Սիսիանի մշակույթի կենտրոնի շենքը, որը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ամբողջովին հիմնանորոգված է: Օրերս տեղի ունեցավ նոր մշակույթի կենտրոնի բացումը, որը սպասարկելու է ոչ միայն սիսիանցիներին, այլեւ ամբողջ տարածաշրջանի բնակիչներին: 1954 թվականից գործող մշակույթի օջախը, որն այսուհետ կրելու է Համո Սահյանի անունը, վերանորոգվել է Սոցիալական ներդրումներ հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Սիսիանի քաղաքապետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2009 թվականի օգոստոսից սկսված աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է շուրջ 110 մլն դրամ: Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը «Առավոտին» փոխանցեց, որ փոխվել է շենքի տանիքը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Հարցին՝ վերանորոգումից հետո պահպանվե՞լ է շենքի ճարտարապետական տեսքը, Ա. Գրիգորյանը հավաստիացրեց, որ շենքի նախկին ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ մնացել են նույնը: