Որ հանրապետության ցանկացած երթուղում կարող ես հանդիպել պատռված, լավագույն դեպքում՝ կարկատած, կեղտոտ նստելատեղերով, անբարեկարգ սրահով փոխադրամիջոցի՝ ոչ մեկի համար նորություն չէ: Ցավոք, դա մեր առօրյան է դարձել, ու ստիպված հանդուրժում ենք աղքատի այդ կարգավիճակը՝ մեզ մխիթարելով, որ կա այլընտրանքային տարբերակ. չես ուզում՝ մի նստիր, սպասիր հաջորդ բարեկարգին կամ օգտվիր տաքսիից:
Այս առումով շատ ավելի աննախանձելի է այն մարդկանց վիճակը, որոնք օգտվում են միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության ինքնաթիռներից: Վերջերս առիթ ունեցա թռչել Երեւան-Դուբայ-Երեւան չվերթով, որը սպասարկում է «Էյրբաս» ինքնաթիռը: Սրահի գաղջ օդը, մի քանի տեղով կարկատած կեղտոտ նստելատեղերը (լուսանկարները խմբագրությունում են- խմբ.) ոչնչով չէին զիջում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտին: Թերեւս մի տարբերությամբ, որ այս պարագայում այլընտրանք չկար: Քանի որ հնարամիտ ազգ ենք, ուղեւորները գտան լուծումը՝ չնայելով կտրոնի վրա նշված նստելատեղի համարին, իրար հրմշտելով գտնում էին համեմատաբար բարեկարգը եւ նստում: Թեեւ 150 տեղանոց ինքնաթիռը ծանրաբեռնված էր կիսով չափ, այնուամենայնիվ, բարեկարգ նստելատեղերը չհերիքեցին: Մի «քթածակով» ուղեւոր թիկնաթոռին փակցրած սպիտակ անձեռոցիկը պոկեց, փռեց նստելատեղին եւ նստեց: Մյուսները հետեւեցին նրա օրինակին: Մեկ ամիս հետո հետադարձ Դուբայ-Երեւան չվերթի ժամանակ նույն ինքնաթիռը նկարագրածս վիճակից է՛լ ավելի անմխիթար էր: Իմ դիտողությանը ի պատասխան՝ թռչող անձնակազմի անդամները, խուսափելով ներկայանալ, «կրծքով» պաշտպան կանգնեցին իրենց ավիաընկերությանը՝ արդարանալով, որ այդ «բորտն ամենահինն է, թեեւ այնքան էլ բարեկարգ չէ, փոխարենը տեխնիկապես հուսալի է»: Մի ուղեւոր էլ ռեպլիկի կարգով նետեց. «Ա՛յ քուր ջան, էդքանից էլ եմ շնորհակալ, որ բարեհաջող իջանք մեր հողին»: Նշենք նաեւ, որ հիշյալ ավիաընկերությունը այս թռիչքուղու ավիատոմսի արժեքը շատ ավելի բարձր է գնահատել, քան նույն տարածությունն ունեցող մեկ այլ չվերթի, որի դիմաց համապատասխան սպասարկում էլ չի իրականացվում: Սակայն եթե մենք սովոր ենք եւ հանդուրժում ենք նման ծառայությունից օգտվելը, ապա օտարերկրյա զբոսաշրջիկի համար, որն առաջին անգամ պետք է ոտք դնի մեր երկիր, տպավորությունը սկսում է հենց ինքնաթիռից:
Հ. Գ. Ինչպես տեղեկացանք, Երեւան-Դուբայ չվերթի դեկտեմբերի բոլոր տոմսերը վաճառված են. դա նշանակում է, որ ուղեւորները նստելատեղ փոխելու տարբերակ էլ չեն ունենալու