Դեռ 2002թ. մայիսին, ի կատարումն 2000թ.-ին ընդունված՝ Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ էին սահմանվել «Սեւ ցուցակում» հայտնված չինական ու մոլդովական մի քանի եւ հայաստանյան մեկ՝ «Լիզին», ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ պետդեպի, կասկածվում էին Իրանին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը նպաստող սարքավորումներ, տեխնոլոգիաներ եւ երկակի նշանակության նյութեր փոխանցելու մեջ:
Հայաստանյան ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո՝ մայիսի 10-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ակտիվ երկխոսություն ԱՄՆ պետդեպարտամենտի հետ՝ իրավիճակը պարզելու եւ առաջ եկած խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ»: Դեռ 2002-ի մայիսի
31-ին, ամփոփելով երկրորդ համահայկական խորհրդաժողովի արդյունքները, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել էր նաեւ այդ խնդրին. «Այս պահին չեմ կարող շատ մանրամասնել, խորանալ մեր երկխոսության բովանդակության մեջ: Ուղղակի կարող եմ ասել, որ դա բավականին լուրջ խնդիր է, մեր օրակարգում է, եւ մենք երկխոսության մեջ ենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ»: