Լրահոս
Օրվա լրահոսը

WIKILEAKS-Ն ԷԼԻ «ՓՈԹՈՐԻԿ» ԱՐԵՑ

Նոյեմբեր 30,2010 00:00

Wikileaks կայքը կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթուղթ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խնդրել էր չտարածել գաղտնի փաստաթղթերը՝ զգուշացնելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել հազարավոր կյանքեր, փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների միջեւ, դիվանագիտական սկանդալների եւ դեսպանների արտաքսման պատճառ հանդիսանալ:
Այդուհանդերձ, երկուշաբթի օրը, տեղեկատվական արտահոսքերի հրապարակման ուղղությամբ մասնագիտացած Wikileaks-ի տարածած սկանդալային տեղեկություններ պարունակող նյութերը հայտնվել են ամերիկյան, բրիտանական, գերմանական, իսպանական եւ ֆրանսիական հինգ խոշորագույն թերթերում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Բրիտանական Guardian- ի փոխանցմամբ, այդ նյութերի համաձայն, ԱՄՆ-ն լրտեսել է ՄԱԿ-ի ղեկավարներին, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:
BBC-ի մատուցմամբ, ի թիվս այլ նյութերի, աշխարհում մեծ արձագանք կարող են առաջացնել Կորեական թերակղզում Հյուսիսային Կորեայի տապալումից հետո մեկ միասնական պետություն ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը, նաեւ Սաուդյան Արաբիայի կողմից «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու վերաբերյալ փաստաթղթերը: Բացի այդ, կայքում հրապարակվել են նյութեր, որոնք որոշակի տվյալներ են պարունակում ռուսաստանյան իշխանությունների՝ կազմակերպված հանցավորությանն առնչություններ ունենալու մասին:
Գաղտնազերծված փաստաթղթերում կան նաեւ աշխարհի շատ պետությունների ղեկավարների համար տհաճ անակնկալներ: Այսպես, աշխարհի տարբեր ծայրերում գործող ԱՄՆ դիվանագիտական առաքելություններից Վաշինգտոնում ստացված հաղորդագրություններում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը անվանվել է ավտորիտար մեթոդներով երկիրը կառավարող «ալֆա-շուն», ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ «խամրած» եւ «անվճռական», Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը՝ որպես՝ «վերջացած պարանոյիկ», իսկ Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելը՝ որպես մի ղեկավար, ով «խուսափում է ռիսկերից եւ հազվադեպ է իր գործունեության ընթացքում ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերում», Իրանի նախագահը համեմատվել է Ադոլֆ Հիտլերի հետ եւ այլն:
Միացյալ Նահանգներում, վրդովված են սկանդալային կայքի նոր բացահայտումների առնչությամբ: Մասնավորապես, հանրապետական կոնգրեսական եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Պիտեր Քինգը կոչ է արել Wikileaks կայքը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Նրա ասելով, Wikileaks-ը, որը մեկ անգամ չէ, որ հրապարակել է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթերը, երկրի համար իրական վտանգ է ներկայացնում: Կոնգրեսականի գնահատմամբ, կայքը վարվում է ճիշտ այնպես, ինչպես՝ ահաբեկիչները. վարկաբեկում է ամերիկյան կառավարությանը, չմտածված այնպիսի գործողություններ է իրականացնում, որոնք կարող են մարդկային կյանքեր խլել եւ վտանգի ենթարկել ամերիկացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել