Թեհրանում տեղի ունեցած երկու պայթյունի արդյունքում այդ երկրի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող իրանցի երկու գիտնականներ՝ ատոմային ֆիզիկոսներ են զոհվել: Reuters-ի մատուցմամբ, տեղի ունեցած պայթյունների մեջ Իրանը մեղադրում է «թշնամական» Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործակալներին:
Ստացված տեղեկությունների համաձայն, գիտնականները՝ պրոֆեսորներ Մաջիդ Շահրիարին եւ Ֆերեյդուն Աբբասին, զոհվել են իրենց իսկ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում, երբ առավոտյան աշխատանքի գնալիս են եղել եւ իրենց կանանց հետ միասին նստել են Peugeot մակնիշի մեքենաները: Մի դեպքում մեքենան պայթեցնելու համար օգտագործվել է գիտնականի ավտոմեքենայի հարեւանությամբ կայանված ականապատված մոտոցիկլը, մյուս դեպքում՝ ականապատված մեքենան:
Հիշեցնենք, որ սա Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող գիտնականի սպանության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ, հունվարին, Թեհրանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր պրոֆեսոր, ատոմային ֆիզիկոս Մասուդ Ալի-Մոհամմադին: Այն ժամանակ էլ իրանական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրեցին ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք հերքեցին իրենց առնչությունն այդ սպանությանը: