ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը՝ հայագիտության բնագավառում ազգային ստուգատեսի մասին
Երեկ ՀՀ մարզերի 76 եւ Երեւանի 19 դպրոցներում մեկնարկեց հայագիտության բնագավառում ազգային ստուգատեսը, որն իրականացվում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից: «Առավոտը» ստուգատեսի էության եւ նպատակների մասին պարզաբանումներ ստացավ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանից: «Ազգային ստուգատեսն իրականացնում ենք առաջին անգամ՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաներից 8-րդ դասարանցիների շրջանում: Նպատակն ընդհանուր պատկերը հասկանալը, վերլուծություն կատարելը, ուժեղ ու թույլ կողմերը պատկերացնելն է: Առաջացած միավորները նյութական արժեքի չեն վերածվելու, մատյանում չեն գրանցվելու: Առաջադրանքներն էլ կազմված են այս նպատակներից ելնելով, որոնք խիստ տարբերվում են ավարտականի ու միասնականի ոճից»,-ասաց պարոն Բաղդասարյանը:
Քանի որ ստուգատեսը նոր է մեկնարկել, պարոն Բաղդասարյանը առաջադրանքների մասին «փակագծեր չբացեց», սակայն ցույց տվեց մի քանիսը: Օրինակ՝ կարող է առաջադրանքում պատկերված լինել մի հայտնի հայ գրողի, կամ հասարակական գործչի նկար եւ աշակերտից պահանջվել՝ գրել, թե ով է նա: Մեկ այլ առաջադրանքում կարող են աշակերտին հարցնել՝ իր կարծիքով ո՞րն է տվյալ գրողի ամենանշանավոր ստեղծագործությունը: Ա. Բաղդասարյանը մանրամասնեց. «Մենք սովոր էինք, որ առաջադրանքի պատասխանը լինի միարժեք, իսկ այստեղ խախտվում է միարժեքությունը: Այս առաջադրանքներով, այսպես ասած, խոսեցնում ենք երեխաներին, նրանց հնարավորություն տալիս կարծիք հայտնել եւ հիմնավորել: Միավոր ասածն էլ է այստեղ հարաբերական: Սովորական 0,1, 2 միավորներից բացի կան դիագնոստիկ միավորներ՝ 70,99 եւ այլ կոդեր, որոնք տարբեր բաներ են նշանակում: Օրինակ՝ խնդրին սխալ պատասխանած՝ 0 ստացած աշակերտները կարող են ստանալ տարբեր կոդեր եւ ըստ այդմ դասակարգվել: Ուստի ստուգատեսի անցկացման պարագայում մեզ կոնկրետ աշակերտը չի հետաքրքրում, այլ ողջ 8-րդ դասարանցիների՝ հայագիտության գիտելիքների պաշարը, որը կարող է գոյացած լինել դպրոցական դասագրքից, հեռուստացույցից, պապիկի պատմած պատմություններից եւ այլն»: Աշակերտներին տրվող գրքույկները բաղկացած են երեք մասից, առաջին 2-ը գիտելիքներին վերաբերող հատվածն է, 3-րդում ընդգրկված են անձնական կյանքին վերաբերող հարցեր. օրինակ՝ կարողանու՞մ ես շուտ արթնանալ, հաճույքո՞վ ես դպրոց գնում, ունե՞ս բջջային հեռախոս եւ այլն:
ԳԹԿ փոխտնօրենը նշեց. «Այս հարցերի միջոցով պարզում ենք, թե այս կամ այն պատասխանը տվող երեխան հայագիտության ո՞ր բնագավառներից է ուժեղ կամ թույլ, ինչ առաջադիմություն ունի»: Ստուգատեսի արդյունքում կհամադրվեն բոլոր պատասխանները եւ կպարզվեն այն գործոնները, որոնք ազդում են առաջադիմության վրա: Ա. Բաղդասարյանը նկատեց. «Ստուգատեսի նպատակն է՝ ուսումնասիրել վտանգները եւ դրանք հետազոտության տեսքով ներկայացնել բոլոր շահագրգիռ օղակներին»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է արտաքին գնահատման եւ ստուգատեսի տարբերությունը: ԳԹԿ փոխտնօրենը պատասխանեց. «Արտաքին գնահատումը զուտ գիտելիքի ստուգում է, ստուգատեսի միջոցով կատարվում է հետազոտություն՝ պարզելու ընդհանուր պատկերը: Քանի որ սա բավականին թանկ միջոցառում է, զուտ գիտելիքի ստուգումը կլիներ շատ փոքր նպատակ, պետք էր յուրաքանչյուր առաջադրանքի միջոցով շատ ավելի ինֆորմացիա ստանալ»: «Առավոտի» հարցին՝ տարբեր տեսակի գնահատումներով, այժմ էլ ստուգատեսով շատ չե՞ն ծանրաբեռնում դպրոցը, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Դրա համար էլ ասում ենք շնորհակալություն՝ գրքույկը լրացնելու համար: Բնականաբար արտաքին գնահատման նման սա պարտադիր չէ: Ու թող որպես լրացուցիչ գլխացավանք, պատժամիջոց չդիտվի: Այս միջոցառումը չունի վերահսկիչ, ստուգող նպատակ, այն բնույթով հետազոտական է, որն ուղղված է կրթության որակի բարձրացմանը»: Դեկտեմբերի 8-ից էլ ազգային ստուգատեսը կմեկնարկի ԼՂՀ-ում: ԼՂՀ ԳԹԿ փոխտնօրեն Արմինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ստուգատեսին մասնակցելու է 12 դպրոց: Իսկ այժմ անցկացվում է արտաքին գնահատում: