Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի ու հավի ժանտախտը գրոհել է Գեղարքունիքի մարզը

Նոյեմբեր 30,2010 00:00

Իսկ ինչո՞ւ են նախարարության ու մարզպետարանի ներկայացրած տվյալներն իրար հակասում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում խոզեր ու հավեր են՝ որ սատկում են՝ ժանտախտն այս մարզ էլ է հասել: Հիվանդությունը մեծ ու փոքր, գեր ու նիհար չի ճանաչում. իրար հետեւից վարակվում են: Վարակի ակտիվությունը մեծ է հատկապես մարզի Մարտունի քաղաքում եւ Վաղաշեն համայնքում:
«Այս պահի դրությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են, ախտահանություններն արդեն կատարված են… ամեն ինչ արվում է, որ տարածվածության մակարդակը չմեծանա»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության եւ վերլուծությունների բաժնի պետ Հովիկ Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ, վերջին տվյալներով, միայն Մարտունիում 400 վարակված ընտանի թռչուն է գրանցվել, Վաղաշենի վարակված թռչուններն էլ հասնում են 100-ի:
«Թռչունների ժանտախտի դեմ պատվաստանյութերի պակաս հանրապետությունում չկա, մարդիկ անհրաժեշտ քանակությամբ ձեռք են բերում, մասնագետների հետ էլ պարբերաբար խորհրդատվություն անցկացնում: Եթե հիմա էդ թռչուններին պատվաստենք, էլ խնդիր չենք ունենա»,- ասաց պարոն Մկրտչյանը: Ի տարբերություն թռչունների, խոզերի վիճակն անհուսալի է. կառավարությունը նրանց վարակից պաշտպանելու կամ փրկելու դեռ դասական միջոցներն է գյուղացուն առաջարկում: Հ. Մկրտչյանի խոսքով. «Մինչեւ 2009 թվականը թռչուններին ժանտախտի դեմ պատվաստել ենք պետպատվերի շրջանակներում, իսկ այս տարի, հաշվի առնելով ճգնաժամը, ֆինանսական կրճատումները, չենք պատվաստել, բայց համայնքի ղեկավարները տեղյակ են, նրանք էլ իրենց հերթին գյուղացիներին են տեղյակ պահում, որ ամեն մարդ իր թռչունն իր ուժերով պատվաստի: Ինչ վերաբերում է խոզերի ժանտախտին, դրա դեմ էլ չկան ժամանակակից պատվաստանյութեր, առաջարկում ենք դասական կարգի պատվաստանյութ, որը պետպատվերով արվում է: Փրկության միակ միջոցը հիվանդ խոզերին շուտ հայտնաբերելն է: Ժամանակին պետք է հոգալ, որ հիվանդությունը առողջ գլխաքանակին չվնասի»: Մարզում գյուղացիներն արդեն 90 խոզ ու 500 թռչուն են կորցրել: Թե ինչ է հարկավոր ժամանակին անել, որ ժանտախտն անասուններին չկպնի, գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս. «Ժամանակին պատվաստել է պետք: Հարկավոր է նաեւ կենդանիներին ազատել հնարավոր շփումներից, որ հիվանդներն առողջներին չվարակեն: Բայց հիշեք, որ ժանտախտը խոզից խոզին է անցնում, ընտանի թռչնից էլ ընտանի թռչնին»: ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն էլ վերջերս լրագրողների հետ զրույցում ժանտախտին անդրադառնալով՝ վստահեցնում էր. «Հայաստանի ոչ մի թռչնաֆաբրիկա վարակված չէ հավի ժանտախտով: Ժանտախտի մի քանի դեպք է գրանցվել միայն Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում: Սա շատ լուրջ խնդիր է, բայց էլի կարեւոր խնդիրներ կան, որոնք ուղղակի չենք կարող պետպատվերի մեջ ընդգրկել, որովհետեւ գումարի պակասություն ունենք»: Ըստ նրա, հիվանդության բերած վնասները շատ չեն լինելու. Հայաստանն արդեն ներկրել է հիվանդության դեմ պայքարելու միջոցներն ու տարածել մի շարք վաճառակետերում: Գյուղնախարարը հորդորեց գյուղատնտեսական ընկերություններին օգտվել այդ միջոցներից, որոնք արագ ազդեցություն են թողնում: Ուշագրավ է այն փաստը, որ չնայած գյուղնախարարության ներկայացրած այս տվյալներին, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Առավոտին» վստահեցնում էր, որ ընտանի թռչունների ժանտախտի դեպքեր մարզում դեռ չեն գրանցվել. «Չգիտեմ՝ նախարարն ինչեր է ասել, բայց ես մարզի ստորաբաժանման ղեկավարն եմ, թռչնի գրիպ, թռչնի ժանտախտ ու հավի հետ կապված հիվանդության ոչ մի դեպք մարզում չունենք»: Ինչ վերաբերում է խոզերին ու ընտանի այլ կենդանիներին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ժանտախտով հասցրել է վարակվել արդեն 600 գլուխ կենդանի: Ըստ նրա, վարակն առայժմ մոլեգնում է Մարտունի քաղաքում եւ Այգուտ գյուղում. «Արդեն 10 օր է՝ կարանտին է հայտարարվել, հիվանդության տարածվածությունն էլ արդեն նվազել է: Արգելել ենք խոզի ելումուտն այդ տարածաշրջանում, ձեռնարկվել են բոլոր տեսակի միջոցառումները՝ վարակվածներին վերացնում ենք…»: Նա էլ իր հերթին համագյուղացիներին խորհուրդ տվեց լավ հետեւել անասուններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել