Երեկ «Առավոտում» հրապարակված «Ոստիկանին գայթակղել են «Գոլդ» համարները» հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն: Այն կատարում են Ոստիկանության շտաբն ու ներքին անվտանգության վարչությունը: Մինչ այս կառույցները ոստիկանապետին կներկայացնեն ծառայողական քննության վերջնական արդյունքները, մեզ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Վալենտին Պապյանը երեկ արդեն ԳԱԶ-21 մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ալբերտ Լեւոնյանին է վերադարձրել 08 ՏՏ 005 ավտոմեքենայի համարանիշները, որոնք քննչականի պետը տեղադրել էր իր վարած «Տոյոտա-Պռադո» մակնիշի «ջիպ»-ի վրա: Քննչականի պետը վերադարձրել է նաեւ «Տոյոտա-Պռադո»-ն իր ընկերոջը, քանի որ «պարզվել է», որ հիշյալ ավտոմեքենան իբր իրենը չէ: «Առավոտի» հրապարակումից հետո ՀՀ ոստիկանապետի անմիջական հանձնարարականի արդյունքում իրավապահ պաշտոնյայի կողմից խախտված երեւույթը «շողուլի» բերվեց: Իսկ արդյոք պաշտոնյան կենթարկվի՞ վարչական պատասխանատվության, քանի որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի 123 պրիմ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով օրինախախտը տուգանվում է 100 հազար դրամով: