Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտավորների գիտաժողով

Նոյեմբեր 30,2010 00:00

2010 թվականը հոբելյանական է հայ գրականության եւ լեզվաբանության մի շարք երախտավորների համար՝ Վարագ Առաքելյան, Գեւորգ Ջահուկյան, Սերգեյ Աբրահամյան, Հովհաննես Մուրադյան, Նվարդ Պառնասյան, Հովհաննես Բարսեղյան, Հրանտ Մաթեւոսյան: Այս աստղաբույլից այսօր մեզ հետ է միայն Հովհաննես Բարսեղյանը: Նոյեմբերի 19-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) հայոց լեզվի եւ գրականության ամբիոնների հրավիրած հանրապետական գիտաժողովները նվիրված էին նրանց, ում դերն անուրանալի է հայագիտության զարգացման գործում: Գրաբարին ու ժամանակակից հայերենին, լեզվաբանությանն ու լեզվի պատմությանը վերաբերող նրանց աշխատությունները ոչ միայն բուհական դասագրքեր են, այլեւ շարունակում են առաջնորդող լինել արդի գիտնականների ուսումնասիրությունների համար: Գիտաժողովի լեզվաբանության թեւում հավաքվածների համար հայ լեզվաբանների երրորդ սերունդը եղել է դասախոս, ուսուցիչ: Իսկ «Մաթեւոսյանական արձագանքներ-2» գիտաժողովի մասնակիցներից շատերը, ինչպես իրենք են ասում, Հրանտի ժամանակակիցն են եղել, ընկերը, համակուրսեցին: Այստեղ էր նաեւ գրողի եղբայրը՝ Համլետ Մաթեւոսյանը: Ուստի պատահական չէ, որ գիտաժողովի «չոր» գիտականությունը ջերմացել էր սիրով ու երախտագիտությամբ:
Հոդվածները, որ լույս կտեսնեն առանձին ժողովածուով, վերաբերում էին ոչ միայն հոբելյարների կյանքին, գործունեությանը, գիտական ու գրական վաստակին, այլեւ մի շարք չուսումնասիրված թեմաների: «Այսօր էլ կան լեզվաբանության բնագավառներ, ենթաճյուղեր, որոնց առումով թեեւ թվում է՝ ամեն ինչ ավարտված է, կատարված է, բայց… Օրինակ՝ ոճագիտության բնագավառում դեռեւս ուսումնասիրության լուրջ խնդիր կա՝ չի ուսումնասիրվում այնպես, ինչպես պետք է: Այնպես որ՝ բնագավառները կան, մնում է ուսումնասիրողների նոր բանակը, որ կամաց-կամաց ձեւավորվում է»,- նկատում է ՎՊՄԻ ռեկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Հայ լեզվաբանության նվիրյալների հանդեպ երախտագիտությունը ՎՊՄԻ-ն արտահայտում է ոչ միայն գիտաժողովներով: Նախկին ռեկտոր Ռ. Եդոյանի ջանքերով ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնը կրում է ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի անունը: Իսկ գիտնականի հայրենի քաղաքի՝ Տաշիրի փողոցներից մեկը ակադեմիկոսի անվամբ է կոչվել ներկա ռեկտոր Գ. Խաչատրյանի շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել