Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներկայացնում են ֆրանսիացի տարեցները

Նոյեմբեր 30,2010 00:00

Ալավերդիում իրականացվում է «Թոշակառուներ առանց սահմանի» կրթական ծրագիրը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունը դեռեւս 1880 թվականին է ձեւավորվել, երբ ֆրանսիական կապիտալի շնորհիվ Ալավերդու պղնձարդյունաբերությունը զարգացավ, հույն հանքագործների բաժնետիրական ընկերությունը 1897 թվականին վերակազմավորվեց կովկասյան արդյունաբերական մետաղագործական ընկերության, կառուցվեցին հիդրոէլեկտրակայան, նոր գործարան, քարաշեն բանվորական կացարաններ եւ վարչական աշխատողների համար առանձնատներ, ինչպես նաեւ օժանդակ հասարակական այլ օբյեկտներ: Ալավերդիում պղնձի արտադրությունը դրվեց արդյունաբերական հիմքի վրա:
Բնակավայրի 10 դպրոցներում ներդրվեց ֆրանսերեն լեզու առարկան եւ մինչեւ 1980-ականների վերջը ֆրանսերենը ուսումնասիրվում էր որպես օտար լեզու: Դպրոցներ կային, որ ֆրանսերենի հետ անգլերեն էին սովորում՝ ըստ նախասիրության: Անկախության առաջին տարիներին դպրոցականներին ավելի շատ հետաքրքրում էր նորաձեւ դարձած անգլերեն լեզուն: Տարեցտարի ֆրանսերենը հետ մղվեց, նաեւ մասնագետները պակասեցին:
Հին ավանդույթներն ու երբեմնի հայ-ֆրանսիական բարեկամությունը վերականգնվեց 2006թ.-ին՝ Ալավերդի եւ Մարսել քաղաքների միջեւ բարեկամության պայմանագիր ստորագրվեց: Մարսելի Քամիլ Ժուլիան լիցեյի դասախոսները Ալավերդու արհեստագործական ուսումնարանում վերսկսեցին ֆրանսերեն լեզվի դասավանդումը, սովորածը գործնականում կիրառելու համար կազմակերպվեցին նաեւ այցեր Ֆրանսիա:
Նոյեմբերին հերթական անգամ Ալավերդի էին եկել Մարսելի Քամիլ Ժուլիան լիցեյի ներկայացուցիչները՝ «Թոշակառուներ առանց սահմանի» ծրագրով: Առաջին տպավորությամբ ենթադրում ես, թե հարցը թոշակառուներին է վերաբերում: Բայց խոսքը ոչ թե մեր թոշակառուների մասին է, այլ իրենց՝ ֆրանսիացիների: «Ալավերդի եկած պատվիրակության կազմում հիմնականում թոշակառուներ էին, դրա համար էլ ծրագիրն այդ անունն ուներ»,- ասաց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:
Քաղաքապետի փոխանցմամբ՝ «Թոշակառուներ առանց սահմանի» ծրագիրը կրթական է. ֆրանսիացի տատիկ-պապիկները լոռեցի օտար լեզուներ ուսումնասիրող պատանիների եւ աղջիկների համար ֆրանսերենի դասընթացներ կկազմակերպեն, ապա նորաթուխ ուսուցիչներին կօգնեն դպրոցում:
Ալավերդու ղեկավարությունը չի պատրաստվում ծրագիրը ներդնել առանց ծնողների համաձայնության: Նրանց հետ քննարկումներից հետո միայն պարզ կդառնա՝ այդ համայնքի դպրոցականներին պե՞տք է արդյոք ֆրանսերենի ուսուցումը: «Եթե ծնողների հետ համաձայնության գանք, երկու դպրոցներում որպես օտար լեզու կուսուցանվի ֆրանսերենը»,- փոխանցեց քաղաքապետը: Հաշվի առնելով Ալավերդու աշխարհագրական դիրքը, ֆրանսերեն ուսուցմամբ դպրոցները կընտրվեն ըստ ռելիեֆի. մեկը քաղաքի բարձրադիր վայրում, մյուսը՝ ներքեւում: Դպրոցներում արտաժամյա պարապմունքներ կկազմակերպվեն, որոնց կմասնակցեն նաեւ ծնողները. Ցանկություն կա 2012 թվականից ծրագիրը ներդրնել նաեւ Ալավերդու վեց նախակրթարաններում: Ըստ քաղաքապետի՝ առաջարկ է եղել մանկապարտեզի մասնաշենքերից մեկը հատուկ այդ նպատակով առանձնացնել, կահավորել եւ լրացուցիչ վարձավճարով աշխատող ունենալ: Դեռ մտածում են:
«Բնականաբար՝ տարեցտարի ծրագիրը կբարդանա, երեխաներն ու ծնողները իրար օգնելով կսովորեն»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել