Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԸ ԿՅԱՆՔ ՉԻ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Բողոքելու համար օրական ունեք 8 րոպե 45 վայրկյան

Շատերը համոզված են, որ քաղաքակիրթ ազգ դառնալու համար մենք պետք է թափանցիկ ընտրություններ անցկացնենք եւ հրաժարվենք խաշից՝ երկուսն էլ չի ստացվում։ Իրականում մենք պետք է ընդամենը չափավորենք հայոց համազգային բողոքը։ «Դեյլի մեյլ» թերթի վկայությամբ՝ քաղաքակիրթ անգլիացիները, օրինակ, պարտաճանաչ կերպով բողոքում են օրական 4 անգամ։ Երեւի նախաճաշից, լանչից, ճաշից ու ընթրիքից առաջ կամ հետո, ընդ որում բողոքի ընդհանուր տեւողությունը կազմում է ուղիղ 8 րոպե 45 վայրկյան։

Տեսնենք, թե ինչից են ամենից շատ բողոքում անգլիացիները։ Խոսքն, իհարկե, Ջոն Պրեսկոտի մասին չէ, որը բողոքում է Հայաստանի իշխանություններից, իսկ երբ չի բողոքում, Հայաստանի ընդդիմությունն է բողոքում՝ թե ինչու Պրեսկոտը չի բողոքում։

Նորմալ բրիտանացին, ըստ նույն պարբերականի, ամենից շատ բողոքում է երկու բանից՝ ա/ ամեն ինչ թանկանում է եւ բ/ TV-ով նայելու բան չկա։ Նա չի հասկանում, որ այդ երկու բողոքներն անքակտելի են ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, հանրապետականները եւ մոնոպոլիաները կամ օլիգարխներն ու սափրագլուխները։ Որովհետեւ եթե բրիտանացին ուշադիր դիտեր բոլոր հեռուստակայանները, որոնք եթերում են մնացել Անգլիա1 պլյուս-ի փակումից հետո, կհասկանար, որ իրականում յորքշիրյան պանիրը նոր իշխանությունների օրոք շատ ավելի էժան է, քան Բագրատյանի օրոք՝ պարզապես այն ժամանակ լույս չկար եւ ոչ գինն էր երեւում, ոչ էլ պանիրը։ Այնպես որ, մի ասեք՝ հեռուստատեսությամբ նայելու բան չկա։ Բա Տիգրան Սարգսյա՞նը։

Բրիտանացիների բողոքի գրքում երրորդ տեղում է եղանակը։ Իսկ ձեզ ո՞վ էր խնդրում բնակվել մի վայրում, որտեղ ուր նայում ես՝ ծով է։ Դուք հո դաշնակ չեք։ Անմիջապես բացեք Լամանշի մարդասիրական միջանցքը եւ եկեք մեզ մոտ՝ ազատագրավյալ տարածքներն արդեն քանի տարի է ձեզ են սպասում։ Մի բաժակ տնական սթոունհենջ կխմեք՝ կհասկանաք, որ ձեր թորիներից էլ լավ թորողներ կան։

Հաջորդ բողոքը՝ փողը չի հերիքում։ Դե դա երեւում է՝ ձեր լոնդոններում ու մանչեսթերներում այնքան «Համմերներ» կա՞ն, որքան մեր մի բուռ պապենական հողում։ Ձեր բարոնուհի քոկսերը մեր բարգավաճ բարոնների նման վիլլաներ ունե՞ն։ Բայց մենք հո ձեզ նման փողի մեռած չենք, որ մեր վերջին ազգային արժեքները՝ «Փյունիկն» ու «Բանանցը» վաճառենք ռոմաններին ու աբրամովիչներին։ Բա որ փող չունեք, ո՞նց եք Վեստմինստերի «Օջախում» հարսանիք անելու։

Իսկ ձեր բողոքի ցուցակի վերջին կետն ընդհանրապես մեզ համար անհասկանալի է՝ կառավարությունը հասարակ մարդու մասին չի մտածում։ Դուք երբեւէ որեւէ տեղ տեսե՞լ եք այն մարդուն, որի մասին կառավարությունը մտածում է։ Եթե տեսնեք, մեզ էլ ասեք։ Մենք նրան արձան կկանգնեցնենք՝ հենց Երեւանի ամենակենտրոնում։ Փառք Աստծո, Լենինի արձանի տեղն ազատ է։ Հենց այնտեղ էլ կտեղադրենք նրա մեծադիր արձանը՝ կառավարության շենքի դիմաց։ Ու զբոսաշրջիկներին էլ ցույց կտանք՝ սա ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴՆ Է, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Ու մի բան էլ, հա։ Հարգելի անգլոսաքսոֆոններ, դուք ինչպե՞ս եք հասցնում այս ամենից բողոքել ընդամենը 8 րոպե 45 վայրկյանում։ Եթե մենք էլ կարողանայինք ձեզ նման արագ-արագ բողոքել, մեր հանրահավաքները Մատենադարանի մոտ 10 րոպեից ավելի չէին տեւի։ Երթն էլ հետը հաշված։ Մեր բողոքը երկար է մեր ճոպանուղու պես։ Բայց մենք, բազմաչարչարներս, մեր դարավոր պատմության ընթացքում սովորել ենք մեր բոլոր բողոքները ձեւակերպել շատ կարճ ու կոնկրետ՝ ԿՅԱՆՔԸ ԿՅԱՆՔ ՉԻ։ Ու վերջ։

Տարեք ձեր բողոքի գիրքը, բերեք Գինեսի գիրքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել