Լրահոս
Օրվա լրահոսը

«Որսորդ ենք, մենք որսագող չենք»

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Պատերազմով անցած որսորդ Մխիթ ար Քոչարյանը վստահ է, որ որսորդությունը կոփում է մարմինը, իսկ ձկնորսությունը՝ մտորելու եւ վերլուծություններ անելու հնարավորություն տալիս:

Որսորդությունը բնության հետ անմիջական շփման մեջ լինելու եւ լիցքաթափվելու լավագույն ձեւն է՝ համոզված են որսի հայ սիրահարները: Նրանք կտրականապես մերժում են տարածված տեսակետը, թե՝ կենդանի սիրողը կենդանու վրա ձեռք չի բարձրացնի: «Այդպես մտածողները շփոթում են որսորդին ու որսագողին: Իրեն իսկական որսորդ համարող մարդը երբեք զենք չի բարձրացնի Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաեւ այն կենդանիների վրա, որոնց որսը պետականորեն արգելված է: Որսորդը գիտի՝ ինչ կենդանի կամ թռչուն պետք է խփի եւ՝ ինչքան: Այնպես չէ, որ քեզ կարող ես թույլ տալ այնքան որս անել, որքան սիրտդ ուզում է»,- ասաց Հայաստանի որսորդմիության անդամ, արցախյան պատերազմի մասնակից Մխիթար Քոչարյանը:

Որսորդության բազմամյա փորձը նրան անվրեպ հրաձիգ է դարձրել, ինչն էլ օգնել է պատերազմում: Դժվար չի եղել դարանակալած թշնամուն հայտնաբերելն ու հեռահար կրակոցով վնասազերծելը: Միայն թե Մխիթարը այդ մասին խոսել չի սիրում: «Չնայած՝ ուզած-չուզած, դաժան հիշողություններից անբաժան եմ»,- ասաց ու ցույց տվեց աջ ձեռքի երեք մատների բացակայությունը:

Մխիթար Քոչարյանի համար որսի օրերը ամենաուրախ, իր ձեւակերպմամբ՝ տոնական են, որոնց նախապատրաստվում է երկար ու մանրամասն: Շաբաթը մեկ կամ երկու անգամ մի քանի ընկերով ուղղություն են վերցնում Ապարան, Թալին կամ Եղեգնաձոր: Ամբողջ սեզոնին որս անելու համար նախապես ու պարտադիր 5000 դրամով որսի թույլտվություն են ստանում՝ որսի ողջ սեզոնի ընթացքում առավելագույնը 15 լոր կամ այլ թռչուն որսալու համար: «Բայց, եթե պատահում է, որ մի կրակոցով մի քանի թեւավոր ենք խփում, հո չե՞նք ասի՝ լիմիտ ենք խախտում: Եթե կլինի մի որսորդ, որ կասի լիցենզիայով սահմանվածը չեմ գերազանցում, ուրեմն՝ սուտ է ասում»,- նկատեց որսորդ Մխիթարը:

Իրենից, որպես պատերազմի մասնակցի, որսորդմիությունը 3000-ի փոխարեն 1000 դրամ անդամավճար է գանձում: Թե ինչ նպատակներով են ծախսվում այդ գումարները, որսորդներին հայտնի չէ: Որսի սեզոնը բացվելուց առաջ կամ փակվելուց հետո նրանք հավաքներ չեն ունենում, խորհրդատվություններ չեն ստանում: Թե ո՞րն է միության առաքելությունը՝ չգիտեն:

Պատերազմով անցած որսորդի ասելով՝ ինքը գլուխ գովելու հետ սեր չունի՝ «բայց չեմ ասում, թե դա որսորդներից հեռու է: Մի նապաստակը կարող են երկուսի տեղ ներկայացնել, ճնճղուկը՝ կաքավի, կաքավը՝ արծվի: Գլուխգովան որսորդի մասին նույնիսկ Թումանյանն է հեքիաթ գրել, չէ՞»:

Չորքոտանի կենդանիներից Մխիթարի թիրախում շնագայլ ու աղվես էլ է հայտնվել: Իսկ Թալինի շրջանում վրիպել է ու գայլին ձեռքից բաց թողել: Որսորդի ասելով՝ իր ունեցած մեկփողանի հրացանը գայլորսության համար չէ. «Սոված գայլերն էլ առիթավորվել ու հասել են բնակավայրեր. գոմեր ու հավաբներ են մտնում: Եթե դրանց դեմը չառնվի, կենդանիներից կանցնեն մարդկանց: Լավ քայլ արեց Արցախի ղեկավարությունը, որ բարձրացրեց գայլի գլխագինը: Կարծում եմ՝ դա որսորդներին կշահագրգռի եւ, բացի թռչուն խփող զենքից, ավելի հզորն էլ ձեռք կբերեն»:

Որսորդներին մտահոգում է վայրի բնության, թեւավորների, մասնավորապես՝ կաքավների ճակատագիրը, որոնք շուտով ոչնչացման եզրին կհայտնվեն, եթե արդեն չեն հայտնվել: «Ինչպես որ մեր պետությունը հոգ է տանում Սեւանա լճի ձկնատեսակների եւ դրանց պահպանման համար, այնպես էլ պետք է մտածի կաքավներին ոչնչացումից փրկելու մասին: Ժայռերի գագաթներին բնակվող այդ թռչունների համար ճգնաժամը սկսվում է ձմռանը, երբ ձյան հաստ շերտի տակ կեր հայթայթելն անհնար է դառնում: Սովից սատկում են: Խորհրդային պետությունն, օրինակ, այդ սեզոնին ուղղաթիռներով թռչնակեր էր շաղ տալից ժայռերի ծերպերին»,- նկատեց որսորդ զրուցակիցս:

Իր սիրելի զբաղմունքն առանց արկածների դժվար է պատկերացնում: Իսկ երբ որսը ուղեկցվում է ծիծաղաշարժ դեպքերով, որսորդները երկար ժամանակ չեն մոռանում: Ավելին, վառ երեւակայություն ունեցողների համար դեպքը նույնիսկ առանձին թեմա է դառնում: Օրինակ, երբ Մխիթար Քոչարյանի խմբի ամենացածրահասակ որսորդներից մեկը երկու մետրից շարունակաբար վրիպել է վիրավոր, գետնին տապալված թռչնից, ինչից հետո արյունաքամ թեւավորին հաջողվել է նույնիսկ թռչել-փրկվել, ականատես որսորդները դեպքը «շրջել» են իրենց ընկերոջ վրա, ըստ որի՝ մարդաորսի ելած թռչնի ձեռքից տղան հազիվ փախել-փրկվել է:

Դրամատիկ դեպքեր էլ են եղել, երբ որսորդ եղբայրներից մեկի արձակած գնդակը վիրավորել է մյուս եղբորը: «Բարեբախտաբար վնասվածքը թեթեւ էր, նույնիսկ բժշկական միջամտության կարիքը չզգացվեց: Բայց սրտի ցավով եմ հիշում իմ որսորդական շանը, որին անզգուշաբար կրակեցի»,- ասաց Մխիթարը:

Ժայռեր մագլցելուց ու անտառներում՝ ծառերի բները մեկ առ մեկ ուսումնասիրելուց բացի, որսորդ Մխիթարի համար հոբի է եղել նաեւ ձկնորսությունը: Այս ամռանը տեղի ունեցած ողբերգությունը, սակայն, Մխիթար Քոչարյանին զրկեց այս մի զբաղմունքից: Սեւանում, ձկնորսության պահին, կայծակը նրանից խլեց ձկնորս ընկերներից մեկին: Այդ օրվանից ձկնորսությունը Մխիթարի համար դադարեց հոբի լինելուց: «Եթե ժայռերի վրա կամ անտառներում որսին հետապնդելով լիցքաթափվում ու մարմինս եմ կոփում, ապա ձկնորսության ժամանակ հնարավորություն եմ ունենում վերլուծություններ անել, մտորել իմ ապրած կյանքի, արած ու չարած գործերիս ու էս երկրի ապագայի մասին: Թող անհամեստ չհնչի, բայց, կարծում եմ, որ ես իրավունք վաստակել եմ Հայաստանի ու Արցախի ցավը սեփականը դարձնել: Ինձ հունից հանում են Արցախի շուրջ ծավալվող անհեթեթ խոսակցությունները»,- ասաց Մխիթարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել