Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածին է մահացել

Նոյեմբեր 30,2010 00:00

Ինչպես միշտ, բժիշկները երեխայի մահվան մեջ իրենց մեղքի բաժինը չեն տեսնում

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտին կից ծննդատանը (Հանրապետական հիվանդանոց) նորածին է մահացել: 4 կիլոգրամ քաշով եւ 54 սմ հասակով ծնված փոքրիկը, 4 օր շարունակ պայքարելով կյանքի համար եւ այդպես էլ չկարողանալով հաղթահարել թթվածնային քաղցը՝ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քանի որ մեր երկրում, հիմնականում, բժշկական սխալներն անապացուցելի են, ծնունդն ընդունող բժիշկը եւ բուժհիմնարկի տնօրինությունը նորածնի մահվան մեջ իրենց մեղքի բաժինը չեն տեսնում: Մինչդեռ «Առավոտի» հետ զրույցում երեխայի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Համբարյանը, համոզված պնդում էին, որ իրենց առաջնեկը հենց բժշկի մեղքով է մահացել. «Ես անընդհատ բժշկի խոսքերն եմ հիշում, երբ ծննդաբերության ժամանակ նա կրկնում էր, որ պտուղը մեծ է, իսկ իմ կոնքերը փոքր, այսինքն՝ պտղի եւ կոնքերի անհամապատասխանություն էր, այդ պատճառով էլ երեխան չէր կարողանում դուրս գալ: Ծննդաբերությունը շատ երկար տեւեց՝ մոտ 3 ժամ: Երեխան ծնվեց բավականին վնասվածքներով: Հենց ծնվելուց հետո ես տեսա, թե ինչպես է այտուցվել երեխայի գլուխը: Գլխի վրա մի գլխի չափով էլ այտուց էր գոյացել: Անզեն աչքով էլ երեւում էր, թե այդ երեխան ինչ վնասվածքներով է ծնվել: Նույնիսկ կասկածներ կային, որ գլխուղեղում արյան զեղում է սկսվել, սակայն երբ սարք բերեցին ու հետազոտեցին, պարզվեց՝ նման բան չկա, մի խոսքով, ամեն կերպ փորձում էին իրենց մեղքը նվազագույնի հասցնել: Երեխան ծնվեց, ճիչ չարձակեց, բնականաբար, թոքերը չշնչեցին ու այդտեղից էլ սկսվեցին ողջ խնդիրները, պարզվեց՝ փոքրիկը պտղաջրեր է կուլ տվել, եւ թոքերը ջուր է լցվել, ինչի հետեւանքով էլ կասկածում էին, որ հնարավոր է թոքաբորբ զարգացած լինի: Ռենտգեն հետազոտությունը պարզեց, որ իսկապես թոքաբորբի օջախ է բացվել, եւ երեխային տեղափոխեցին վերակենդանացման բաժին ու ինտենսիվ թերապիայի կուրս նշանակեցին: Սակայն մեր բալիկին այդպես էլ չկարողացան փրկել»:  
Նորածնի մոր՝ Ծ. Համբարյանի խոսքերով, ամեն ինչ բարեհաջող կընթանար, եթե ծնունդն ընդունող բժիշկ Դավիթ Աբովյանը չթողներ, որ ծննդկանն իր ուժերով ազատվի, այլ ճիշտ ժամանակին որոշեր ու կեսարյան հատում աներ. «Երբ բժիշկը հասկացավ, որ ինձ մոտ կլինիկական նեղ կոնքեր են, արդեն ուշ էր: Մինչդեռ նա նախապես պետք է հետազոտեր եւ հասկանար, որ նման մեծ պտուղ ունենալու պարագայում սեփական ուժերով ծննդաբերելը շատ վտանգավոր է: Ինձ ծննդաբերության ժամկետ էին տվել մինչեւ նոյեմբերի 15-ը, բայց քանի որ ժամկետը լրացել էր, իսկ ես այդպես էլ ցավեր չունեի, դոպլեր հետազոտություն անցա, որպեսզի տեսնենք պտղաջրերի եւ ընկերքի վիճակն ինչպես է, պարզվեց ամեն բան նորմալ է, եւ բժիշկս որոշեց, որ մեկ շաբաթ էլ սպասեմ ու եթե ցավեր չունենամ՝ արհեստական ցավեր կամ կեսարյան հատում արվի: Ես նրան ասել էի, որ կեսարյանն ավելի նախընտրելի է, հատկապես, որ պտղի քաշն իմանալուց հետո բժիշկն ասաց, որ ստիմուլյացիան հակացուցված է: Սակայն, չգիտես ինչու, ծննդաբերելու օրը մինչեւ վերջ բժիշկ Աբովյանը պնդեց, որ իմ ուժերով ունենամ: Եվ այդ ամենն արվեց առանց որեւէ լուրջ զննություն կատարելու, արդյոք ես կարո՞ղ եմ այդքան մեծ պտուղ ծննդաբերել: Երբ ես նախածնարանում հրաժարվեցի, որ ինձ արհեստական ցավեր ներարկեն եւ բուժքրոջը հայտնեցի, որ բժիշկն ինքն է ասել, որ մեծ պտղի դեպքում ստիմուլյացիան անթույլատրելի է, բուժքույրը գնաց եւ կես ժամ հետո բավական բարկացած վերադարձավ՝ նշելով, որ իզուր էլ ինձ լսեց, եւ որ բժիշկն իրեն հանձնարարել է, որ ստիմուլյացիան միացնի: Դե, քանի որ բժիշկն էր ասել, համաձայնեցի՝ մտածելով, որ ինքն ավելի լավ գիտի, սակայն, երբ արդեն բուն ծննդաբերության ժամանակ հասկացանք, որ կոնքերս նեղ են եւ այդ ժամանակ էլ պնդեցի կեսարյան, նորից նա հրաժարվեց»: 
Ծովինարի ամուսնու՝ Ալբերտ Աբգարյանի խոսքերով, երբ ինքն էլ զանգահարել է ծննդկանի բժշկին եւ բաժնի վարիչին, նրան վստահեցրել էին, որ եթե բնական ճանապարհով Ծովինարի ցավերը չսկսվեն, կեսարյան հատում կանեն, սակայն մեզ հետ զրույցում Ալբերտն ասաց, որ հիմա հրաժարվում են իրենց խոսքերից եւ ասում, որ կեսարյանի մասին խոսք չի եղել. «Ճիշտ է՝ մեզ մոտ շատ դժվար է բժշկի սխալը ապացուցելը, քանի որ այլ բժիշկները իրենց կոլեգաներին «չքցելու» համար աշխատում են թաքցնել իրականությունը, բայց ես հետամուտ եմ լինելու մինչեւ վերջ, եւ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են երեխայիս մահվան մեջ, պետք է պատասխան տան»:
Այս առնչությամբ, Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը գտնում է, որ ինստիտուտի մասնագետները երեխայի մահվան մեջ մեղավոր չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել