Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻՆ»

Դեկտեմբեր 01,2010 00:00

Կարծում է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային

\"\"ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով բաժնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

– Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում կարելի՞ է ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կարեւոր փաստաթղթի ստորագրում։

– Ես մի փոքր կասկածամտորեն եմ վերաբերվում նման փաստաթղթի երեւան գալուն՝ չնայած Մոսկվան բազմիցս խոսում է նման հնարավորության մասին: Դա հասկանալի է: Մոսկվան, բացի ստատուս-քվոն պահպանելուց, ցանկանում է նաեւ ուժեղացնել իր դերակատարությունը տարածաշրջանում եւ իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ գոյություն ունեցող Մինսկի խմբի ձեւաչափից զատ: Մոսկվայի ակտիվացումը չի հանդիպում արտաքին ոչ մի խոչընդոտի: Իրանը Մոսկվային դիտում է որպես տարածաշրջանային դերակատարի, իսկ Արեւմուտքն էլ իր հերթին չունի ԼՂ հիմնահարցի լուծման բանալին: Միգուցե Մոսկվա՞ն կարողանա այն գտնել: Արեւմուտքն առանց այդ էլ իր խնդիրներն ունի՝ Վրաստանի հարցը, Կիպրոսը, Բալկանները, Եվրամիության ընդլայնման հարցերը, ֆինանսական ճգնաժամը եւ այլն: Թող Մոսկվան փորձի ինչ-որ բան անել, ինչո՞ւ չէ: Վստահ եմ, Աստանայում որեւէ բեկում չի լինի, քանի որ այն բանից հետո, երբ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները 2009թ. հուլիսին ստորագրեցին փաստաթուղթ, որտեղ արտացոլվեցին հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքները, Ադրբեջանը եւ Հայաստանն առաջընթաց չեն գրանցել այդ սկզբունքները կիրառելու հարցում: Կողմերը շահագրգռված չեն փոխզիջումներ անել: Խնդիրն այն չէ, որ դա լավ է կամ վատ, այլ այն, որ խնդրի լուծման բանալին չի գտնվում ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Մոսկվայի, ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Անկարայի ձեռքում: Այն առաջին հերթին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում, որոնք պետք է կամենան հասնել խաղաղության: Իսկ խաղաղության կարելի է հասնել, երբ կան կոնկրետ սպասելիքներ: Իմ կարծիքով, որեւէ պարագայում խաղաղության հասնում են միայն այն դեպքում, երբ կողմերը գիտեն, թե ինչը ինչով են փոխարինում: Օրինակ, Եգիպտոսը ժամանակին հասկանում էր, որ Իսրայելի պետականության ճանաչման դեպքում հետ է ստանում Սինա լեռը, իսկ չճանաչելու դեպքում չի ստանում ոչինչ: Եվ Իսրայելն էլ իր հերթին գիտակցում էր, որ Սինայից հեռանալով՝ արմատապես կփոխի արաբական աշխարհի կոնֆիգուրացիան, քանի որ ի դեմս Եգիպտոսի՝ ի հայտ է գալիս արաբական աշխարհի առաջին պետությունը, որը պատրաստ է ճանաչել իր ինքնիշխանությունը եւ սահմանները: Արդյունքում հաստատվեց խաղաղություն: Մինչ այդ պրագմատիկ մոտեցման ի հայտ գալը՝ տարբեր հաճախականությամբ պատերազմները եւ հակամարտությունները շարունակվում էին: Այդ իսկ պատճառով Հայաստանին եւ Ադրբեջանին անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մի պլատֆորմ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ: Միայն այդ դեպքում կհաստատվի խաղաղություն:

– Միգուցե ստատուս-քվոն բոլորի՞ն է ձեռնտու:

– Այո, այն ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ թույլ է տալիս հետաձգել որոշ սուր հարցերին անդրադառնալ: Ձեռնտու է նաեւ Հայաստանին, քանի որ որքան ԼՂ-ն եւ հարակից շրջանները մնան հայկական վերահսկողության տակ, այնքան Հայաստանը շահում է, քանի որ ժամանակը տվյալ պարագայում աշխատում է Հայաստանի օգտին:

– Որքա՞ն է Ադրբեջանի՝ ռազմատենչ հայտարարություններից գործողություններին անցնելու հավանականությունը:

– Այդ հավանականությունը երկու տարվա կտրվածքով ավելի նվազել է, մինչդեռ երկու տարի առաջ տիրում էր որոշակի համոզմունք, որ նման սցենարի կրկնությունն իրատեսական է: Վրաստանը դրան նախորդող 4 տարիների ընթացքում վարում էր հակամարտությունների սառեցման քաղաքականությունը՝ չստանալով արտաքին աշխարհի կողմից ոչ մի դատապարտում: Նաեւ տպավորություն էր ստեղծվում, որ այո՛, սերբական Կրայինայի սցենարի կիրառումը հետխորհրդային համատեքստում հնարավոր է: Սակայն 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո, կարծում եմ, Ադրբեջանը որոշակի հետեւություններ արեց: Թերահավատորեն եմ նայում ռազմատենչ հայտարարություններից կոնկրետ գործողություններին անցնելու տարբերակին, քանի որ այդ հակամարտությունը հնարավոր չի լինի ներկայացնել Արեւելք-Արեւմուտք հակադրության համատեքստում (ինչպես որ արեցին եւ շարունակում են անել վրացիները): ԼՂ հակամարտության պարագայում Ադրբեջանն ուղղակիորեն հակամարտության մեջ չի Ռուսաստանի հետ: Նրա թշնամին Հայաստանն է: Ընդհակառակը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանը դրական տեղաշարժեր է գրանցում: Նույնը նաեւ՝ Արեւմուտքի հետ: Այդ իսկ պատճառով այս պարագայում հնարավոր չի լինի գլոբալ դերակատարներին հստակորեն բաժանել հայամետ եւ ադրբեջանամետ խմբերի: Ավելին՝ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության հանդեպ այդ դերակատարների դիրքորոշմանը՝ այդ բաժանարար գծերը կանցնեն հենց այդ երկրների ներսով: Եվ այս առումով Ադրբեջանը նույնիսկ բարոյական եւ տեղեկատվական գերակայություն չի կարողանա ունենալ այնպես, ինչպես եղավ Վրաստանի պարագայում: Եվ եթե Արեւմուտքը, որն այդքան աջակցում էր Վրաստանին, չպատերազմեց վերջինիս համար, ապա առավել եւս՝ Ադրբեջանի պարագայում, որը չունի միանշանակ այդ աջակցությունը, դժվար է նման զարգացում ակնկալել:

– Հնարավո՞ր է երբեւէ Ռուսաստանը ընդունի Ղարաբաղի անկախությունը:

– Մոտակա 10 տարիների ընթացքում նման զարգացում չեմ պատկերացնում:

– Ո՞ր դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանին:

– Քիչ հավանական եմ համարում նման զարգացումը: Սակայն, եթե ենթադրենք՝ Ռուսաստանը միակողմանիորեն սկսի աջակցել Ադրբեջանին՝ առանց ձգտելու պահել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ռուսաստանի շահերին լուրջ մարտահրավեր կարող են դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորումը: Տարբերակներից մեկն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատումն է, ինչի դեպքում Հայաստանը Ռուսաստանին կարող է այլեւս այդքան հետաքրքիր չլինել: Իհարկե, սա չի նշանակում, որ Ռուսաստանը չի ուզում կարգավորել հակամարտությունը: Ընդհանրապես հիմար մոտեցում է՝ պնդել, որ Ռուսաստանը միակողմանի կարող է այն ինչ-որ ձեւով լուծել: Կարծում եմ, որ ներկա պահին նման լուծում չկա: Ի վերջո, ստատուս-քվոն լավ կյանքից չի: Հնարավոր չէ խնդիրը լուծել կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի օգտին: Երկու տարբերակներն էլ վտանգավոր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել