Երեկ Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը նշեց իր հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչեց Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնը՝ գրված կոմպոզիտոր Ստեփան Բաբա-Թորոսյանի կողմից: Թատրոնը հիմնադրվել է 1929թ. նոյեմբերի 29-ին՝ նախկին Սպայի տանը: Տարբեր տարիների թատրոնը ղեկավարել են բեմի այնպիսի երախտավորներ, ինչպիսիք են Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանը, Երվանդ Ղազանչյանը, Մարատ Մարինոսյանը: Թատրոնի բեմում խաղացել են Պարույր Արմեն Սանթրոսյանը, Էմմա Վարդանյանը, Իշխան Ղարիբյանը, Արշավիր Ղազարյանը, Պերճ Գեւորգյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը եւ ուրիշներ: 1997թ.–ից Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ է գրանցել՝ բազմաթիվ շրջագայություններ, մասնակցություն հայտնի փառատոների՝ Վրաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Իրանում, Մակեդոնիայում եւ այլուր: Այսօր թատրոնը համալրված է երիտասարդ եւ շնորհալի դերասաններով: Ունի բազմաժանր ու հետաքրքիր խաղացանկ:
Այսուհետ համացանցում կգործի նաեւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի կայքէջը՝ www.youththeater.am: