Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիշխողը կեղծ գողականությունն է

Նոյեմբեր 30,2010 00:00

Կամ ովքեր են հավաքված բուհերի առաջ ու ներսում

Երթուղայինների վարորդները հաճախ են ինձ հարցնում. «Հը, ո՞նց են ուսանողները, սովորո՞ւմ են, թե՞…»: Հայ հասարակ մարդու մտահոգիչ հարցի պատասխանը, ասեմ անկեղծ, ինձ էլ, ի վերջո, հայտնի չէ: «Դե ոչինչ, էլի»,- հնչում է իմ պատասխանը:
Ես մի բան գիտեմ: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ եւ երեկ, եւ այսօր հանդիպել եմ հիանալի ուսանողների՝ կիրթ, դաստիարակված, սովորելում՝ ջանասեր: Պատահել է, հիացած նրանցով, տետրերում գրություններ եմ թողել՝ ապրես, կեցցես: Կամ փոքրիկ շնորհակալագրեր՝ ուղղված նրանց ծնողներին: Մե՞ծ է այդպիսի ուսանողների թիվը ամբողջ ուսանողության մեջ՝ չգիտեմ: Սակայն մի բան հաստատ գիտեմ. շատ են, շատ–շատ այն ուսանողները, որոնք պարզապես, մեղմ ասած, իրենց տեղում չեն: Խոսքս միջակությունների մասին չէ, որոնք կան, եղել են ու միշտ կլինեն: Կարծում եմ, որ ընդունելության արատավոր քննությունների հետեւանքով այսօր բուհերում ձեւավորված է մի խավ, որում գերիշխողը կեղծ գողականությունն է:
Խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց գոնե մեկ անգամ անցնել հանրապետության բուհերի մասնաշենքերի առջեւով եւ տեսնել այն, ինչի կարելի է հանդիպել գրեթե ամեն օր: Անտանելի հայհոյախառն ժարգոնով խոսող կիսագողականներ, որոնք կույտ–կույտ խմբված կա՛մ ծխում են, կա՛մ չրթում, կա՛մ թքում: Թուք, թքի լճակներ, ծխախոտի մնացորդներ, ո՛րը պպզած, ո՛րը մի ոտքով կանգնած, մյուս ոտքը պատին հենած, ո՛րը ատիճանների բազրիքին թառած. ահա թե ինչ են իրենցից հետո թողնում իրենց ուսանող համարողները: Անվերջ «ռազբիրատներ», «ռազբորկաներ», ժամանակ առ ժամանակ՝ ծեծ, դաժան ծեծ, ասենք, մի քսան հոգով՝ մեկին: Ես չգիտեմ՝ այդ ծեծկռտուքի մասնակիցները ուսանողնե՞ր են, թե՞ ոչ: Սակայն տեսնում եմ նրանց բուհերի առջեւ կամ դրանց բակերում: Գիտեմ նաեւ, թե ովքեր են այդ «ռազբորկաները» կարգավորում. հիմնականում՝ թաղի «խառոշիները»: «Գիտե՞ս՝ ինչ արյունահեղություն կլինի, որ չխառնվեմ»,- ասաց մի օր ինձ այդպիսի մի «խառոշի»: Նրա ասածը ինձ համոզիչ թվաց, եւ ես խնդրեցի, որ աչքը մեր ուսանողության վրա պահի, շարունակի վերահսկել իրավիճակը: Դասերին մասնակցելիս էլ այդ կիսագողականները ոչ գրիչ ունեն, ոչ տետր, ոչ գիրք: Ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հուշում, որ նրանք ուսանողներ են: Նրանց հագուկապը, վզների ոսկե շղթաները, քշած մեքենաները, բերանների ծամածռությունը, երկարածոր խոսվածքը բոլորովին կապ չունեն իրենց դե ֆակտո զբաղեցրած դիրքի հետ: Ահա այսպիսի բաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել