Կոմունիստները, որոնք անցած կիրակի Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում 41,2 տոկոս քվե են ստացել, այդուհանդերձ, չեն կարողանա երկրի խորհրդարանում մեծամասնություն կազմել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, իր ստացած ձայներով կոմկուսը կարող է հավակնել խորհրդարանի 101 մանդատից միայն 44-ին:
Մոլդովայի իշխող կոալիցիան («Հանուն եվրոպական ինտեգրացիայի»)՝ ի դեմս Ազատական-ժողովրդավարական, Ժողովրդավարական եւ Ազատական կուսակցությունների, նախնական տվյալներով, նոր խորհրդարանում 57 տեղ կունենա: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ընտրողների 27,9 տոկոսի (32 մանդատ), Ժողովրդավարական կուսակցությունը՝ 13,3 (15 մանդատ) եւ Ազատական կուսակցությունը՝ 8,5 տոկոսի (10 մանդատ) քվեն:
Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները, նախնական տվյալներով, չեն հաղթահարել խորհրդարան մտնելու արգելքը: Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել են 20 կուսակցություն եւ 19 անկախ թեկնածու: Ընտրություններին մասնակցել է դրա իրավունքն ունեցողների 58,9 տոկոսը:
Հիշեցնենք, որ Մոլդովայի օրենսդրության համաձայն, երկրի նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուի օգտին քվեարկի առնվազն 61 պատգամավոր: