Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ կուրծք ու Լոպեսի հետույքից են ուզում

Դեկտեմբեր 01,2010 00:00

Ըստ մասնագետների՝ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դիմողների թիվը տարեցտարի աճում է

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը օրեցօր զարգանում է: Եվ կրկին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ էսթետիկ վիրաբուժության դիմում են հիմնականում կանայք, բայց քիչ չեն նաեւ ուժեղ սեռի այն նեկայացուցիչները, ովքեր պլաստիկ վիրաբույժներին դիմում են քթի, փորի, նաեւ ճաղատության խնդիրները շտկելու համար: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրին ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար, ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ Գնել Անանյանը: Ա. Հովհաննիսյանի խոսքով, պլաստիկ վիրաբուժության ոլորտում Հայաստանը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ըստ նրա, կան որակյալ մասնագետներ, որոնք ավելի մատչելի գներով են աշխատում, ինչն էլ գրավիչ հանգամանք է, որպեսզի տարբեր երկրներից Հայաստան այցելեն վիրահատվել ցանկացող օտարերկրացիներ: Մասնագետների փոխանցմամբ, իրենց աշխատանքը չափազանց հետաքրքիր է, աշխատանքային օրը սկսվում եւ ավարտվում է հետաքրքիր մարդկանցով ու վերջիններիս՝ էլ ավելի զարմանալի արտահայտություններով: Ա. Հովհաննիսյանն ասաց, որ իր պրակտիկայում ամենից տարեց կինը եղել է 64 տարեկան մի ուսուցչուհի, որը դիմել է իրեն՝ կրծքագեղձը փոքրացնելու համար:

Գ. Անանյանը հայտնեց, որ իրենց հաճախորդների 25-30%-ն է դիմում վիրահատության՝ էսթետիկայի համար, մնացածները ինչ-ինչ խնդիրներ են ունենում: Նրա փոխանցմամբ, քթի վիրահատությունը Հայաստանում ամենատարածվածն է եւ արժե 1000-1500 դոլար: Նրա խոսքով, մինչեւ վիրահատությունը մեծ դեր ունի հոգեբանական գործոնը, եւ վիրաբույժներն իրենք հաճախ խորհուրդ են տալիս հաճախորդներին՝ հրաժարվել էսթետիկ վիրահատական քայլից: «Գերակշռող դեպքերում մարդկանց դրդապատճառները հիմնավոր են, բայց կան նաեւ դեպքեր, երբ անհիմն է՝ կապրիզ կամ անբացատրելի քմահաճույք»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը: Այսօր հաճախ կարելի է լսել տարածված նման կարծիք՝ մարդը դիմել է բժշկի՝ քթի շնչառական խնդիրները վերացնելու նպատակով, վիրաբույժն էլ առաջարկել է նաեւ գեղեցկացնել այն: Մասնագետների հավաստմամբ, սա ոչ միշտ է իրականությանը համապատասխանում, եւ նման մոտեցումը բժշկի կողմից՝ ճիշտ չէ:

Ինչ վերաբերում է կրծքագեղձի վիրահատության դեպքերին, կոնկրետ վիճակագրություն մասնագետները դժվարացան ներկայացնել, բայց հայտնեցին, որ նման վիրահատության դիմողների աճ Հայաստանում էլ է նկատվում՝ տարեկան 8-10%: Այժմ Հայաստանում կրծքի վիրահատության տարեկան դիմում են 50-100 հոգի: Կրծքագեղձի իմպլանտների զույգը, որոնք Հայաստան ներկրվում են, արժեն մոտավորապես 700-1000 եվրո, իսկ վիրահատության գումարը 300-350 հազար դրամ է:

Անդրադառնալով տարածված տեսակետին, թե իմպլանտները հետագայում կարող են կրծքագեղձի խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ, ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահը հավաստեց՝ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցել են՝ եթե վիրահատությունից առաջ հաճախորդը կրծագեղձի որեւէ հիվանդություն չի ունեցել, իմպլանտը նոր հիվանդության առաջացման պատճառ հանդիսանալ չի կարող: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ իմպլանտները պիտանելիության ժամկետ չունեն, դրանք ժամանակի ընթացքում չեն կորցնի իրենց որակը, եթե ամեն ինչ ճիշտ արվի. «Դրանք առանց փոփոխվելու, երկարատեւ կարող են մնալ օրգանիզմում, բայց փոխվում է կրծքագեղձի ձեւը, քանի որ իմպլանտը ունի որոշակի ծանրություն եւ ենթակա է երկրի ձգողականության ուժին, որն էլ ծերացման հետ տեղի ունեցող հիմնական պատճառն է: Ինչքան իմպլանտը մեծ լինի, այնքան հզոր ուժով է այն ձգվում ներքեւ»: Ա. Հովհաննիսյանին զարմացնում են հայ կանանց եւ աղջիկների տարօրինակ ցանկությունները. «Տարբեր ամսագրերը ձեռքներին երիտասարդ աղջիկներ են գալիս եւ խնդրում իրենց բերած նկարի նման կրծքեր ստեղծել կամ Ջենիֆեր Լոպեսի պես հետույք ունենալ: Փորձում ենք բացատրել, որ վիրահատության ցուցումները հստակ սահմանված են, չի կարելի մարդուն վիրահատել կոմերցիոն ցուցումներով: Եթե կինը կամ երիտասարդ աղջիկը դիմում է կրծքագեղձի ծավալի մեծացման, պետք է հասկանա՝ ամեն ինչ կախված է իր կրծքագեղձի չափերից»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանում կանանց շրջանում հետույքը մեծացնելու միտում կա՞, թե՞ ոչ: «Մեզանից հստակ վիճակագրական տվյալներ մի՛ պահանջեք, բայց տարեկան 5-10 կին դիմում է այդ քայլին»,- պատասխանեց Ա. Հովհաննիսյանը: Հարցին, թե ի՞նչ խնդիրների առջեւ կարող է կանգնեցնել պլաստիկ վիրահատությունը, Ա. Հովհաննիսյանը չթաքցրեց, որ ցանկացած վիրահատությունից հետո հնարավոր է բարդություններ լինեն. «Շատ երկրներում ընդունված է բժշկի եւ հաճախորդի միջեւ պայմանագիր ստորագրել, որտեղ մանրամասն ներկայացվում են բոլոր հնարավոր եւ անհնար բարդությունները»: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ՝ հայերը դիմու՞մ են վիրահատության սեռը փոխելու համար: Մասնագետները խուսափեցին պատասխանել, կարծում են, որ մեր հասարակությունը նման հարցեր քննարկելու համար դեռ պատրաստ չէ: Գ. Անանյանն էլ խոսեց ականջի վիրահատության մասին եւ մասնավորապես նշեց, որ լոշտակության վիրահատությունը Հայաստանում արժե 700-800 ԱՄՆ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել