Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեմպուսն» ու հայկական բուհերը

Դեկտեմբեր 01,2010 00:00

Արդեն 15 տարի է, ինչ «Տեմպուս» միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի մի շարք բուհերում բարեփոխումներ են իրականացվում:

Երեկ՝ «Տեմպուսի տեղեկատվական օրվա» առիթով, Երեւանի պետական համալսարանում հավաքված կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչները, ուսանողները գնահատում էին ծրագրի արդյունքները: «Տեմպուս» ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լանա Կառլովայի խոսքով, «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» միջազգային համագործակցության շրջանակներում «Տեմպուսի» համագործակից պետություններում ծրագրերի հաջող իրականացման համար մինչեւ հիմա ներդրվել է 1,5 միլիարդ եվրո, շատ առաջատար համալսարաններում 4,5 հազար եվրոյի ծրագրեր են իրականացվել ու որոշներն էլ դեռ ընթացքի մեջ են. «Արդյունքում աշխարհի մի շարք հայտնի բուհերում, այդ թվում նաեւ Հայաստանի համալսարաններում, ներդրվել են ուսումնական լաբորատորիաներ, մասնագիտական տեխնիկա, աջակցություն՝ ուսումնական ծրագրերի զարգացման հարցերում եւ հատուկ աշխատանքներ համալսարանների մոդեռնիզացմանն ուղղված»: Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանը «Տեմպուսի» շրջանակներում ամենից շատ համագործակցել է Ֆրանսիայի հետ: Տիկին Կառլովայի տեղեկացմամբ, ֆրանսիական առաջատար 23 բուհերի գործընկեր Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի ծրագրի կոորդինացման հարցում առաջատար համարվելու համար. «Մինչեւ հիմա ծրագրերի կոորդինատոր երկրների շարքում Մեծ Բրիտանիան է առաջատարը, բայց այսուհետեւ Հայաստանն էլ կարող է այդ պարտականությունը իր վրա վերցնել, որովհետեւ այդ պոտենցիալն ունի»: Տիկին Կառլովան նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը հիմնականում ուղղված են համալսարանի մենեջմենթ-կառավարմանը եւ ուսումնական ծրագրերի զարգացմանը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն էլ հավաստիացնում էր, որ «Տեմպուս» ծրագրերը Հայաստանում ամենաարդյունավետներից են, դրանք ավելի քան մեկ տասնամյակ աջակցել են կրթական պետական քաղաքականությանը ու շարունակ լրացրել ոլորտում առկա վրիպումներն ու բացերը:

Պարոն Ավետիսյանի խոսքով, հայկական կրթությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու առաջնահերթ խնդրից բացի, իրենք նպատակադրված աշխատում են, եվրոինտեգրման այս հատվածում, ոչ միայն արտաքին, այլեւ ներբուհական կրթության բարձր որակ ապահովել. «Այս առումով արդեն ունենք ֆինանսավորվող նախագծեր, որոնք ընթացքի մեջ են, մեզ մնում է միայն շարունակել մեր եռանդուն աշխատանքը այնքան ժամանակ, մինչեւ կարողանանք որակյալ կրթության համակարգը ամբողջովին հիմնել մեր հանրապետությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել