Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՐՈՂ ԵՆ ՏԱՐԱԶՆԵՐԸ»

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Կամ նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում

Վերջերս ինտերնետ կայքերում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Հայաստանում Բրիտանական խորհուրդը սկսում է պրոպագանդա՝ հայկական տարազը Եվրոպայում ներկայացնելու նպատակով: Այս մասին «Առավոտին» մանրամասներ ներկայացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Նրա փոխանցմամբ, առաջիկայում կմեկնարկի երկամյա ծրագիր՝ «Fashion road» կամ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով, ինչն էլ հայկական նորաձեւության ոլորտում մեծ փոփոխություններ կմտցնի: Ծրագրի շրջանակներում Հայաստանն ու հայկական տարազի պատմությունը եվրոպացի նկարիչ-մոդելավորողների ուշադրության կենտրոնում կլինի: Ա. Սարիբեկյանի խոսքով, «Fashion Road»-ն իրենից ներկայացնում է 5 հայ եւ 5 օտարազգի դիզայներների միջմշակութային համագործակցություն:  Կազմակերպությունները, որոնք կաշխատեն այս ծրագրում, ըստ Ա. Սարիբեկյանի, Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միության (European Union National Institutes for Culture- EUNIC) անդամ են: 5 անդամ կազմակերպություններն են՝ Բրիտանական խորհուրդ, Գյոթեի ինստիտուտ, Ռումինական մշակութային ինստիտուտ, Դանիական մշակութային ինստիտուտ եւ Չեխական կենտրոն: Միջոցառմանը ներգրավված են Հայաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռումինիան, Դանիան եւ Չեխիան:
Ըստ մեր զրուցակցի, ծրագրի նպատակն է՝ ստեղծել համագործակցության եզրեր տարբեր ազգերի նկարիչ-մոդելավորողների միջեւ, մասնագիտական կապեր հաստատել, գիտելիքներ եւ փորձի փոխանակում ունենալ, համատեղ արտադրանք ստեղծել:
Իսկ թե ինչո՞ւ ընտրվեց հենց նորաձեւության ոլորտը, Ա. Սարիբեկյանը մեկնաբանեց. «Նորաձեությունը առաջին անգամ է մեր ծրագրերում: Գաղափարն առաջացավ տարազներից: Երբ ուսումնասիրում էինք հայկական տարազները, հասկացանք, թե դրանք ինչ մեծ մշակույթի կրողներ են. տարազները ներկայացնում են մեր պատմությունը, ժամանակահատվածը, մշակույթը, սոցիալական կարգավիճակը՝ խոսում են Հայաստանի մասին վառ գույներով: Բայց տարազ միայն Հայաստանը չէ, որ ունի, ունեն նաեւ այլ երկրներ: Այս մասով հետաքրքիր է այդ տարազների խառնուրդը կամ «համագործակցությունը» մեկ զգեստի մեջ, ինչն էլ փորձելու ենք իրականացնել»:
«Fashion Road»-ի պաշտոնական մեկնարկը կտրվի 2011 թ.-ի մայիսին: Արեւիկը նշեց, որ 2 տարիների ընթացքում հայ դիզայներներին հնարավորություն կընձեռվի շրջել մասնակից երկրներով եւ ծանոթանալ տեղի նորաձեւության ոլորտին. «Ծրագիրը կսկսվի միջազգային սեմինարով, որին կմասնակցեն ընտրված հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողներն ու փորձագետները: Սեմինարին կհաջորդեն ոլորտի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար վարպետության դասընթացները: Եվրոպայից ժամանած մոդելավորողների համար կկազմակերպվի մշակութային ծրագիր: Սեմինարի եւ վարպետության դասընթացների ավարտին հայ եւ եվրոպացի մոդելավորողները կձեւավորեն ստեղծագործական զույգեր: Հայաստանում կազմակերպված մշակութային ծրագրերին էլ կհաջորդեն փոխայցելություններ եվրոպական երկրներ: Յուրաքանչյուր զույգ՝ բաղկացած մեկ եվրոպացի եւ մեկ հայ նկարիչ-մոդելավորողից, կայցելի իր եվրոպացի զուգընկերոջ հայրենիք: Արդյունքում, ամեն մի զույգի կտրվի հանձնարարություն՝ ստեղծել հավաքածու բաղկացած չորս կտորից: Այն պետք է իր մեջ կրի փոխայցելությունների ընթացքում տվյալ երկրների մշակութային ժառանգության, ավանդույթների ուսումնասիրման արդյունքում ձեռք բերած գիտելիքների, տպավորությունների եւ ազդեցությունների արտացոլումը: Վերջում՝ ստեղծված հավաքածուն, որն ընդհանուր առմամբ կկազմի 20 նմուշ, կցուցադրվի Երեւանում եւ Հայաստանի չորս մարզերում, ապա եվրոպական երկրներում»: Նշենք, որ Հայաստանում եւ Եվրոպայում ցուցադրվելուց հետո հավաքածուն կնվիրվի հայաստանյան թանգարաններից մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել