Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ՞

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները վստահ են, որ իշխանությունները շատ շուտով ստիպված կլինեն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել:

Շիրակի մարզի ամենաըմբոստ ու ընդդիմադիր գյուղում՝ Ձորակապում, պայմանական վաղաժամկետ ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի հայրական տանը հանգստյան օրերին հյուրընկալվել էր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով էլ մասնավորապես ասաց, որ իշխանություններն «իրենց դեմքը փրկելու համար» քաղբանտարկյալների ազատ արձակման տարբեր ձեւեր են կիրառելու՝ «՚ժամկետի մեկ երրորդը, կեսը լրանալու, մեկին հիվանդության պատճառով են ազատ արձակելու, մյուսներին առանց դիմում գրելու են ներում շնորհելու, քանի որ վերջիններս դիմում գրողներից չեն»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը շատ ավելի կոնկրետ ժամանակ մատնանշեց՝ մինչեւ հունվարի կեսը՝ Պրեսկոտի Հայաստան այցելելը, միջազգային ճնշման ներքո Հայաստանի բանտերում այլեւս քաղբանտարկյալ չի մնալու: Իսկ մի՞թե այս պահին նույն միջազգային կառույցները կթույլատրեն ՀԱԿ-ին՝ գնալ իշխանափոխության, այս հարցը «Առավոտը» ուղղեց պարոն Տեր-Պետրոսյանին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գյումրիում ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստներ կարծիք էին հայտնել, որ միջազգային կառույցներն ու գերտերությունները այնպես են հիասթափվել ՀՀ իշխանություններից, որ առաջին դեմքերի մակարդակով սկսել են համագործակցել ՀԱԿ-ի հետ՝ կարծես թե այլեւս չխոչընդոտելով իշխանափոխությանը: «Որ չխանգարեին, վաղուց էինք հասել իշխանափոխության, դեռ շարունակում են մեզ խանգարել, բայց կփոխվի»,- վստահեցրեց առաջին նախագահը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն էլ մեկ անգամ եւս փաստեց. «Մենք հակված ենք ու ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները լինեն արտահերթ, ու առաջինը արտահերթ լինեն նախագահական ընտրությունները, միայն դա է, որ հասարակությանը փոփոխության հույս կբերի, միայն էդ տարբերակն է, որ ինչ-որ տեղ Ղարաբաղի հարցի ղարաբաղանպաստ, հայանպաստ լուծման նոր հնարավորթյուններ կստեղծի՝ նոր մարդկանցով: Մնացած բոլոր դեպքերը տանելու են փակուղի եւ տանելու են էնպիսի իրավիճակի, որից հետդարձի ճամփա չունենանք: Եվ էս իշխանությունները, եթե սիրում են Ղարաբաղը, եթե համարում են իրենց հայրենիքը, պիտի հասկանան ու խնդիրը չհասցնեն էդ կետին, ժամանակից շուտ դա անեն, որ գոնե Ղարաբաղում իրենց հարգեն»,- ասաց Արամ Սարգսյանը: Վարդաշենի քրեակատարողականից օրերս պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանից էլ հետաքրքրվեցինք բանտի պայմանների մասին: Նա չհամաձայնեց, թե Ձորակապը ընդդիմադիր գյուղ է. «Ձորակապը ոչ թե ընդդիմադիր գյուղ է, այլ մարդկանց մեծամասնությունը մտածում է արդար, պայքարում է արդարության համար, դրա համար դառնում է արհեստական ընդդիմադիր: Գյուղը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին ձայն չտվեց, այստեղից նա զրո ձայն հավաքեց, որովհետեւ գյուղացիները մտածում էին, որ Մուշեղը, լինելով իրենց համագյուղացին, չի գործել այդ հանցանքը, անօրեն ձեւով նրան բռնում, դատապարտում, կալանավորում են դեռեւս 2001թ.-ից, դրա համար էլ ձայներ չտվեցին: Իսկ հաջորդ ընտրություններին տոկոսները ինչ-որ չափով կիսվեցին, եւ դա կաշառելու պատճառով էր: Մարդիկ գտնվեցին, որ ապրելու հնարավորություն չունեին, իրենց համար 5000 դրամը մեծ փող էր, դրա համար էլ խաբվեցին»: Ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, Մուշեղ Սաղաթելյանը չբողոքեց բանտի պայմաններից: «Էսօրվա մեր Հայաստանի բյուջեի հնարավորության սահմաններում այնքանով, ինչքանով որ այնտեղ հնարավորություն կա նսեմացած չապրելու համար, նորմալ է: Բայց եվրոպական չափանիշներով մեկ կալանավորը պետք է ունենա 4 քմ տարածք: 100 տեղանոց գաղութ է, բայց իրենք բերում են 120 հոգի, մարդկանց բերում են, չեն ֆայմում, թե եկեք օրենքը կիրառենք եւ ովքեր նորմալ մարդ են, վաղակետ պայմանականով չմերժենք, ազատ արձակենք»:
Մուշեղ Սաղաթելյանին պիտի վաղաժամկետ ազատ արձակեին դեռեւս սեպտեմբերի 1-ին, սակայն առանց «ավելորդ» պարզաբանման նրան մինչեւ նոյեմբերի 24-ը պահեցին բանտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել