Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՒՏԵՉԿԱՆ» «ԱՐՏՈՆՎԱԾ» ԷՐ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի ասելով, Wikileaks֊ում հրապարակված, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերի գաղտնազերծումը ԱՄՆ վարչակազմի կողմից թույլատրված է եղել:

Wikileaks սկանդալային կայքում հրապարակված մի քանի հարյուր հազար փաստաթղթերում, որոնք վերաբերում էին Վաշինգտոնի հետ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների՝ «գաղտնի» կամ «կոնֆիդենցիալ» գրիֆով նամակագրություններին, կային նյութեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում էին Հայաստանին: Հրապարակված փաստաթղթերից մեկն ուղղակիորեն էր վերաբերում Հայաստանին: Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղար Նեգրոպոնտեի կողմից 2008թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ նախագահին ուղղված նամակի մասին է, որը երեկ մասնակիորեն հրապարակվել է նաեւ «Առավոտում»: Կարճ հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պնդել էր, թե «2003թ.-ին Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: 2007թ. այդ սպառազինությունների մի մասը օգտագործվել է Իրաքում շիաների երկու հարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհվել է ԱՄՆ մեկ զինվոր, եւս 6-ը վիրավորվել է»: Պետքարտուղարը այդ փաստը մտահոգիչ համարելով եւ արձանագրելով, որ նման դեպքերում ԱՄՆ կառավարությունը որոշակի պատժամիջոցներ կարող է կիրառել Հայաստանի նկատմամբ՝ նաեւ անկեղծորեն հայտարարել էր, թե՝ «մենք հուսով ենք պատժամիջոցների սպառնալիքը որպես գործիք օգտագործել, որը հայկական կողմին հարկադրելու է այնպիսի քայլեր անել, որ պատժամիջոցներ չկիրառենք»:

Հիշյալ տեղեկությունը չեն հերքել՝ ընդհանրապես չէին մեկնաբանել ո՛չ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն ու ո՛չ էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանը, այնուամենայնիվ, Իրանին որոշակի սպառազինություններ փոխանցելու տարանցիկ ճանապարհ է եղել: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական կոմիտեի պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Իսկ ի՞նչ է՝ իշխանությունները պիտի ասեին, որ գրպանահատությո՞ւն են արել, ամերիկացիների հետ համագործակցել, ինչ-որ խնդիրների շուրջ պայմանավորվել, հետո նրանց թիկունքում Իրանին զե՞նք են փոխանցել»: Գ. Եղիազարյանի ասելով, ՀՀ պատկան մարմիններն այդ հրապարակումը հերքել չեն կարող, որովհետեւ՝ «եթե նման բան եղած չլիներ, հիմա իրենց պատռելով էին հերքել այդ տեղեկությունը»:

Այդուամենայնիվ, այսօր արդեն ընդդիմադիր գործիչը կարծիք հայտնեց, թե Wikileaks-ում տեղի ունեցած նյութերի հրապարակումը առանց ԱՄՆ-ի նախաձեռնության չէր կարող լինել, եւ «չեմ հավատում, որ նրանք այնքան, մեղմ ասած, միամիտ են, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Ինչ-որ մի բան, շատ լուրջ բան է կատարվում մեր շուրջը, որի արձագանքները, թերեւս, շուտով կլինեն»:

Գ. Եղիազարյանը հակված է կարծելու, որ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող նյութերը որոշակիորեն գործիք կդառնան ԼՂ հարցում կողմերի՝ մասնավորապես նաեւ Հայաստանի վրա, ճնշումներ գործադրելու համար:

Նա էլ այն կարծիքին էր, թե այդ նյութերի հրապարակումից ավելի շատ «տուժեցին» այլ երկրներն ու նրանց միջեւ հարաբերությունները, քան Միացյալ Նահանգները. «ԱՄՆ-ին թվում է, թե իրենք են որ կան, դրա համար էլ այս կամ այն երկրի առաջնորդի մասին անուններով եւ ծաղրանքով են խոսել: Նրանք համարում են, որ գերտերություն են եւ թքած ունեն մյուսների կարծիքի վրա: Այս ամենը նման է «կատվի խաղը՝ մկան մահը» ասվածին»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս հակված է կարծելու, որ ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Նեգրոպոնտեի նամակում պարունակած տեղեկությունը՝ Իրանին զնեք փոխանցելու վերաբերյալ, ճշմարիտ է. «Եթե խոսվում է նամակի մասին, որտեղ փաստ է նշվում, եւ այն չի հերքվում, ապա դրան պետք է վերաբերել որպես փաստի»:

Փորձագետն էլ չբացառեց այն վարկածը, ըստ որի՝ կայքում փաստաթղթերի հրապարակումը հնարավոր է եղել ԱՄՆ-ի վարչակազմի համաձայնությամբ: «Ես ոչ թե կարծում եմ, այլ դա չեմ բացառում, որովհետեւ արդյունքում տեսնում եմ, որ հրապարակ նետված նյութերից շատերն են կարմրում, իսկ ամերիկացիները ոչ միայն չեն կարմրում, այլեւ առիթներ էլ չունեն: Դա է նաեւ, որ ինձ թույլ է տալիս չբացառել, որ դա ամերիկյան կառավարության համաձայնությամբ է արվել»:

Քաղաքագետը Wikileaks-ում եղած հերթական այս արտահոսքը, ի տարբերություն շատ այլ վերլուծաբանների, ուղղակիորեն չկապեց Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի հետ: «Ուղղակիորեն դրա հետ չեմ պայմանավորում: Պարզապես Աստանայի գագաթաժողովից մեկ-երկու օր առաջ եւ այդ նյութերի հրապարակումից հետո գագաթաժողովի էֆեկտը մի քիչ ավելի ուժեղացավ: Բայց հատուկ կապել Աստանայի հետ՝ հազիվ թե»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031