Ցանկացած մենաշնորհ, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման հարցում, տանում է փակուղի: Մեր տարածաշրջանում, ուր բախվում են մեծ տերությունների շահերը, կարեւոր է շահերի հատումն օգտագործել մենաշնորհը բացառելու, ոչ թե կողմերից մեկին սպասարկելու համար:
Պատահական չէ, որ մեր տարածաշրջանն ստացել է «խաչմերուկ» որակումը: Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով այն միշտ գրավիչ է եղել ազդեցիկ տարբեր ուժերի համար: Ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից՝ մեկ այս, մեկ այն տերությունը փորձել է դառնալ առաջատար:
Լինելով Խորհրդային Միության հիմնական ուժը՝ Ռուսաստանը չհաշտվեց ԱՊՀ-ում շարքային պետություններից մեկը լինելու մտքի հետ: Դրոշակակրի հեղինակությունը պետք էր պահպանել թե՛ դրսի, թե՛ ներսի աչքում:
Հետխորհրդային ամենաթեժ հակամարտություններից՝ ղարաբաղյանի հարցում հրադադարի համաձայնագրին հասնելը հավակնությունների բավարարման ամուր խթան էր: Մենաշնորհը բացառելու համար, սակայն, տարածաշրջանային անվտանգության ապահովման խոշորագույն կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, հիշեցրեց, որ հակամարտության վերջնական կարգավորումն իր պատասխանատվության շրջանակում է, եւ աշխատանքը դինամիկ դարձնելու համար ձեւավորեց ավելի նեղ ձեւաչափ՝ Մինսկի խումբը, այնուհետեւ՝ համանախագահների ինստիտուտը: Վերջինս համախմբեց ամենաազդեցիկներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիության կողմից՝ Ֆրանսիային:
1994-ից ի վեր ցանկացած ճանապարհային քարտեզ ու կարգավորման սկզբունք քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Ժամանակ առ ժամանակ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը փորձել են առաջ ընկնել մրցավազքում: Հավասարակշռությունը, սակայն, ի վերջո վերականգնվել է:
Տերություններից յուրաքանչյուրը, բնականաբար, մեր տարածաշրջանում ունի սեփական շահերը: Մեծացնելով ազդեցությունն այս կամ այն հարցում՝ պետությունը ստանձնում է թելադրողի դերը նաեւ հարցերի ավելի լայն շրջանակում: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե ինքն է օժանդակում տարածաշրջանի խնդիրների լուծմանը, այլ տարածաշրջանի պետությունները հայտնվում են այդ տերությանը սպասարկողի դերում: Սա, իհարկե, լավ բան չի հուշում մյուս երկրներին: Ու գալիս է դերերը վերաբաշխելու ժամանակը, ինչն ավելի է ապակայունացնում իրավիճակը:
Համեմատության համար՝ արաբա-իսրայելական հակամարտության օրինակը. կարգավորման պատասխանատվությունն այսօր, ինչպես գիտենք, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի վրա է: Օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակից (օրինակ՝ ԽՍՀՄ փլուզում)՝ Իսրայելի ամենամտերիմ գործընկերը՝ ԱՄՆ-ը, ժամանակին միջնորդության նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը: Սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում, սակայն, ԱՄՆ-ը քիչ-քիչ կորցնում է բացառիկ առաջատարի դերը եւ միանձնյա թելադրողը լինելու հնարավորությունը: Միջին եւ մերձավոր արեւելյան տարածաշրջանային դժվարությունների ֆոնին՝ կապված Իրանի, ծայրահեղականության, իսլամական արմատականության, Իրաքի ու Պակիստանի կայունացման, Աֆղանստանում պատերազմի եւ այլ խնդիրների հետ, ԱՄՆ-ը հասկացավ, որ, կենտրոնանալով արաբա-իսրայելական պատերազմի կարգավորման եւ այդ ընթացքում կողմերից մեկի շահերի շեշտադրման վրա, առանց համաշխարհային ուժային մյուս կենտրոնների աջակցության համալիր այդ խնդիրների կարգավորումն անհնար կլինի: Այս պարագայում աճեց Իսրայելին պակաս բարեկամ երկրների ակտիվացումը տարածաշրջանում:
Մեր տարածաշրջանը եւս բացառություն չէ: Գեր- եւ տարածաշրջանային տերությունների շահերի բախման «հարավկովկասյան» կիզակետում ղարաբաղյան հակամարտության էությունն ու կարգավորման տրամաբանությունը կարծես մղվել են երկրորդ պլան: Տարածաշրջանում խոշոր տերությունների՝ սեփական շահերից ելնելով առաջնայնության պայքարում ժողովուրդների ինքնորոշման, կյանքի ու գույքի անձեռնմխելիության, փախստականների վերադարձի եւ հումանիտար այլ իրավունքներ, թվում է՝ դարձել են անկարեւոր: Հակամարտության խաղաղ կարգավորմանը ծառայելու առաքելությունը կրկին դառնում է այս կամ այն տերության շահերի սպասարկման գործիք: Այս հեռանկարից խուսափելու եւ հակակշռումն ապահովելու համար ժամանակին ստեղծվել էր մի քանի պետություններից կազմված Մինսկի խումբը, որի հիմնական նպատակն այս կամ այն պետության կողմից կարգավորման մենաշնորհումը բացառելն էր: Եվ կարեւոր է այս մոտեցումը պահպանել մինչեւ կարգավորման ավարտը: Հակառակ դեպքում սկզբունքային դրույթներից մեկի՝ «խաղաղ կարգավորման» մասին խոսելը չափազանց կբարդանա: Իսկ լուծման գործընթացն ինքը կհիշեցնի «կարապի, գայլաձկան ու խեցգետնի» մասին հայտնի առակը: