Ո՞վ է շահագրգռված մեր երկրից խոշոր ներդրողների հեռանալու մեջ
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրում ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ երկու խոշոր ընկերությունների՝ GeoProMining Gold-ի եւ «Հարավկովկասյան երկաթուղիի» շուրջ: Ռուսաստանյան GeoProMining ընկերությունների խումբը 2007 թվականին ձեռք էր բերել Vedanta ընկերությունից Արարատի ոսկու կորզման գործարանը եւ ոսկու հանքերի՝ Սոթքի եւ Մեղրաձորի շահագործման իրավունքը: Մոտ երկու տարի ընկերությունը տարված էր գործարանը Արարատից Սոթքի հանքին ավելի մոտ տեղափոխելու գաղափարով (դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ այդ գաղափարը ընկերության զարգացման ռազմավարություն մշակելիս ուսումնասիրում էին ձեռնարկության բոլոր նախկին սեփականատերերը): Սակայն բնապահպանական նկատառումներից ելնելով, այդ գաղափարից ստիպված եղան հրաժարվել, եւ ներկայումս GPM Gold-ը ձեռնամուխ է եղել նոր գործարանի կառուցման եւ հանքավայրը կարգի բերելու խոշոր նախագծի իրականացմանը: Այդ իրավիճակում Վերահսկիչ պալատի մոտ առաջ եկան հարցեր, որոնց, սակայն, ոչ ոք չփորձեց տալ կառուցողական պատասխաններ: Այդ հարցերը վերածվեցին մի մեծ, կազմակերպված շոուի, որը նպատակ ուներ GPM Gold-ին մեղադրել բոլոր հայտնի մեղքերում:
Օրինակ, ինչ վերաբերում է 250 միլիոն դոլար վարկին, որը իբրեւ թե GPM Gold-ը ստացել էր «ՎՏԲ Կապիտալ»-ից GPM Gold-ի գրավադրմամբ եւ նշված գումարը չէր ներդրել արտադրության մեջ: Մինչդեռ ընկերությունում պնդում են, որ խոսքը գնում է 2007 թվականից ստացված վարկերի վերաֆինանսավորման մասին: Վարկը տրված է ոչ թե GPM Gold-ի գրավադրմամբ, այլ ընդհանուր Խմբի արժեթղթերի, որոնք տարածվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում գտնվող ձեռնարկությունների վրա: Սա տրամաբանական է, քանի որ այնպիսի վնասով աշխատող ձեռնարկությունը, ինչպիսին է GPM Gold-ը, չի կարող ստանալ այդպիսի խոշոր վարկավորում: Ընդ որում, ինչպես պնդում են ընկերությունում, այդ վարկը սպասարկում են Խմբի բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ GPM Gold-ի: Ընկերությունում նաեւ պարզաբանում են՝ այդ գումարի մեծ մասը ուղղորդվում է հենց GPM Gold-ի արտադրության զարգացմանը: Բացի դա, ընկերությանն ուղղված ՎՊ-ի մեղադրանքների մեծ մասը անհասցե է, քանի որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ տարբեր պետական կառույցների: Օրինակ, ի՞նչ է նշանակում պնդումը, թե 2004 թվականից ընկերությունը գործում է առանց հանքերի շահագործման արտոնագրերի: Եթե ընդունենք, որ դա այդպես է, ապա ինչո՞վ էին վերջին 6 տարվա ընթացքում զբաղված չինովնիկները, որոնց պարտականությունն էր այդ իրավիճակի վերահսկողությունը: Մի՞թե դա չեն հասկանում ՎՊ-ում: Եթե հասկանում են, ապա ո՞ւմ է ձեռնտու աղավաղել իրականությունը:
Հարց է ծագում, ո՞ւմ է սա ձեռնտու եւ ինչի՞ համար: Ո՞ւմ եւ ինչո՞ւ է անհրաժեշտ տապալել մեր երկրում ոսկու արդյունահանումը վերականգնելու խոշոր ընկերության ծրագրերը: Ո՞ւմ եւ ինչո՞ւ է ձեռնտու այդպիսի խոշոր ձեռնարկության պարապուրդը, գործազրկության աճը տարածաշրջաններում, ՀՆԱ-ի անկումը: Ո՞ւմ եւ ինչո՞ւ է ձեռնտու խարխլել երկաթուղին շահագործող կազմակերպության ֆինանսական կայունությունը: Մ՞իթե վերջին շրջանում ոսկու գների աճը կուրացրել է որոշ մարդկանց, որոնք պատրաստ են զոհաբերել հասարակության եւ պետության շահերը հանուն իրենց անձնականի:
Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը վստահվել է մեր երկրի ռազմավարական գործընկերոջ այնպիսի փորձառու կազմակերպությանը, ինչպիսին է «Ռուսաստանյան երկաթուղին»: Սկզբնական շրջանում ամեն ինչ չէր, որ հարթ էր ստացվում, սակայն վերջին երկու տարիներին դրական փոփոխություններն ակնհայտ են: Այստեղ պետք է հաշվի առնել, որ երկրների մեծամասնությունում երկաթուղային փոխադրումները վնասաբեր են, իսկ մեր շրջափակման մեջ գտնվող երկրում՝ առավել եւս: Ըստ էության «Ռուսաստանյան երկաթուղին» ստանձնել է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր՝ վերականգնել վերջին 15 տարիներին թալանված մեր երկաթուղային տնտեսությունը: Կառավարումը ստանձնելուց հետո իրենց պաշտոններից, կողմնակի եկամուտներից զրկվեցին երկաթուղային համակարգից կառչած բազմաթիվ անձինք եւ կազմակերպություններ: Բազմամիլիոնանոց պատվերների համար էլ ոչ ոք կաշառք չի պահանջում, այլ կազմակերպվում են արդար մրցույթներ: ՀԿԵ-ն սկսեց զարգացնել միտումնավոր ոչնչացված միջքաղաքային երկաթուղային ուղեւորափոխադրումները: Դրանով նա խփեց գծատեր պատգամավորների, կառավարական չինովնիկների եւ տեղական նշանակության իշխանիկների գրպաններին: Երկաթուղային համակարգը սկսեց աշխատել, նշմարվեց նրա պահպանման հեռանկարը: Իսկ ո՞ւմ է դա պետք: Մե՞զ՝ քաղաքացիներիս, պետությա՞նը: Իսկ ո՞ւր են մեր կամ պետության շահերը: Մեր հասարակությունում արդեն վաղուց գերակայում են միայն օլիգարխների եւ տարբեր տրամաչափի տեղական հեղինակությունների շահերը:
GPM Gold-ին եւ ՀԿԵ-ին միավորում է եւս մեկ կարեւոր հանգամանք: Երկաթուղին Սոթքի հանքից Արարատ է տեղափոխում հարյուր-հազարավոր տոննա հանքաքար: Դա ավելի քան 260 կիլոմետր ճանապարհ է, որի շահագործումը թույլ է տալիս ՀԿԵ-ին պահպանել ֆինանսապես կայուն իրավիճակ: GPM Gold-ի գործունեության ընդհատումը հղի է երկաթուղու պարապուրդով, ինչը հզոր հարված կլինի ՀԿԵ-ին, որի շահույթի մոտ 50 տոկոսը գոյանում է հենց այդ ուղղությունը շահագործելուց: Այդ դեպքում ՀԿԵ-ն ստիպված է դիմել աշխատակիցների զանգվածային կրճատումների եւ ավելացնել սակագները մեր օրեցօր թանկացող ներկրման եւ կրճատվող արտահանման համար:
Մեր երկրում ռուսաստանյան ներդրումները պաշտպանված են ամենաբարձր, երկու երկրների նախագահների մակարդակով: Բնական է, որ այդպիսի խոշոր նախագծերը իրականացվում են երկու երկրների ղեկավարների իմացությամբ եւ միջպետական հանձնաժողովների շրջանակներում: Եվ թվում է, թե GPM Gold-ին եւ ՀԿԵ-ին վարկաբեկելու փորձերը նախագահական ինստիտուտին նետված մարտահրավեր են: