«Առավոտը» այս տարվա հոկտեմբերի 15-ի «Փոշմանել է, որ եկել է» հրապարակմամբ անդրադարձել էր Ուկրաինայում երկար տարիներ ապրած եւ բարձր պաշտոններ զբաղեցրած 70-ամյա Սերյոժա Պողոսյանին: Նա, դրսում թողնելով ապահով կյանքը, վերադարձել էր հայրենիք: Օրերս նա մեզ փոխանցեց, որ հրապարակումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից նրա որդու՝ Տիգրանի ծննդյան տարեդարձի առթիվ, 20 հազար դրամ են տրամադրել՝ ձմեռվա փայտ կամ սնունդ գնելու համար: Նշել էինք, որ Ս. Պողոսյանը իր 17-ամյա որդու հետ արդեն 18 տարի ապրում է անմարդկային պայմաններով վագոն-տնակում, որից եւս կարող է զրկվել, քանի որ տարածքն արտադրական է ճանաչվել, եւ Ս. Պողոսյանին սպառնում են վռնդել: Սպիտակի քաղաքապետարանում նրանից պահանջում են 1 մլն դրամ, որպեսզի տարածքը սեփականաշնորհեն: Մինչդեռ Ս. Պողոսյանը իր հետ խմբագրություն էր բերել Սպիտակի քաղաքապետի ստորագրությամբ տեղեկանքներ, որոնցում հայտնվում էր, որ նա բնակվում է վագոն-տնակում եւ պարտաճանաչորեն վճարում է հողի հարկերը: Ուստի նրանից գումար պահանջելու իրավունք չունեն:
Նշենք, որ Սպիտակի կադաստրը նույնպես չի հաստատում, քանի որ քաղաքապետարանը փաստաթուղթ չի տրամադրում: