Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆ ԷԼ ԿԴԻՄԵՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  խմբի անդամներն անկոտրում են

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի համախոհները նահանջելու միտք չունեն: Խմբի անդամ, «Մաշտոց» միավորման նախագահ Գարեգին Ղազարյանը հարցն արդեն տեղափոխել է իրավական համակարգ: Հոկտեմբերի 22-ին, ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ-ի, նա դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «առաջին ընթերցմամբ ընդունված համարվող «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը անօրինական հիմքով չեղյալ համարելու եւ ետ վերցնելու պահանջով: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ. Ղազարյանի հայցը: Վերջինս էլ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը նոյեմբերի 22-ին բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում էր կայացրել:
Երեկ դատավոր Ա. Թումանյանի նախագահությամբ վերաքննիչ դատարանում սկսվեց քննության առաջին օրը: «Առավոտի» հետ զրույցում Գ. Ղազարյանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժումը պատճառաբանել է նրանով, թե իր ներկայացրածը «նյութաիրավական պահանջ չէ» եւ դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ. «Պատճառաբանել էին, թե հայցն անձնական բնույթ չունի, այսինքն պարտադիր է, որ ինձ կողոպտեին կամ անշարժ գույք գողանային, նոր դիմեի: Կան բացահայտ ապօրինի կամ վիճելի հասարակական-քաղաքական երեւույթներ, որոնց օրինականությունը պիտի իրավունք ունենամ վիճարկելու՝ որպես Հայաստան պետության քաղաքացի»: Գ. Ղազարյանի խոսքով՝ «Որոշումները ոչ միայն հակապետական, հակաօրինական են, այլեւ իշխող կուսակցության եզրերով հականժդեհյան են, եւ լավ եւ օրինական կլիներ, որ Նժդեհին վկայակոչող նախադասությունն իրենց ծրագրից հանեին, որովհետեւ այդ նախագիծը բացահայտ հականժդեհական ու հակահայկական է: Այժմ մեր նպատակն է, որ այն օրենք չդառնա, պետք է կասեցվի կես ճանապարհին, այդ փաթեթը պետք է մեռցվի»: Բացի այս հանգամանքից, նրա կարծիքով, կրթության համակարգում ահավոր վիճակ է. «40 ռուսական դպրոց կա, որը բացահայտ հանցագործություն է՝ օրը ցերեկով: Ծնողները զտարյուն հայեր են, գալիս են Սոչիից, ցույց են տալիս, որ ՌԴ քաղաքացի են եւ պարտադրում ընդունել ռուսական դասարան: Հայցում նշել եմ, որ այդ կարգն էլ պետք է համապատասխանեցվի Անկախության մասին հռչակագրին եւ Սահմանադրությանը»: Դատավոր Ա. Թումանյանը հարցրեց հայցվորին՝ նախագիծը իրավակա՞ն ակտ է: Գ. Ղազարյանը պատասխանեց. «Նախագիծը պաշտոնական պետական փաստաթուղթ է, որը ընդունվելու վտանգով է հղի: Կան կենսակարեւոր հարցեր, որոնք չպիտի ծնվեն, այդ նախաձեռնությունը սաղմի մեջ եղել է հակապետական, եւ առաջին ընթերցումն էլ լեցուն է եղել բացահայտ ապօրինություններով»:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, թե քաղաքացիական նախաձեռնությամբ իրավական խումբ են պատրաստվում ստեղծել. «Օրենքն ընդունվի, թե ոչ, մենք դատական խնդիրներ ունենք, 10 հազար երեխա սովորում է անհասկանալի հիմքով գործող ռուսական դպրոցներում: Անգամ պարոն Աշոտյանը խոստովանել է, որ այն շատ հեղհեղուկ հիմքի վրա է գործում: Եթե օրենքն ընդունվի, կարող եք համոզված լինել, որ կազմակերպված եւ բարձր իրավաբանական մակարդակով խնդիրը հարթվելու է, հասնելու ենք Հայաստանում եւ ավելի բարձր գործող բոլոր ատյաններ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պայքարի ինչ մեթոդներ են օգտագործելու: «Կան ամենատարբեր պայքարի ձեւեր, ընդհուպ մինչեւ քաղաքացիական անհնազանդություն: Ասել ենք ու ասում ենք՝ եթե հանկարծ այդպիսի դպրոց բացվի, չի կարողանա գործել այնպիսի մթնոլորտում, որը մենք ենք ստեղծելու»,- պատասխանեց Ա. Հովհաննիսյանը: Վերաքննիչ դատարանը, կառչելով նախագծի իրավական ակտ լինելու հանգամանքից, մեկ ժամ անց նույնպես որոշեց մերժել հայցը: Գ. Ղազարյանը «Առավոտին» փոխանցեց, որ կանգ չեն առնելու, եւ հաջորդ քայլը լինելու է ՀՀ վճռաբեկ դատարան դիմելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել