Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հուշարձանների հանդեպ հետաքրքրություն կա

Նոյեմբեր 30,2010 00:00

Օրերս ցավով հայտնաբերեցի, որ հոկտեմբերի 21-ին «Առավոտ» օրաթերթում լույս տեսած «Կազնատին՝ հուշարձանների մասին» լուրում առկա են անճշտություններ (իմ խոսքի սխալ վերծանում եւ մեկնաբանություն):
Ամենից առաջ կցանկանայի ընդգծել, որ բոլոր հուշարձանները կարող են եւ պետք է վերանորոգվեն կամ պահպանվեն, ամրացվեն եւ արժեւորվեն, անխաթար թողնելով դրանց ինքնեությունն ու պատմագեղագիտական արժեքը: Հայաստանը ունի համաշխարհային ճանաչման մշակութային եւ ճարտարապետական մեծ ժառանգություն: Արդեն IV դարի կեսերին սկսել են ի հայտ գալ այն հատկանիշները, որոնք մինչ օրս բնութագրում են հայկական եկեղեցու «տիպը»: Եվրոպացի հետազոտողների հետաքրքրությունը դեպի հայկական ճարտարապետությունը, չնայած Հայաստանի աշխարհագրական եւ քաղաքական ոչ այնքան կարեւոր լինելուն, շատ մեծ է: Վերջին երեսուն տարիների ընթացքում հայկական արվեստի նվիրյալների (Ա. Ալպագո Նովելլո, Պ. Կունեո, Ա. Հախնազարյան, Ջ.Մ. եւ Ն. Թիերի, Մ. Հասրաթյան եւ այլք…) կողմից պարբերաբար իրականացված հետազոտություններն ու չափագրությունները թույլ են տալիս միջազգային ճանաչման հասցնելու այս յուրօրինակ հուշարձանները, որոնք դարձել են նաեւ զբոսաշրջության վայրեր:
Հայկական մշակույթի ուսումնասիրման եւ փաստագրման կենտրոնը, 90-ական թվականներից ի վեր, աշխատում է Հայաստանում՝ փորձելով իր լուման ներդնել Հայաստանի մշակութային եւ ճարտարապետական ժառանգությանը եւ ներգրավելով բարձրակարգ օտարերկրյա, հատկապես իտալացի, փորձագետներ: Եվ եթե Ճիշտ է, որ կենտրոնը միշտ չէ, որ ունենում է բավարար ֆինանսական միջոցներ՝ իրականացնելու իր բոլոր նպատակները, ապա ճիշտ չէ, որ կենտրոնը երբեւէ տնտեսական բնույթի խնդիրներ է ունեցել մշակույթի նախարարության հետ եւ ճիշտ չէ նաեւ, որ իտալացի փորձագետները խաբված են վերադարձել Հայաստանից: Եվ ընդհակառակը, բոլոր այն մասնագետները, որոնք տարիներ շարունակ իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի հուշարձանների պահպանման գործին, շարունակում են հետաքրքրվել փոխշահավետ համագործակցությամբ, եւ այժմ Միլանի պոլիտեխնիկը, որը տրամադրել է մի շարք մասնագետներ, որոնք աջակցել են Երերույքի ամրակայման եւ Մարմաշենի վերականգնման աշխատանքներին, որոշել է համաֆինանսավորել Հայաստանում վերականգնման ուսուցման միջազգային համագործակցության ծրագիրը: Որպես վերջաբան կցանկանայի մաղթել, որ Հայկական մշակույթի ուսումնասիրման եւ փաստագրման կենտրոնի կողմից առաջարկված եւ Իտալիայի արտաքին գործոց նախարարության ու ՀՀ մշակույթի նախարարության կողմից հավանության արժանացած մեծ ծրագրի իրականացումը աջակցի հայկական հուշարձանների պահպանմանն ու դրանց ինքնության անխաթար թողնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել