մասնակիցները պարգեւատրվեցին վկայագրերով եւ խորհրդանշական մրցանակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել