Աստանայում կայանալիք հանդիպումներից այս ակնկալիքը կա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն խոսում են Աստանայի մասին, հայտարարում են, թե այստեղ հնարավոր են կարեւոր հանդիպումներ, անգամ ձեւաչափի մասին են խոսում, նաեւ հույս են հայտնում, թե Աստանայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը հնարավոր է կարեւոր լինի ղարաբաղյան հարցի գործընթացում: Մինչդեռ հայաստանյան քաղաքական ուժերը, ընդ որում, նաեւ՝ ընդդիմադիր, միաբերան խոսում էին այն մասին, թե Աստանայում արտակարգ ոչ մի բան չի լինելու, ոչ մի կարեւոր եւ վճռորոշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չի լինելու, եւ կարիք չկա Աստանայից սպասել կոնկրետ, շոշափելի ինչ-որ բան: Սակայն երբ պաշտոնապես հայտարարվեց, որ հանրապետության նախագահը կմեկնի Աստանա, կարծես շեշտադրումը փոխվեց: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը եւս ենթադրում է, որ Աստանայում, ըստ ամենայնի, նախատեսվում էր որոշակի շոշափելի արդյունք արձանագրել, տեղաշարժ առաջացնել, բայց նախորդող իրադարձությունները դրան խանգարեցին: Նախ, որ մեծ լարվածություն առաջացավ սահմանային գոտում եւ ադրբեջանա-հայկական հարաբերություններում, եւ հետո՝ կարծես չիրականացավ Մոսկվայում կայացած հանդիպման նպատակը՝ մեղմել առկա լարվածությունը եւ կողմերին վերադարձնել բանակցությունների հուն. «Ես կարծում եմ՝ Աստանան ավելի շուտ այս վիճակը պիտի արձանագրի, այսինքն՝ պիտի փորձի մեղմել լարվածությունը եւ ամրագրել բանակցային գործընթացի անխափան ընթացքը:
Գուցե այս պարագայում անուղղակիորեն նաեւ գործընթացի վրա կազդեն «Wikileaks»-ի հրապարակումները Ադրբեջանի մասով: Եթե մեզանում դա առանձնապես որեւէ մտահոգությունների տեղիք չտվեց, որովհետեւ մենք գոնե այդքանը գիտեինք, ապա Ադրբեջանում անհանգստություններ կան, եւ դժվար թե հիմա իրենք փորձեն անել բաներ, որոնք նոր լարվածության տեղիք կտան»: Արտյուշա Շահբազյանին շատ հետաքրքիր են թվացել մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե համանախագահողները Սերժ Սարգսյանի առաջարկներն են տարել Բաքու: Սա պատգամավորին հիմք է տալիս ենթադրելու, որ Աստանայում տեղի ունենալիք հանդիպումներում ինչ-որ կոնկրետ խնդիրներ առաջ կքաշվեն: Պատգամավորի կարծիքով՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում որոշակի է հետեւյալը. «Այն պահերին, երբ թվում է՝ հասել ենք մի տեղ, երբ կարելի է ինչ-ինչ կոնկրետություն արձանագրել (ես չեմ ասում արդյունքի հասնել), մեկ էլ գործընթացը կարծես նորից ետ է նահանջում: Սա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի, որովհետեւ երբ խնդիրը գալիս եւ հասնում է դետալներին, այդտեղ արդեն սկսվում են մեծ անհամաձայնությունները եւ երեւում են տարաձայնությունները»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն, իրոք, նաեւ Ղարաբաղի հարցում սատանան մանրուքների մեջ է, պարոն Շահբազյանը համամիտ էր. «Այո, եւ ոչ միայն այդպես է մեր եւ Ադրբեջանի համար, այլեւ համանախագահողների համար, որովհետեւ այդ դետալների, մանրուքների մեջ է մտնում, օրինակ, խաղաղապահների խնդիրը՝ ի՞նչ զորք է լինելու, ովքե՞ր են լինելու եւ այլն: Բայց այս ամեն ինչի մեջ անընդհատ վարկաբեկվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը տարիներ շարունակ չի կարողանում որոշակի արդյունք տալ: Ուրեմն կա նաեւ իրենց անհանգստությունը»: Ի պատասխան հարցին՝ ուզո՞ւմ էր գնալ Սերժ Սարգսյանն Աստանա, թե՞ չէր ուզում, եւ ինչ-ինչ հանգամանքներից դրդվա՞ծ մեկնեց, թե՞ ի սկզբանե էր մեկնելու, պարոն Շահբազյանն ասաց. «Չեմ կարծում՝ չէր ուզում գնալ, եւ ինչ-որ բան է փոխվել ու ստիպված գնաց: Մերոնք նման հանդիպումների ժամանակ կարգապահություն ունեն եւ մշտապես մասնակցում են»: