Աշխատակիցները դժգոհում են, որ իրենք դեկտեմբերի 1-ից անհայտ ժամանակով հարկադիր արձակուրդի են գնում
Ախուրյանի շաքարի գործարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ընդամենը մի ամիս առաջ՝ Գյումրի քաղաքին նվիրված տոնին, որին մասնակցեց նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարեւորելով հատկապես այն փաստը, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գործազուրկ մարզում նախատեսել է 1000 աշխատատեղ ստեղծել, իսկ 700-ն արդեն իսկ այդ պահին աշխատում էին գործարանում: Եվ մինչ նախագահը ոգեւորված կխոսեր այն մասին, որ շուտով մեր երկրում դրսից շաքար չի ներմուծվելու, մեր արտադրանքը այնքան «որակյալ ու մրցունակ է», որ մի բան էլ Հայաստանն է դառնալու շաքար արտահանող երկիր, գներն էժանանալու են, գյուղացիներին ճակնդեղագործությամբ զբաղվելու գործում խրախուսելու են եւ այլն, պարզվում է՝ նորաբաց գործարանը մի քանի օրից ժամանակավորապես դադարեցնելու է իր աշխատանքը:
Այս մասին մեր օրաթերթին տեղեկացրեցին գործարանի տարբեր աշխատակիցներ՝ դժգոհելով, որ շաքարի հսկան այդուհանդերձ շիրակցիների համար մշտական ու կայուն աշխատատեղ չի ապահովում, քանի որ դեռ աշխատանքի չտեղավորված՝ իրենք ստիպված են անհայտ ժամանակով արձակուրդ գնալ, եւ նույնիսկ հայտնի չէ՝ գործարանի տնօրինությունը չաշխատած ամիսների ընթացքում իրենց կվարձատրի՞, թե՞ ոչ: Աշխատակիցներին նույնիսկ տեղեկություններ են հասել, որ արձակուրդը տեւելու է չորս ամիս. գործարանը կվերագործարկվի մարտից: Նրանց հատկապես մտահոգում է այն տխուր փաստը, որ հարկադիր պարապուրդը համընկնում է Շիրակի դաժան ու ծախսատար ձմռան հետ, որից գլուխ հանելը պարզապես «հերոսություն է», եւ եթե չաշխատած ամիսների համար իրենց չվճարեն, ապա շատերը հարկադրված են նոր աշխատանք փնտրել: Ի դեպ, նրանք, ովքեր տեղավորվել են շաքարի գործարանում աշխատանքի, բավականին գոհ են պայմաններից, աշխատավարձից. ըստ նրանց, այն թեեւ ժամավարձային է, սակայն ձեռնտու է, այստեղ՝ կախված մասնագիտությունից, ամսական միջինը 120-150 հազար դրամ կարելի է ստանալ:
«Առավոտը» շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են դեկտեմբերի 1-ից գործարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու պատճառները, մի՞թե գործարանն այլեւս հումք չունի: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերի բնակիչները այս տարի հրաժարվել էին գործ բռնել ԱԺ պատգամավորի հետ՝ նրան մեղադրելով «ժլատության մեջ»: Ըստ գյուղացիների, օլիգարխը ճակնդեղի 1կգ-ի համար անչափ ցածր գին է առաջարկում՝ 25-30 դրամ, իրենք էլ հրաժարվում են շաքարի գործարանի տնօրինության հետ պայմանագիր կնքել ու ճակնդեղ մշակել: Ինչեւէ, շաքարի գործարանի տնօրենը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին սխալ կլինի ասել, թե գործարանը դեկտեմբերից մինչեւ մարտ չի աշխատելու, հնարավոր չէ կոնկրետ ամսաթիվ նշել, միգուցե ավելի շուտ սկսի աշխատել: «Մենք արդեն իսկ 45000 տոննա շաքար ենք արտադրել, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը 85000 տոննա շաքար է սպառում: Պահեստներում այլեւս տեղ չունենք, մեր արտադրածը պիտի սպառվի, որ եկամուտ ստանաս, փողը ներդնես, նորից գործ անես, տրամաբանական չէ՞, փող պետք է լինի ձեռքիդ, որ հումք ձեռք բերես, իսկ հումքը մենք ներկրում ենք Հարավային Ամերիկայից, տեղում մասամբ ենք մշակել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
«Առավոտի» հարցինը, թե հայկական շաքարը արդյոք Վրաստան, Իրան ու Ռուսաստան չե՞ն արտահանել, Էդուարդ Սարգսյանը տեղեկացրեց, որ Վրաստան արդեն իսկ արտահանված է, իսկ Իրան ու Իրաք փորձնական նմուշներ են ուղարկել, եւ եթե այնտեղ մեր արտադրանքը հավանեն, կայուն շուկա ձեռք բերենք, ապա հետագայում գործարանի աշխատանքները թեկուզեւ ժամանակավորապես չեն դադարի: Այսինքն՝ շիրակցիները տարին տասներկու ամիս գո՞րծ կունենան՝ մեր այս հարցին, գործարանի գործադիր տնօրենը վերհիշեցրեց. «10 ամիս գործ կունենան, իսկ երկու ամիսը պարտադիր վերանորոգման աշխատանքներ ենք կատարելու»: