Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ սենյակում

Նոյեմբեր 30,2010 00:00

Գեղարվեստի դպրոցը հնարավորություն չունի

Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կա մի լուսավոր սենյակ՝ լի նկարչական պիտույքներով, որտեղ թե՛ երիտասարդները եւ թե՛ տարեցները գալիս են հոգեւոր սնունդ ստանալու: Փոքրիկ սրահը, որտեղ աշխատում են իրենց գործին նվիրյալ բարեգործ արվեստագետներ, նման է թանգարանի: Գեղարվեստի այս դպրոցը հիմնադրվել է ինը տարի առաջ՝ նկարիչ Կարո Ղուլիջանյանի կողմից եւ մինչ օրս գոյատեւում է շնորհիվ նկարչուհիներ Արուսյակ Փաշիկյանի եւ Սաթենիկ Ղուլիջանյանի: Դպրոցը գյուղի երիտասարդությանը հնարավորություն է տալիս ի ցույց դնելու իրենց տաղանդը: Հասարակ գյուղացու համար գյուղում, որտեղ ժամանցի համար պայմաններ գրեթե չկան, անհրաժեշտ է առնչվել իսկական արվեստի հետ, քիչ թե շատ ձեւավորել գեղագիտական ճաշակ եւ, վերջապես, ծանր աշխատանքային օրից հետո մի քիչ էլ հիանալ գոնե նկարներով:
Գեղարվեստի դպրոցը պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ, նկարները հաճախ ցուցադրվում են նաեւ հարեւան գյուղերում, Երեւանում: Օրինակ՝ 2007 թ. նրանք իրենց կտավների ընտրանին ներկայացրել են Թումանյանի տուն- թանգարանում, իսկ այս տարի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդես եկել ձեռքի աշխատանքներով (նկարազարդ դրամապանակներ, կաշվե գոտիներ, ինչպես նաեւ մանրանկար խորհրդանշական նշանակություն ունեցող նռներ): Տեղի նկարիչները իրականացնում են նաեւ արդեն ավանդույթ դարձած ճանապարհորդություն դեպի շրջակա սարեր, որտեղ մնալով մեկ ամիս՝ ստեղծագործում են, ապա կազմակերպում բացօթյա ցուցահանդեսներ՝ հրավիրելով այլ արվեստագետների: Գեղարվեստի դպրոցի նկարիչները մտահոգված են դպրոցի ճակատագրով, քանի որ նրանց հետագա գործունեության համար մշակույթի տանը գտնվող ընդամենը մեկ սենյակը չի բավարարում: Իսկ այս խնդիրը շուտափույթ լուծում է ուզում, քանի որ սաները փորձում են իրենց նկարները ցուցադրել նաեւ արտասահմանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել