Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ջրծաղիկը նահանջում է

Նոյեմբեր 30,2010 00:00

Նոյեմբերին Սյունիքի մարզկենտրոն Կապանի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում մեծ տարածում է գտել ջրծաղիկ հիվանդությունը: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վարակաբան Աիդա Բադալյանի, ընթացիկ ամսվա ընթացքում գրանցվել է ջրծաղիկով վարակման ավելի քան 130 դեպք: Բարեբախտաբար, արձանագրված դեպքերը հիմնականում ուղեկցվում են առանց բարդությունների: «Վերջին օրերին բավականին նվազել են դեպքերը: Ուրբաթ օրվանից մինչեւ այսօր ջրծաղիկի ընդամենը 9 նոր դեպք է գրանցվել, ինչը խոսում է այն մասին, որ վարակը սկսել է մարել»,- ասում է Աիդա Բադալյանը:
Վարակված երեխաներին արգելվում է հաճախել դպրոց եւ մանկապարտեզ, կրթօջախներում շարունակում են հսկողական աշխատանքներ իրականացնել՝ վարակը շուտ հայտնաբերելու եւ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկելու համար:
Կապանցիները խոսում էին, թե հնարավոր է, որ դպրոցներում դասաժամերը կրճատվեն կամ դասապրոցեսը ընդհատվի մի քանի օրով: Սակայն Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը «Առավոտին» փոխանցեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, դպրոցներում շարունակվում են կանոնավոր դասապրոցեսները: «Միայն շաբաթ օրը Կապանի թիվ 1 կրթահամալիրում դադարեցրել էինք դասապրոցեսները, քանի որ այստեղ մեծ թվով երեխաներ էին ջրծաղիկով վարակվել: Շաբաթ եւ կիրակի օրերին տարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ վարակված երեխաները մեկուսացված են, այժմ կրթօջախում նորմալ հունով ընթանում են դասապրոցեսները»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել