Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ քաղբանտարկյալնե՞րը

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Հայաստանյան որոշ շրջանակներ ավելի արժեւորում են կենդանու, քան մարդու  եւ խոսքի ազատությունը

Վերջին շրջանում կրքերը գնալով ավելի են բորբոքվում Երեւանի Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի շարունակվող շինարարական աշխատանքների պատճառով: Անգամ գրող-հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հացադուլ հայտարարեց ու դադարեցրեց, ասում են պատճառն էլ այն էր, որ խոստացան տպագրել նրա քառահատոր գիրքը: 50 բնապահպանական կազմակերպություններ էլ օրերս նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին, Երեւանի քաղաքապետին, բոլորին, թե Հայաստանի կլիման չի համապատասխանում դելֆինների եւ այլ ծովային կենդանիների գոյատեւման համար: «Փակվելով ակվարիումային ցուցափեղկերում, այս կենդանիները ոչ միայն ազատությունից են զրկվում, այլեւ բնական կենսակերպի պայմաններից»,- բողոքում են նամակագիրները: Ստացվում է, որ մեր երկրում մարդիկ ջերմեռանդորեն կարող են հանդես գալ կենդանիների «ազատազրկման» դեմ, փոխարենը նույնքան ջերմեռանդորեն լռել ազատությունից զրկված մարդկանց՝ քաղբանտարկյալների մասին: Կամ դա ձեռնտու չէ ոմանց, կամ այդ «մասով» գուցե գրանտ չի «կպնում»: Եվ հետո՝ ով ասես, կարող է սոցիալական ցանցերում հեղափոխություն անել, դրանից հեշտ բան չկա: Օրինակ, բնապահպանական ու կենդանապահպանական ակցիաներով հանդես եկող Սոֆի Լորենը կտրականապես հրաժարվել է բնական մորթուց եւ կաշվից հագուստ կրելուց: Հետաքրքիր է, մեր պայքարող-կենդանասերներից քանի՞սն է հրաժարվել կենդանական կաշվից հագուստներից ու աքսեսուարներից, կամ այլ երկիր գնալիս արդյո՞ք չեն հաճախում դելֆինարիում, ծովաշխարհ եւ նման այլ վայրեր: Ուղղակի մեզանում ավանդույթ է դարձել մի բան ասելը եւ մեկ այլ բան մտածելն ու անելը: Նույն այդ կազմակերպություններից ու բողոքողներից քանի՞սն են ծառատունկ կատարել Կոմիտասի անվան այգում, կամ իրենց ջահելներին ուղարկել մաքրելու այն՝ շաբաթօրյակներին: Այժմ այգին անխնամ է, մարմնավաճառների, բոմժերի ու սեռական փոքրամասնությունների հավաքատեղի, գիշերներն էլ հայոց մեծերի «քթի տակ» տրանսվեստիտներն են հավաքվում: Դելֆինարիումի դեմ բողոքողներից ոմանք պնդում էին, թե այդ օբյեկտի պատճառով կխաթարվի քաղաքի հոգեւոր տեսքը, այդպես շատերը ժամանակին բողոքում էին նաեւ Ջրաշխարհի, անգամ՝ Առնո Բաբաջանյանի արձանի դեմ… ուղղակի բողոքելը դարձել է կենսակերպ:
Բլոգներում նույնպես ակտիվ քննարկումներ կան թեմայի վերաբերյալ: Ոմանք դեմ չեն, որ դելֆինարիում ունենանք, բայց կարծում են, որ արժի Երեւանի ծայրամասային հատվածներում աշխուժություն մտցնել, իսկ Կոմիտասի անվան այգին բարեկարգել՝ առանց նոր զվարճանքի օբյեկտ կառուցելու:
«Ռուֆուսն» akumb.am-ից փաստում է, որ բազմաթիվ երկրներում բնապահպանների համառ ջանքերի շնորհիվ վաղուց փակվել են դելֆինարիումները ու արգելվել նորերի կառուցումը: Այդ երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Չիլին, Կոստա-Ռիկան, Հունգարիան: Մեկ ուրիշն էլ հավելում է, որ, օրինակ, ԱՄՆ-ը չի փակել եւ մտադիր էլ չէ:
«Գլխումս չի տեղավորվում, թե ոնց են էդ դելֆինները գոյատեւելու Երեւանի պայմաններում, ինչպիսի ահռելի ծախսեր են պետք, որպեսզի կարողանան պատշաճ կերպով խնամել ու կերակրեն դելֆիններին: Ու կամ էդ ինչ մեծության լողավազան են կառուցելու, որ դելֆինները իրենց լավ զգան: Մի խոսքով, Երեւանում դելֆինարիա կառուցելը բարբարոսություն է էդ կենդանիների նկատմամբ, էդ գումարները կարող էին ավելի արդյունավետ օգտագործել..»,- գրում է «Ռուֆուսը»:
One_Way_Ticket –ն էլ նշում է. «Դելֆիններին կերակրելու, պահելու պահով չգիտեմ՝ խելքս չի հասնում: Բայց, որ երեխաներին տանելու տեղ գրեթե չկա, փաստ է: Տրաքած կենդանաբանական այգի, կարուսել, … պրծ: Ուրախ կլինեմ, եթե այդպիսի տեղեր ավելի շատ լինեին»:
«Բոբո Ծոծան» հետեւյալ կարծիքի է. «Արտասահմանցիներին դելֆինարիումը չի հետաքրքրի, որովհետեւ Հայաստան հիմնականում գալիս են ստանդարտ տուրիստական երկրներից հոգնած եւ հինավուրց կոթողներ փնտրող մարդիկ։ Դելֆինարիում տեսնել ցանկացողները գնում են Թուրքիա… որտեղ ստանում են ծովային ծառայությունների ամբողջ փաթեթը, ոչ թե մենակ դելֆինարիում։ Այո, երեխաներին տանելու տեղ չկա։ Բայց, արդյո՞ք դելֆինարիումը հենց այն տեղն է, որ օդի պես անհրաժեշտ ու անփոխարինելի է… Երեխաների համար կարելի է կառուցել ձիարշավարաններ, մաքուր լողավազաններ, բարեկարգել այգիները ու տրաքած, սովետի թվից ժառանգած կարուսելները փոխարինել ժամանակակիցներով, մուլտֆիլմեր ցուցադրող կինոթատրոններ, թեմատիկ այգիներ, խաղահրապարակներ կառուցել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել