Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշամեդալ՝ Չեքիջյանին

Նոյեմբեր 30,2010 00:00

«Մեկ հային դժվար է ղեկավարել, իսկ երկուսին՝ անտանելի: Այսօր յուրաքանչյուրն իրեն Նապոլեոն է զգում, ինչպե՞ս է 100 մարդու կարողանում ղեկավարել Հովհաննես Չեքիջյանը»,- երեկ Ազգային գրադարանում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հարցնում էր Սուսաննա Դավթյանը: Նա «Հովհաննես Չեքիջյան» գրքի հեղինակն է, մաեստրոյի բարեկամն ու լավ ընկերը, ով յուրովի է բացահայտել  չեքիջյանական գաղտնիքները: «Նա այնպիսի հնազանդեցնող աչքեր ունի, այնպիսի կախարդող ձեռքեր, դրանք ձեռքեր չեն, այլ իսկական երգեհոն, որ եթե հիմա էլ սկսի ձեռքերը շարժել ու  չափ տալ, ես իմ այս խռպոտ ձայնով Գոհար Գասպարյանի պես կերգեմ: Շնորհակալ ենք Հովհաննես Չեքիջյանին, որովհետեւ նա ոչ միայն մեր ճաշակն է բարձրացնում, այլեւ գեղագիտական մեծ հաճույք պատճառում»,- ասում էր տիկին Դավթյանը: Նա դեռ ուսանողական տարիներից է մտապահել մաեստրոյի՝ ոչ միայն երաժշտական դասերը, այլեւ մարդկային փոխհարաբերություններում շատ  կարեւոր նկատառումներ: «Իմ գրքի վերջին մասում էլ անդրադարձել եմ այն բոլոր դասերին, որ մաեստրոյից եմ սովորել՝ կարեւորը իրար լսելն է, էսօր, ցավոք, բոլորս անտարբեր ենք իրար նկատմամբ, նույնիսկ, երբ փողոցում մի ծանոթի ենք հանդիպում, հարցնում ենք՝ ոնց ես ու գնում ենք, էլ չենք լսում պատասխանը, բայց գուցե էդ մարդն ասում է, որ մեռնում է…»,- նշեց գրքի հեղինակը: Ազգագրագետ Վերժինե Սվազլյանն էլ նկատեց, որ Հովհ. Չեքիջյանի շնորհիվ հայկական երգն ու երաժշտությունը ճանաչվել է աշխարհում. «Մաեստրոյի աշխատանքը, տասնամյակների վաստակը սպեղանի է մեզ համար, մեր անցած դժվար ուղիների իսկական մոռացում: Կոմիտասյան երգը օտարներին ներկայացնելուց բացի, օտարներին իրենց  երգարվեստը ներկայացրեց ու ստիպեց նրանց զարմանալ»: Տիկին Սվազլյանի խոսքով,  բացի մասնագիտական հմտություններից, մաեստրոն խստապահանջ է նաեւ արտաքին տվյալների հարցում. «Եթե  երգչախմբի որեւէ անդամի սանրվածքը չէր հավանում, դուրս էր անում»:
Հայ երգարվեստին եւ երաժշտությանը մատուցած ծառայությունների համար Հովհ,  Չեքիջյանին Ազգային գրադարանը հանձնեց Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ:

Հ. Գ. Նշենք, որ միջոցառումը նշանակված էր ժամը 13-ին, սակայն շուրջ  30 րոպե ուշացումով սկսվեց, որովհետեւ մաեստրոն հարցազրույց էր տալիս «Հ1»-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել