Լրահոս
Օրվա լրահոսը

ARRIVEDERCI, ITALIA

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"«Time» ամերիկյան հանդեսը վերլուծում է, թե ինչու են երիտասարդները հեռանում հայրենիքից

«Այս երկիրը՝ քո երկիրը, այլեւս այն տեղը չէ, որտեղ դու կարող ես մնալ, պահպանելով արժանապատվությունդ…… Ահա թե ինչու սրտի խոր կսկիծով ես քեզ խորհուրդ եմ տալիս՝ ուսումդ ավարտելուց հետո ուղեւորվիր արտասահման: Գնա այնտեղ, որտեղ դեռ գնահատվում է հավատարմությունը, հարգանքը, ճանաչվում են արժանիքներն ու արդյունքը»,- այսպիսի անսովոր խորհուրդ է տալիս իր որդուն Հռոմի էլիտար բուհերից մեկի՝ LUISS համալսարանի գլխավոր տնօրեն Պիեր Լուիջի Չելլին: Հայրենիքից հեռանալու պատճառները շատ չեն փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ մեկ դար առաջ տնտեսական արտագաղթողները բախտ էին որոնում օտար ափերում: Սակայն, ի տարբերություն գյուղացիների եւ բանվորների, որոնք գրոհում էին Նյու Յորք մեկնող շոգենավերը, այս անգամ Իտալիան կորցնում է լավագույններին, ամենաօժտվածներին: Այստեղ ապրող ամենատաղանդավորների եւ ամենակրթվածների համար հնարավորությունների երկիրն ամենուր է, բացի հայրենիքից, փաստում է «Time»-ի հոդվածագիր Ստեֆան Ֆարիսը:
Իտալիան չի հետեւում, թե երիտասարդ արհեստավարժներից քանիսն են բախտ որոնում արտասահմանում, բայց բազմաթիվ վկայություններ կան, որ նրանց թիվն աճում է: Censis ինստիտուտի տվյալներով՝ 2006 թվականին բուհերի 11700 շրջանավարտներ աշխատանք են գտել արտերկրում՝ Իտալիայում կրթություն ստացած յուրաքանչյուր 25 երիտասարդներից մեկը: 2007-ին անցկացված հարցումների արդյունքներով՝ շրջանավարտների 61,5 տոկոսը համոզված էր, որ ստացած կրթության պտուղները վայելելու համար իրենք պետք է լքեն հայրենիքը:
Եվ դժվար չէ կռահել, թե ինչու: Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 30-ից 34 տարեկան իտալացիների 30 տոկոսը դեռ ապրում է ծնողների հետ, 15-29 տարեկան 5 երիտասարդներից մեկը «դուրսն է մնացել»՝ ոչ սովորում է, ոչ վերապատրաստվում, ոչ էլ աշխատում: «Մենք մի ողջ սերնդի տանում ենք դեպի սեւ խոռոչ», փաստում է Չելլին:
***
Բարձրագույն կրթություն չունեցող իտալացիները հաճախ աշխատանք են ստանում «սեւագործ տնտեսությունում», համաձայնելով ամեն տեսակի գործ անել, սակայն համալսարան ավարտածները, այսինքն ավելի մեծ ակնկալիքներով երիտասարդները, շատ ավելի մեծ դժվարությունների են հանդիպում՝ իրենց որակավորմանը համապատասխանող աշխատանք փնտրելիս: 25-29 տարեկան բուհավարտ իտալացիների շրջանում գործազրկությունը կազմում է 14 տոկոս՝ երկու անգամ ավելի, քան մնացած Եվրոպայում եւ շատ ավելի բարձր, քան պակաս կրթված իրենց հասակակիցների շրջանում:
Իտալացիներն այսպիսի մի հիմնախնդիր ունեն՝ գերոնտոկրատիա, կամ տարեցների իշխանություն: Իտալիան միշտ տառապել է հիերարխիկ համակարգից, երբ ջահելները օտարված են իշխանությունից այնքան ժամանակ, մինչեւ չհասնի կառավարելու իրենց հերթը: 37-ամյա Ֆեդերիկո Սոլդանին, որը 2000 թվականին Պիզայից տեղափոխվել է Վաշինգտոն եւ լավ աշխատանք ստացել, փաստում է. «Հերթն այլեւս չի շարժվում»: Որոշ մասնագիտությունների, օրինակ, հանրային նոտարի պաշտոնի մատչելիությունն այնքան սահմանափակ է, որ դարձել է ամբողջովին ժառանգական: Մի երկրում, որտեղ հաջողությունը կառուցված է հովանավորչության եւ ազգակցական կապերի վրա, միայն վերնախավի ներկայացուցիչների բարեկամներն ու երեխաները առաջ շարժվելու շանս ունեն, փաստում է «Time»-ը:
Մնացածի համար աշխատանքը սահմանափակ է, ցածր վարձատրվող եւ պատասխանատվությունից զուրկ: Դիպլոմավոր իտալացին իր հայրենիքում կստանա ընդամենը 58 տոկոսն այն աշխատավարձի, որը նրան կտան ԱՄՆ-ում:
Բայց միայն բարձր աշխատավարձը չէ, որ հրապուրում է երիտասարդ արտագաղթողներին՝ դա նաեւ փախուստ է ձանձրալի ու անհեռանկար աշխատանքից: «Եթե դու երիտասարդ ես, Իտալիայում դու պրոբլեմ ես, այլ երկրներում քեզ դիտում են որպես ռեսուրս», ասում է 29-ամյա Սիմոն Բարտոլինին, որը Սիդնեյ է տեղափոխվել այն բանից հետո, երբ Հռոմի գովազդային ընկերության նոր ղեկավարն անկեղծորեն զգուշացրել է. «Մենք քեզ հանգիստ չենք թողնելու»: Եվ նա չդրժեց իր խոստումը: «Ցանկացած գաղափարս մերժվում էր, ամեն ինչի պատասխանը «ոչ» էր, յուրաքանչյուր թերացումս հայտնվում էր լուսարձակի տակ», գանգատվում է Բարտոլինին, որը հաջող կարիերա է արել Ավստրալիայում: «Իտալիայում կատարողներ են պետք, ոչ թե մտածողներ»:
Երիտասարդ իտալացիները լավ գիտեն, որ պետությունն իրենց հիմնախնդիրները չի լուծի՝ երկրի քաղաքական դաշտը ճահճացած է: Իշխանավորներն այնքան են զբաղված ներկոալիցիոն գզվrտոցով, որ այլ խնդիրներ լուծելու ժամանակ չունեն: Իտալիայի սկլերոտիկ քաղաքական մշակույթը չի կարողացել ծնել բարեփոխումների ջատագով երիտասարդ այնպիսի լիդերներ, ինչպիսիք են Բարաք Օբաման, Դեյվիդ Քամերոնը կամ Նիկոլա Սարկոզին: Քաղաքական դերակատարների շրջանակը չի նորացել 1990-ականների սկզբներից, եւ զարմանալի չէ, որ երիտասարդ իտալացիներն այնտեղ տեղ չունեն:
  ***
Իտալական արտագաղթը այդքան ցավագին չէր լինի, եթե գնացողներին համոզեին վերադառնալ՝ իրենց փորձառությամբ: Եվ իրոք, տարիների անտարբերությունից հետո կառավարությունը փորձում է ինչ-որ բան անել: Պատգամավորներից մեկն առաջարկել է հարկային արտոնություններ տրամադրել այն իտալացիներին, ովքեր վերադառնում են առնվազն երկու տարի արտասահմանում ապրելուց հետո: Այնպես չէ, որ իտալացիները ցանկանում են հեռանալ՝ նրանք ամուր կապված են հայրենի հողի հետ: Բայց երբ երիտասարդ արտագաղթածները մտադրվում են վերադառնալ, իրենց հետ բերելով մի քանի տարի արտասահմանում աշխատելու փորձը, նրանք համոզվում են, որ հայրենադարձությունը իրենց պատկերացրածից շատ ավելի բարդ է՝ երկիրը չի սպասում նրանց: «Քեզ հենց այդպես էլ ասում են», փաստում է 32-ամյա Ելենա Յաննին, որն աշխատում է Լոնդոնի հայտնի բանկերից մեկում եւ 100-ից ավելի անպատասխան դիմում է հասցեագրել Իտալիայում գործող առաջատար ընկերություններին եւ գործակալություններին:
Այսպիսով, եզրափակում է «Time»-ը, այս երկիրը չի կարողանում դուրս պրծնել արատավոր շրջանից: Տնտեսության լճացումը շարունակվելու է, քանի դեռ Իտալիան վանում է նորարարական գաղափարներ կրող երիտասարդներին: Մինչդեռ յուրաքանյուր հեռացած երիտասարդ՝ մեկ կորցրած ձայն է բարեփոխումների օգտին: Այս թանկագին ռեսուրսը պահպանելու մեկ այլ շանս Իտալիան կարող է այլեւս չունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել