Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Հայաստանի առիթմիլոգիայի սրտաբանական կենտրոնում միայն փողի մասի՞ն են մտածում

Ես չէի ուզում գրիչ վերցնել, սակայն ընթերցելով «Առավոտ» թերթի 13.11.2010թ. «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել 7 տարվա» հոդվածը, ինչպես նաեւ վարչապետի՝ վերջերս արած որակումները առողջապահության նախարարության մասին, որոշեցի գրել:

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 21.02.2006թ. հետազոտվել եմ եւ ախտորոշվել (դիլատացիոն կարդիոմիոպաթիա, սրտային անբավարարություն IIIֆդ): Նույն ախտորոշումը ստացել եմ ԵՊԲ համալսարանի N1 հիվանդանոցի սրտաբանական կլինիկայում:

Վերջերս՝ 22.07.2010թ., եղա նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ ինձ հետազոտելուց հետո խորհուրդ են տվել դիմել Հայաստանի առիթմիլոգիայի սրտաբանական կենտրոն՝ կոնսուլտացիայի համար: Դիմել եմ Հայաստանի առիթմիլոգիայի սրտաբանական կենտրոն (ՀԱՍԿ) եւ բժշկուհի Լուսինե Հայրապետյանը, ծանոթանալով նախորդ՝ սրտաբանականի հետազոտության արդյունքներին, ասել է, որ իրենց համար հիմք չեն կարող լինել այլ հիվանդանոցի հետազոտման արդյունքները, պետք է կատարվի նոր հետազոտություն:

Նորից վճարումներ կատարելով՝ հետազոտվել եմ, ինչի արդյունքում բժշկուհին գտավ, որ ունեմ առիթմիա, եւ պետք է անհապաղ վիրահատվել: Ես այլընտրանք չունեի: Կնքեցինք պայմանագիր, ըստ որի՝ վիրահատության ընդհանուր արժեքը կազմում է 5,1 մլն դրամ, որի 70%-ը՝ 3,6 մլն, վճարվում է նախապես, եւ կատարվում է վիրահատությունը, հետո 3 ամսվա ընթացքում վճարվում է մնացած 30%-ը (1,5 մլն դրամ): Կատարել են վիրահատություն՝ տեղադրելով «Biotronic» ֆիրմայի «Lexos DR» տիպի երկխոռոչանի սարքը, սրտի ռիթմը վարելու համար, որը երաշխավորում է 4-5 տարի անխափան աշխատանք: Ես կանոնավոր կերպով ընդունում էի նշանակված դեղերը, ինչպես նաեւ ժամանակին ներկայանում էի բժշկի նշանակած քննություններին եւ կատարում նրա բոլոր ցուցումները:

Սակայն Երեւանից Կապան վերադառնալիս Վայքում զգացի, որ վիճակս ինչպես մինչ վիրահատությունն էր՝ նույն ձեւով, սկսում է վատանալ՝ շնչարգելություն ունեի: Վայքում շտապօգնություն կանչեցինք, այդ ընթացքում զանգեցի նաեւ բժշկուհի Լուսինե Հայրապետյանին եւ ներկայացրի վիճակս: Շտապբուժօգնությունից վիճակս համեմատաբար լավացավ, հասանք Կապան: Կապանում շատ ավելի սուր շնչարգելություն կրկնվեց երկու անգամ: Նորից շտապօգնություն կանչեցինք, նորից այդ մասին տեղյակ պահեցի բժշկուհուն: Փաստորեն, վիրահատությունից հետո սրացումները դարձել էին ավելի հաճախակի: Բոլոր սրացումների ժամանակ սարքը չի աշխատել, դա հաստատվեց նաեւ սարքի ստուգումներով: Ես վերադարձա Երեւան, բժշկուհուն ներկայացրի մի դիմում, ըստ որի՝ գտնում էի, որ ախտորոշումս եղել է թերի եւ խնդրում, առաջարկում, պահանջում էի հրավիրել կոնսիլիում՝ ճշտելու ախտորոշումս եւ կատարել համապատասխան բուժում՝ առանց լրացուցիչ վճարումների:

Դիմումս քննարկվեց Հայաստանի առիթմիլոգիայի սրտաբանական կենտրոնի տնօրեն պարոն Ջամալյանի մոտ: Նա գտավ, որ՝

ա) նոր բուժման հետ կապված հետագա բոլոր քայլերի համար ես պետք է վճարեմ. մի բան, որ ես ի վիճակի չէի (այդ հիվանդանոցում մեկ օր միայն պառկելը արժե 40 000 դրամ),

բ) ես խաբում եմ, ինձ մոտ շնչարգելության սրացումներ չեն եղել, եղել է այլ բան (ես ապշեցի այդ մտքից, որ բժիշկ-հիվանդ հարաբերություններում հնարավոր է խաբել եւ խաբվել): Այստեղ ես զգաստացա, եւ բժիշկների մասին իմ ունեցած խորին հարգանքը եւ հավատը, մեղմ ասած, սասանվեցին: Ես որոշեցի, որ սրանից հետո, եթե անգամ նրանք համաձայնեն առանց վճարումների շարունակել իմ բուժումը, միանշանակ չեմ համաձայնի, ինչպես նաեւ իմ մեջ կասկածներ առաջացան սարքի որակի, գնի եւ ներկայացված անձնագրի համապատասխանության մասին, մանավանդ որ՝ սարքը ցույց չեն տվել ինձ նախքան վիրահատությունը,

գ) ինքը հրաժարվում է իմ հետագա բուժումից (մինչ այդ բժշկուհին արդեն հրաժարվել էր):

Ես շնորհակալություն հայտնեցի պրն Ջամալյանին եւ բժշկուհի Լուսինե Հայրապետյանին այն բանի համար, որ նրանք հրաժարվում են իմ հետագա բուժումից եւ թողնում են, որ ես դեռեւս ապրեմ:

Այստեղ ես հիշեցի հայտնի անեկդոտը. «Արջը սարսափահար փախչում է, ճանապարհին հանդիպում է նապաստակին, որը հարցնում է, թե արջն ինչից է փախչում, արջը պատասխանում է, որ մի նոր բժիշկ է հայտնվել, եւ ով երեք ձու ունի, վիրահատում-հանում է, նապաստակն ասում է՝ բայց չէ՞ որ քոնը երկուսն է: Արջը պատասխանում է՝ ես էլ գիտեմ, որ երկուսն է, բայց ցավը նա է, որ սկզբում վիրահատում-հանում են, հետո՝ հաշվում»:

Ըստ իս, ՀԱՍԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի, դրա համար ճանկերն ընկած հիվանդին պետք է-պետք չէ, անհապաղ վիրահատում են: Այսինքն, նրանք փող աշխատելու համար պատրաստ են դիմելու ցանկացած քայլի. մի բան, որ Հիպոկրատի գլխարկը կրողները եւ Հիպոկրատի երդում տվածները չեն անի, ու սա, կարծում եմ, քրեորեն պատժելի արարք պետք է համարվի: Չէ՞ որ նրանք գործ ունեն մարդու կյանքի հետ:

Հ. Գ. Ես ուրախ կլինեի բարեհաջող վիրահատության դեպքում ժամանակ եւ եռանդ ծախսել եւ շռայլ գովեստներով հանդես գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել