Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՅՐ Է ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ

– Պարոն Մանուկյան, Հայաստանի դատական համակարգում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորները «հատուկ կարծիք» հայտնելու իրավունք ունեն, սակայն հայտնի է, որ այն ենթակա չէ հրապարակման, ուստի դատավարության կողմերի համար այդպես էլ պարզ չի լինում, թե գործը քննող դատավորներից ո՞վ է ունեցել այլ համոզմունք: Ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին, արդյո՞ք «հատուկ կարծիքը» չպետք է լինի հրապարակային:
– Նախ ասեմ, որ «հատուկ կարծիքի» ինստիտուտը կիրառելի է միայն կոլեգիալ դատական քննության պայմաններում: Այդ պատճառով է, որ այն կապվում է վերաքննության եւ վճռաբեկության հետ: Եթե մենք առաջին ատյանի կարգով կոլեգիալ քննվող գործեր ունենանք, ապա հատուկ կարծիքի իրավական հնարավորությունը պետք է նախատեսվի նաեւ առաջին ատյանում: Հատուկ կարծիքը (անգլերեն՝ Minority Report կամ Separate opinion) իրավագիտական հասկացություն է, որը նշանակում է դատական կոլեգիայի կազմում ընդգրկված դատավորի առանձին փաստաթղթի տեսքով կազմվող իրավական դիրքորոշում, որը տարբերվում է դատական կազմի մեծամասնության կարծիքից (լատիներեն՝ votum separatum):
Որքան թափանցիկ եւ ժողովրդավարական է դատական համակարգը, այնքան այն ավելի հանդուրժող մոտեցում ունի հատուկ կարծիքին եւ, հետեւաբար, այնքան ավելի բաց է քննադատության եւ հրապարակային քննարկումների համար:
Հատուկ կարծիքի չհրապարակման հիմնական փաստարկները դատական ակտի անսասանությունն ու դատական իշխանության հեղինակությունն են: Սակայն իրապես դատարանի հեղինակությունը եւ դատական ակտի ուժը որոշվում են ոչ թե նրանով, թե քանի դատավոր է քվեարկել դրա օգտին (չէ՞ որ օրենքի ընդունումից հետո էական չէ, թե քանի ձայնով է այն ընդունվել պառլամենտում), այլ որքանով է այն օրինական եւ իրավական, հիմնավորված եւ փաստարկված, որքանով է այն ընկալելի իրավական եւ հասարակական գիտակցության կողմից: Շատ ընդհանրական, փիլիսոփայական պրիզմայով «հատուկ կարծիքի» ինստիտուտը մեկնաբանվում է որպես փոքրամասնության իրավունք՝ ունենալու այլ կարծիք կամ առաջարկելու այլ լուծում:
– Ինչպիսի՞ն է այս առումով միջազգային փորձը: Որքանով ինձ է հայտնի, առանձին երկրներում դատավորների հատուկ կարծիքները նույնիսկ հրապարակվում են առանձին ժողովածուներում:
– Զարգացած եւ թափանցիկ համակարգերում հատուկ կարծիքը ենթակա է հրապարակման: Ավելին, եթե խոսքը վերաբերում է բարձրագույն դատարաններին (Գերագույն, վճռաբեկ, վերաքննիչ), ապա նման կարծիքը ոչ միայն հրապարակվում, այլեւ անցնում է հրատարակման եւ հրապարակայնացման բոլոր ընթացակարգերը, որոնք սովորաբար նախատեսված են լինում դատական ակտի համար: Ընդ որում, առանձին ժողովածուներում հրապարակվելու պրակտիկան տարածված չէ: Հաճախ կարելի է հանդիպել դատական գործերի, երբ դատական ակտի հետ միասին հրապարակվող հատուկ կարծիքները (մեկ կամ մի քանի դատավորների) ծավալով շատ ավելի ընդգրկուն են, քան բուն դատական ակտը: Ամենաակնառու օրինակը, թերեւս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Իմիջիայլոց, վերջերս ընդդեմ Ռուսաստանի կայացված դատական ակտերից մեկում հատուկ կարծիք ներկայացրած դատավորների թվում էր ԵԴ նախագահը: Հատուկ կարծիքի հրապարակման ինստիտուտը տարածված է նաեւ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատարանների գործունեության մեջ:
Այս հարցում որակական այլ մոտեցում ունեն նախադեպային իրավունքի երկրները, մասնավորապես ԱՄՆ-ի իրավական համակարգը: Ամերիկյան դատավորի հատուկ կարծիքը, որը միշտ ենթակա է հրապարակման, ակտիվորեն ներազդում է դատական պրակտիկայի եւ օրենքի վրա: Այս ազդեցությունը հատկապես ակնառու է ֆեդերալ վերաքննիչ դատարանների մակարդակում: Երբ այդ տարածքային դատարաններից մեկի դատավորը չի համաձայնվում իր գործընկերների տեսակետին, նա նախազգուշացնում է մնացած 12 դատական օկրուգների վերաքննիչ դատարաններին՝ չշտապել հապճեպորեն ընդունելու նմանատիպ կանոններ: Եթե հանկարծ վերաքննիչ դատարանների պրակտիկայում հայտնվում են դատական ակտեր, որոնք համահունչ են նախկինում հրապարակված հատուկ կարծիքին, առաջանում է իրավիճակ, որը պահանջում է Գերագույն դատարանի միջամտությունը:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավոր Սկալիան գտնում էր, որ հատուկ կարծիքները ոչ թե նսեմացնում, այլ բարձրացնում են դատարանի հեղինակությունը: Ընդ որում, նա հիշատակում էր ԳԴ որոշումներից մեկը, որը պատմական հեռանկարում դիտարկվում է որպես անթույլատրելի սխալ: Սակայն ԳԴ հեղինակությունն ինչ-որ տեղ փրկում է այն փաստը, որ որոշ դատավորներ այնուամենայնիվ տեսնում էին դրա սխալականությունը եւ հեռատեսորեն ներկայացնում հատուկ կարծիք: Դասական օրինակ է դատավոր Հարլանի հատուկ կարծիքը «Պլեսսին ընդդեմ Ֆերգյուսոնի» գործով: Այդ որոշման մեջ, որն ընդամենը կես դար հետո վերանայվել է «Բրաունն ընդդեմ Կրթական խորհրդի» գործով, ասվում է, որ չնայած բոլոր քաղաքացիների համար հավասար իրավական պաշտպանության մասին սահմանադրական դրույթին, Լուիզիանա նահանգը կարող էր որոշել, որ երկաթգծում նախատեսված լինեն առանձնացված վագոններ սեւերի եւ սպիտակների համար: ԳԴ դատավորը գտնում էր, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը բոլոր քաղաքացիների համար ընդհանուր քաղաքացիական իրավունքների նկատմամբ թույլ չի տալիս կիրառել ռասայական տարանջատում: «Սահմանադրության կարծիքով, օրենքի առաջ այս երկրում չկա քաղաքացիների բարձրագույն, դոմինանտ, իշխող խավ: Այստեղ չկան կաստաներ: Մեր Սահմանադրությունը կույր է մաշկի գույնի նկատմամբ: Քաղաքացիական իրավունքների նկատմամբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ամենաթույլը կանգնած է նույն շարքում ամենաուժեղի հետ: Օրենքը ընդունում է մարդուն որպես մարդու: Երկու ռասաների ճակատագրերն այս երկրում անբաժանելիորեն փոխկապակցված են, եւ երկուսի շահերն էլ պահանջում են, որ բոլորի համար ընդհանուր կառավարությունը թույլ չտա ռասայական ատելության սերմերին ծլարձակել օրենքի հովանու ներքո»,- ասել է նա:
Ոչ ոք չի հերքի, որ հատուկ կարծիքը ծառայում է նաեւ որպես դատարանում ընթացող իրավաբանական բանավեճերի մասին հանրությանը իրազեկելու կարեւոր աղբյուր:
– Դատական ատյաններում դատավորների հատուկ կարծիքները պահվում են տվյալ դատարանի նախագահի մոտ, այդպես է եղել նաեւ Ձեր նախագահության օրոք: Ի՞նչ եք կարծում, արդյոք սա լրացուցիչ լծակ չէ՞ հայտնաբերելու անցանկալի եւ «անհնազանդ» դատավորին:
– Չգիտեմ որտեղից Ձեզ այդ տեղեկությունը, սակայն իմ օրոք նման բան չի եղել: Օրենքը նման պահանջ չի նախատեսում, եւ հետո՝ ի՞նչ է, դատարանի նախագահը այլ զբաղմունք չունի՞: Ես կարծում եմ, որ ոչ մեկին հայտնաբերելու կարիք չկա, դատավորի հատուկ կարծիքը պետք է հրապարակային լինի, հասու ոչ միայն գործընկեր դատավորներին կամ վերադաս ատյանի դատավորներին, այլեւ հասարակությանը: Եթե դրա արդյունքում ի հայտ գա կասկած մեծամասնության կամ հատուկ կարծիք ներկայացրած դատավորի գրագիտության նկատմամբ, նշանակում է այդ ինստիտուտը եւս մի դրական արդյունք տվեց: Ցավոք, մեր դատական համակարգում «հատուկ կարծիք» երեւույթը տարածված չէ, ավելին ասեմ, շատ հազվագյուտ երեւույթ է: Սա խոսում է որոշակի բաների մասին: Դատական համակարգում իմ 10-ամյա գործունեության ընթացքում նման թերեւս 1 դեպք եմ հիշում. վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանն էր կարծեմ ներկայացրել հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով պալատի դատավորների մեծամասնության կարծիքին: Այն ժամանակ շատերը անթաքույց զարմանքով էին ընդունել այս փաստը: Սակայն ես սրա մեջ ոչ միայն չեմ տեսնում որեւէ արտառոց փաստ, այլեւ համարում եմ կոլեգիալ արդարադատության էությանը շատ մոտ երեւույթ:
Ցավոք կոլեգիալ քննության պրակտիկան դատական համակարգում, դեռեւս նախկին կոմունիստական արդարադատական համակարգից սկսած, չի համապատասխանում իրական կոլեգիալության սկզբունքներին: Սա նաեւ շատ այլ, հետտոտալիտար երկրների արդարադատական համակարգերի թերությունն է: Իսկ դրա արմատները գնում են դեպի ժողատենակալների ինստիտուտը: Եթե հիշում եք, սա խորհրդային կոլեգիալ արդարադատության ֆարս էր, երբ հրավիրյալ ատենակալները պրոֆեսիոնալ դատավորի համար ստեղծում էին սոսկ կոլեգիալության շղարշ: Իրականում նրանցից ոչ մի բան կախված չէր: Օրենքը նախատեսում էր, իհարկե, որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ատենակալի համար իր առարկությունները գրավոր ձեւակերպելու եւ հատուկ փակված ծրարով գործին կցելու հնարավորություն: Այն ենթակա էր բացման միայն վերադասության կարգով գործի վերանայման ընթացքում: Իրականում այդ ծրարները չէին էլ բացվում: Նման դեպքերն իհարկե եզակի էին ողջ խորհրդային արդարադատության պատմության մեջ: Այս կամ այն ձեւով այս կարգը մինչեւ վերջերս պահպանված էր մեր օրենսդրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել