Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Խոպանչի հայրիկների պատահական սեռական կապերի պատճառով շատ հայ երեխաներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեղերով են ապրում:

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Արդեն քանի տարի է՝ այս օրը Հայաստանում էլ միջոցառումներ են կազմակերպվում, արկղերով պահպանակներ են բաժանում երիտասարդությանը, մոմավառությամբ հարգում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը, զգուշացնում, որ պատահական սեռական կապեր չունենան, թմրամիջոցներից հեռու մնան եւ այլն: Թե այդ ամենն ինչ արդյունք է տվել՝ դժվար է հստակ ասել, որովհետեւ 2007-ից մինչ օրս դեռ չի արվել հետազոտություն, եւ մասնագետները չգիտեն՝ հասարակության իրազեկվածությունն ինչ-որ չափով բարձրացե՞լ է, թե՞ ոչ: Իրենք՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ պատմում են, որ երբ տաքսի են նստում ու ասում՝ քշեք Ավան՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, վարորդները քիչ է մնում փողը չվերցնեն, խնդրում են այն դնել նստարանին, ավելի անտակտները նույնիսկ իջեցնում են մեքենայից՝ չգիտակցելով, որ նման շփումից չեն վարակվի:

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարի էլ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց թիվը չի պակասել: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ախտորոշվել է 133 նոր հիվանդ, որոնց թվում նաեւ՝ 3-4 տարեկան անմեղ երեխաներ: Նրանց այդ հիվանդությունը փոխանցվել է մորից: Այս պահին Հայաստանում հաշվառված է 956 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ, թեեւ հիվանդների իրական թիվը շատ ավելի մեծ է, հաշվարկային տվյալներով՝ խոսքը մոտ 2500 հիվանդի մասին է: Կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-վիճակագիր Ռուբեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անցյալ ողջ տարվա ընթացքում հայտնաբերվել է 149 հիվանդ. «Եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին էլ կախտորոշվեն նոր մարդիկ, կարելի է ասել, որ այս տարի նոր դեպքերի թիվը նույնքան կլինի, ինչքան անցյալ տարի»: Մեր հարցին՝ եթե հիվանդների թիվը տարեցտարի չի պակասում, չի՞ նշանակում, որ պայքարը լավ արդյունք չի տալիս, Ռ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ աշխատանքները միանգամից արդյունք չեն տալիս, եւ հետո, նոր դեպքերը նոր վարակվածները չեն, նրանք վաղուց են վարակվել, պարզապես նոր են հայտնաբերվել»:

Նշենք, որ այսօր տեղական ու միջազգային կազմակերպությունները, որոնք պայքարում են դարի հիվանդության դեմ, նորից տարբեր զանգվածային միջոցառումներ են կազմակերպելու, վախենալու թվեր են հրապարակելու, որ աշխարհում ՁԻԱՀ-ից տարեկան մահանում է 2,1 միլիոն մարդ, ամեն օր՝ 5736, ամեն ժամ՝ 239 մարդ, որ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը շարունակ աճում է, որ պետք է սեքսով զբաղվեն պահպանակով եւ այլն: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրներ աշխատանքի մեկնած հայ տղամարդիկ շարունակում են Ռուսաստանի, Ուկրաինայի անծանոթուհիների հետ սեռական կապի մեջ մտնել՝ առանց պահպանակի օգտագործման: Իսկ տարին մեկ տուն վերադարձած խոպանչիներին իրենց կանայք գրկաբաց են ընդունում, արագ հղիանում, արդյունքում ունենում ենք վարակով ծնված երեխաներ, որոնք դեռ կյանք չմտած՝ արդեն դեղերով են շնչում: Եվ քանի որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումները կամավորության սկզբունքով են կատարվում, չեն էլ կարող հենց օդանավակայանից բոլոր խոպանչիներին բռնել ու լաբորատոր հետազոտման ենթարկել՝ ընտանիքին չվարակելու համար:

Մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման խոցելի խմբեր են միգրանտները, մարմնավաճառները, թմրամոլներն ու հոմոսեքսուալները: Ըստ բժիշկ-վիճակագրի՝ «Մեր արձանագրած նոր դեպքերը վերլուծելով՝ կարելի է դիտարկել, որ տղամարդկանց մեծ մասը վարակվել է դրսում՝ ԱՊՀ երկրներում»:

Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ վարակի ախտորոշումը, բուժումը եւ դեղերն անվճար են: Այդ ամենը ֆինանսավորվում է պետբյուջեից եւ «Գլոբալ ֆոնդի» միջոցներից: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի այցելուները ստանում են հակառետրովիրուսային բուժում: Ռուբեն Հովհաննիսյանի խոսքերով, «Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ վիրուսի բազմացումը կանգ է առնում: Ամբողջ աշխարհում է ընդունված բուժման այդ ձեւը, ուրիշ բան, որ տարբեր երկրներ իրենց համար բուժման նոր մեթոդ էլ են գտել ու կիրառում են»: Հիշեցնենք, որ մոտ 10 տարի առաջ մեր երկրում մեծ աղմուկ բարձրացավ «Արմենիկումի» շուրջ, սկզբում վստահեցնում էին, որ դա մի գաղտնի բանաձեւ է, որը թույլ կտա մեր երկրին, այսպես ասած՝ միլիոններ շփել հիվանդների հաշվին, որովհետեւ մենք գտել ենք դարի հիվանդության բուժման միակ ելքը, նույնիսկ դեպքեր ի հայտ եկան, թե ինչպես է մահվան դատապարտված ՄԻԱՎ վարակով ապրող մարդը բուժվել: Հիմա դժվար է ասել՝ PR էր դա, թե իրականություն, բայց տարիներ հետո ոչ միայն «Արմենիկումի» անունը չթնդաց, եւ մեր երկիրն էլ դրանից չհարստացավ, այլեւ բազմաթիվ հիվանդներ սկսեցին բացահայտ հակաքարոզչություն տանել, որ օգտվել են «Արմենիկումից»՝ ավելի են վատացել: Ռ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Մենք մեր հիվանդներին երկու մեթոդներն էլ ներկայացնում ենք, եւ իրենք են որոշում՝ որ ճանապարհով գնան՝ աշխարհի՞ բուժման մեթոդն ընտրեն, թե՞ Հայաստանի «Արմենիկումի»: Բժիշկը նաեւ վստահեցրեց, որ չի կարելի երկուսն էլ փորձել. «Դա ցանկալի արդյունք չի տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել