Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Քոչարյանը Ղարաբաղի փողը տվե՞լ է

Նոյեմբեր 30,2010 00:00

Լավ-վատ՝ շրջեցինք համահայկական դրամահավաքի տարեգրության եւս մեկ էջը, կարելի է ասել՝ ամենափառավորը, որովհետեւ առաջին անգամ «Հեռուստամարաթոնի» շրջանակում հանգանակված գումարը հատեց-անցավ 20 միլիոնի սահմանագիծը: Փառք ու պատիվ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչու չէ՝ նաեւ կարեւոր այդ ձեռնարկից անմասն չմնացած հայաստանցիներին, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձեցին օգտակար լինել՝ թեկուզ «մի կաթիլ» ջրով:
Ամբողջ 12 ժամ հեռուստացույցի «վազող» տողերով հրապարակվում էին բարեգործությանը մասնակցող կազմակերպությունների եւ անհատների անունները, որոնք տվյալ պարագայում՝ անկախ փոխանցված գումարի չափից, հարգանքի են արժանի: Մարդիկ վստահ են, որ գոնե սոցիալական դժվարություններ ունեցող Արցախին օժանդակելու հարցում իշխանությունների ջանքերը չեն կարող անկեղծ չլինել: Թերեւս միայն անուղղելի հոռետեսը կարող է վատ-վատ բաներ մտածել: Ինչ-որ է, ակցիան ավարտվեց, բայց հասարակությանը հետաքրքրող որոշ հարցականներ, այնուամենայնիվ, մնացին օդում կախված:
Շատերին նախեւառաջ հետաքրքրում է համահայկական կոչվող «Հեռուստամարաթոնին» Հայաստանի եւ ԼՂՀ-ի նախկին ու ներկա իշխանավորների, մեր տեղական մեծահարուստների մասնակցության հարցը: Անգամ ամենահետաքրքրասերները հեռուստապաստառի «վազող» տողերում հանրաճանաչ անձանց անունների, կարծես թե, չհանդիպեցին: Զարմանալի է, մի՞թե պաշտոնաթողությունից հետո պետական մտածողությունն իսպառ լքել է, ասենք, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին, որոնց «փոքր» հայրենիքի դեմ այսօր պատերազմի հոտ է փչում, մինչդեռ այնտեղ իր հույժ լուծմանը սպասող ջրի խնդիր կա:
Աշխարհի հայությունը՝ նույնիսկ նախապատրաստական դասարան հաճախող 5-6 տարեկան լիբանանցի երեխան, իր լուման է ներդնում, իսկ մեր երբեմնի պետական բարձրաստիճան այրերի հոգը չէ կարծես: Միգուցե մենք սխալվում ենք՝ տա Աստված այդպես լինի, բայց հակառակն ապացուցող փաստ, ցավոք, չկա: Նույնը վերաբերում է նաեւ երկու հայկական պետությունների ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներին եւ շռայլ խոստումներ տված որոշ մեծահարուստների: Հարգելի Սամվել Ալեքսանյանի հավաստիացումը, թե ինքը «Հայաստան» հիմնադրամի հաշվին փոխանցելու է 200 հազար ԱՄՆ դոլար, դեռ ականջներիս մեջ է: Տեսնես ի՞նչ եղավ:
Իհարկե՝ մենք հասկանում ենք, նվիրատվությունը կամավոր է, իհարկե՝ չի բացառվում, որ, օրինակ, պարոնայք Քոչարյանի եւ Ղուկասյանի «ձեռքը պակաս» է այս պահին: Եթե խնդիրն իրոք ֆինանսական սղությունն է, ես կարող եմ ներողություն խնդրել աննրբանկատության համար եւ, նույնիսկ, առաջարկել հաջորդ «Հեռուստամարաթոնի» հանգանակության գումարն ամբողջովին ուղղել Արցախի երկու նախկին ղեկավարների նյութական վիճակի բարելավմանը: Հետո հերթը կգա նաեւ մյուսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել