Զինկոմիսարիատի ուղեգրերով կատարված հետազոտությունները հիմնավոր չեն
ՀՀ Սահմանադրության 46 հոդվածի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ պաշտպանությանը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիներին պարտադրում է մասնակցել իր իսկ կողմից չճանաչված պետության՝ ԼՂՀ պաշտպանությանը: Եվ քանի որ այս տարի բանակի զորակազմը համալրելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու, քանզի բանակ են զորակոչվում սոցիալական ծանր պայմաններում, պատերազմական ցուրտումութ տարիներին ծնվածները, այդ իսկ պատճառով ցանկացած գնով զինկոմիսարիատները զորակոչի պլանավորման աշխատանքները ցանկանում են չտապալել: Զինկոմիսարիատներից մեկի հետ կապված այդ խնդրին առնչվել եմ նաեւ ես:
22.01.2008թ. Մաշտոցի զորակոչային տեղամասում բժշկական հանձնաժողովը ինձ անհիմն ճանաչել է պիտանի շարային ծառայության, նույն օրն եւեթ ինձ ընդունել են զինվորական հաշվառման, տալով թիվ 21 կցագրման վկայականը, դրանով իսկ խախտելով կառավարության կողմից սահմանված զինվորական հաշվառման կարգը, ինչպես նաեւ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի 5-րդ հոդվածը: Համաձայն այդ օրենքի, ինձ հաշվառման կարող էին վերցնել միայն 15.11.08թ., երբ լրանում էր իմ 16 տարին, այլ ոչ թե դրանից շուտ։
Ունեմ առողջական լուրջ շեղումներ, որոնք իսպառ սահմանափակում են իմ պիտանիությունը զինվորական ծառայության։ Այդ իսկ պատճառով բժշկական հետազոտությունների արդյունքում, որը ձեռնարկվել է ծնողներիս նախաձեռնությամբ, ինչպես նաեւ բժիշկների խորհրդով, ի հայտ է եկել լուրջ հիվանդություն, որը խանգարում է զինծառայությանը։
Այսպես, Հայաստանում եւ տարածաշրջանում բժշկական ախտորոշման առաջատար «Դիագնոստիկա» բժշկական միավորման կենտրոնում 15.02.2008թ. ինձ ենթարկել են վերջութային անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտության:
Այս բժշկական հետազոտության արդյունքում ի հայտ է եկել հիվանդություն, որը, ցավոք սրտի, լրիվ ազատում է ինձ զինծառայությունից, համաձայն «Հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկ» բաժնի, որը հաստատվել է ՀՀ ՊՆ 07.05.01թ. թիվ 322, լրացված 16.01.04թ. թիվ 35 հրամանով։
Վերոհիշյալ դոպլեր հետազոտությունը 07.09. 2010թ. ներկայացրել եմ Մաշտոցի զինկոմիսարիատ՝ իմ անձնական գործին կցելու, որի հիման վրա միանգամայն անհիմն եւ սխալ ինձ տրվել է թիվ 2124 ուղեգիրը «ս/վ եւ վ/վ անգիոնեւրոզ նախնական ախտորոշմամբ»՝ «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտման համար։
Թիվ 2124 ուղեգիրը ախտորոշման իմիտացիա էր, քանզի «Էրեբունիում» անհնար էր իրականացնել վերջութային անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտություն, քանի որ այնտեղ այդ հետազոտությունը չի արվում։
Ուղեգիրը ստանալուց հետո, բժիշկների խորհրդով եւ ծնողներիս նախաձեռնությամբ 27.09. 10թ. վերստին «Դիագնոստիկա» բժշկական միավորման կենտրոնում ենթարկվել եմ վերջութային անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտության, որն ամբողջությամբ համընկնում է 15.02.2008թ. թիվ 82.1 հետազոտության ախտորոշմանը։
08.10.2010թ. դիմում եմ գրել ՀՀ զինկոմին, որով տեղեկացրել եմ նրան իմ հիվանդության մասին ու կցել ասածներս հաստատող փաստաթղթերը՝ 2008 եւ 2010 թթ. «Դիագնոստիկա» ԲԿ-ում իրականացված հետազոտության արդյունքները։
Մաշտոցի զինկոմը թիվ 2/1711 /15.10.2010թ./ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, հայտնելով, որ «Զինակոչիկ Սուրեն Աթաբեկյանը Մաշտոցի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կողմից ուղեգրվել է «Էրեբունի» ԲԿ-ի անոթային բաժանմունք հետազոտման՝ վերջույթների անգիոտրոֆոնեւրոզ նախնական ախտորոշմամբ, սակայն չի կատարվել նրա նկատմամբ դոպլեր հետազոտություն։
Խնդրում եմ Ձեզ՝ պետպատվերի շրջանակներում նրան թույլատրել լրացուցիչ հետազոտման «Դիագնոստիկա» ՓԲԸ-ում՝ ծնողի գրավոր խնդրանքով»։
Այս գրությունը առձեռն հանձնվել է ՀՀ ԱՆ աշխատակից Սուսաննա Ղասաբյանին, որն ասել է, թե այդ հետազոտությունը միանշանակ պետք է կատարվի «Դիագնոստիկա» բժշկական միավորման կենտրոնում, այնուհետեւ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, խաչ է քաշել զինկոմիսարիատի պաշտոնեական գրության վրա, ասելով, թե նախարար Քուշկյանը տանել չի կարող, երբ գրության մեջ նշում են, թե քաղաքացին ո՞ր բուժհաստատությունում պետք է հետազոտվի, եւ, զանգահարելով Մաշտոցի զինկոմին, պահանջել է այլ բովանդակությամբ գրություն, որի արդյունքում անհիմն տրվել է ՀՀ ԱՆ կողմից թիվ 5726 ուղեգիրը՝ «Արմենիա» ԲԿ-ում հետազոտման համար։ Այսպիսով, օրեր շարունակ ինձ անհարկի քարշ են տվել «Էրեբունի» ԲԿ-ի տարբեր բժիշկների մոտ, այդպես էլ չիրականացնելով ամենակարեւորը՝ դոպլեր հետազոտությունը։
Ի դեպ, խոսուն է այն փաստը, երբ հայրս, մինչ իմ հետազոտվելը «Արմենիայում», մոտենալով այդ ԲԿ-ի դոպլեր կատարող բժշկուհուն, հարցրել է, թե, արդյոք, ինքը կարո՞ղ է պետպատվերի շրջանակներում իր մոտ վերջութային անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտության ենթարկվել, բժշկուհին նրան ազնվորեն խորհուրդ է տվել այդ հետազոտությունը կատարել միայն «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում, պատճառաբանելով, որ իր մոտ եղած դոպլեր ապարատը պորտատիվ է եւ չի ապահովում ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, եւ այդ առումով հետազոտությունն իր մեջ պարունակում է ոչ լիարժեք, սակավ, թերի, մակերեսային, ձեւական ինֆորմացիա, եւ որ իրենց մոտ մեծամասամբ զորակոչիկներն են ուղեգրվում հետազոտության։
«Արմենիա» ԲԿ-ում նախազորակոչիկներին դոպլեր հետազոտություն կատարելու փաստով խախտվել է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, ինչր խտրականության դասական օրինակ է։
Մինչդեռ, թե ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԿԱ ԱԱԾ համակարգի գեներալները, սպաները, այլ քաղաքացիները նույնպես պետպատվերի շրջանակներում ուղեգրվում են վերոհիշյալ դոպլեր հետազոտության ոչ թե «Արմենիա» կամ «Էրեբունի» բժշկական կենտրոններ, այլ միայն «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն, քանզի այն ախտորոշման եւ բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված մասնագիտացված բժշկական կենտրոն է, որը հիրավի բժշկական ախտորոշման առաջատարն է թե Հայաստանում եւ թե տրածաշրջանում:
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին, արժանանալ հարգալից վերաբերմունքի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից, ինչպես նաեւ իրազեկ լինել իր հիվանդության մասին։
Պորտատիվ ապարատով «Արմենիայում» «հետազոտումն» իմ նկատմամբ ապրիորի իրականացնելով, փաստորեն խախտել են վերոհիշյալ իմ իրավունքներն ամբողջությամբ, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի դրույթի, ըստ որի, «Մարդու արժանապատվությունը, որպես նրա իրավունքների եւ ազատությունների անքակտելի մաս, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»։ Բժշկական հետազոտության որեւէ ակտ ինձ որեւէ մեկի կողմից չի տրամադրվել, չնայած իմ այդ ցանկությանը։
Գտնում եմ, որ առ այսօր իմ նկատմամբ զինկոմիսարիատի ուղեգրերով կատարված հետազոտությունները հիմնավորված չեն, կասկածներ եւ խոր տագնապներ են հարուցում եւ այդ հետազոտությունների արդյունքների հետ չհամաձայնվելուս շարժառիթներին արդեն անդրադարձել եմ։
Մաշտոցի զինկոմիսարիատում խոստացել են, որ այդ ամենը միանշանակ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաշվի կառնվի։
Դիմել եմ ՀՀ պաշտպանության նախարարին, սա կայն նա չի պատասխանել իմ հեռագիր-նամակին: Ուստի հրապարակավ խնդրում եմ Ձեր միջամտությունը իմ առողջական իրական վիճակը պարզելու համար եւ դոպլեր հետազոտության ինձ ուղեգրել «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն։