Լրահոս
Օրվա լրահոսը

Աճպարարություն

Նոյեմբեր 30,2010 00:00

ԱԺ իշխանությունը յուրացվել է

«Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 2-ի համարում հրապարակվեց «Իրավական պետությո՞ւն, թե՞ ջեբկիրություն» խորագրով նյութը, կապված ԱԺ-ի կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի հետ:
Թեեւ Սահմանադրության 35 հոդվածում խոսք է գնում այն մասին, որ. «յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի… իրավունք», որը չի կարող պակաս լինել աշխատող կնոջ միջին աշխատավարձից, նոր օրենքի հիմքում դրվել է սահմանադրականին հակասող այլ փիլիսոփայություն, ըստ որի՝ հղի եւ ծննդաբերած կինը ստանում է ոչ թե վճարովի արձակուրդ, այլ՝ նպաստ, ինչը նշանակում է, որ պետությունն ինչքան ցանկանա, այդքան նպաստ կվճարի, չի ցանկանա, ընդհանրապես չի վճարի՝ դա հանելով նպաստների ցանկից, իսկ աշխատող կնոջ միջին աշխատավարձը դրա հետ կապ չունի:
Այս անգամ պետական իշխանությունը ցանկացել է, որ 150 000 դրամը գերազանցող աշխատավարձ ստացող հղի կանայք նպաստի ձեւով հղիության եւ ծննդաբերության աշխատավարձ ստանան իրենց աշխատավարձից երկու, երեք եւ ավելի անգամ պակաս գումարի չափով, ինչը խթանելու է այդ կատեգորիայի կանանց մոտ ծնելիության նվազմանը: Վաղը ցանկություն կհայտնվի այդ գումարն էլ ավելի պակասեցնել եւ առավելագույն չափը սահմանել 10 000 դրամ, անկախ հղի կնոջ աշխատավարձի չափից:
Ակնհայտ է, որ նշված օրենքով սահմանափակվում են հղի կանանց իրավունքները:
Արդեն իսկ հայտարարել եմ, որ անշահախնդրորեն կնպաստեմ այն հղի (անկախ ամսից) կանանց խախտված իրավունքների վերականգնմանը, որոնք օրենքի ընդունման պատճառով զրկվելու են իրենց աշխատավարձի չափով վճարովի արձակուրդ ստանալու իրավունքից: Կարելի է փորձել պաշտպանել նաեւ օրենքի ընդունումից հետո հղիացած կամ այդ պատճառով երեխա ունենալու մտադրությունից հրաժարված կանանց իրավունքները: Բայց այժմ մեկ այլ երեւույթի մասին, որն այլ կերպ, քան աճպարարություն, չեմ կարող անվանել:
ԱԺ պաշտոնական կայքում առկա է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 3-րդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունված տեքստը, որն էլ, պետք է որ ուղարկված լիներ նախագահի ստորագրմանը (տես՝ parliament.am կայքը): Առկա է նաեւ օրենքի ընդունման սղագրությունը, որից երեւում է, որ այն 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է մեկ քվեարկությամբ. կողմ 61, դեմ 20, ձեռնպահ 1 ձայն:
Սղագրության համաձայն՝ 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ օրենքում որեւէ փոփոխություն չի կատարվել: Նշված օրենքի 31 հոդվածի 1-ին մասի համաձայն, «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից…»:
Ասում են, որ օրենքը պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու է 01.12.10թ. եւ նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու: Նման բան կարող է տեղի ունենալ մի դեպքում միայն. եթե օրենքի 31 հոդվածի վերը մեջբերված դրույթը փոփոխվել է:
ՀՀ Սահմանադրության 62 հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, այսինքն օրենք ընդունելու եւ այն փոփոխելու լիազորությունը բացառապես ԱԺ-ինն է (բացառությամբ հանրաքվեների):
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 72 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է հանրապետության նախագահին:
Սահմանադրության 55 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:
Հարց է ծագում, եթե օրենքի 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված տեքստում ուժի մեջ մտնելու տասնօրյա ժամկետ է սահմանված, ով եւ որտե՞ղ է ԱԺ-ի լիազորություններին տիրացել, ԱԺ-ի իշխանությունը յուրացրել եւ օրենքի մեջ կատարել փոփոխությունը, որի համար, ի դեպ, քր. օր-ի պետական դավաճանությունը հոդվածին հաջորդող 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելը) 10-15 տարվա ազատազրկում է սահմանված:
Միգուցե թշնամին ցանկանում է պետական բարձրագույն իշխանությունը կրող անձանց «պոդստավկա» անել: Չեմ բացառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել